Սեւիկյան 3 քույրերն ապրում են 46 հազար 600 դրամով, որը պետությունը նրանց հատկացնում է որպես հաշմանդամության թոշակ:
Հայաստան Սեւիկյանի 2 հաշմանդամ քույրերն ի վիճակի
չեն տեղաշարժվելու:
«Մենք երեք հաշմանդամ քույրերով ստանում ենք 46 հազար 600 դրամ թոշակ, անցած տարի ստացել ենք 39 հազար 900 դրամ: Ինչ է թե՝ ամեն մեկիս թոշակը 2000 դրամով ավելացել է, «Փարոսից» կտրեցին: Ասում են՝ ձեր բալերը չեն հերիքում, որ սոցիալապես անապահով համարվեք եւ այդ օգնությունից օգտվեք: Անընդմեջ դիմել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, կառավարություն, Ազգային ժողով, որից հետո 6 ամիս հրատապ օգնություն են տվել՝ 8 հազար դրամի չափով: Սակայն այս տարվա մարտից դա էլ չենք ստանում: Գոնե այդ գումարով մի քանի հաց ավելի էինք կարողանում առնել»,- իրենց ծանր սոցիալական վիճակի մասին պատմությունն այսպես սկսեց «Առավոտի» խմբագրություն այցելած երեք քույրերից ամենալավ վիճակում գտնվողը՝ Հայաստան Սեւիկյանը: Նա 3-րդ կարգի հաշմանդամ է, ունի նյարդային թուլություն եւ մի շարք առողջական խնդիրներ, ինչի պատճառով չի կարող ոչ մի տեղ աշխատանքի անցնել: Նրա խոսքերով. «Ինձ պետք է որպես հավաքարար ընդունեն, իսկ դա ծանր աշխատանք է, ես ընդհանուր առմամբ ինձ թույլ եմ զգում, անգամ նման աշխատանք չեմ կարող կատարել»:
Նրա մի քույրը՝ 57-ամյա Ազատուհին, 1-ին կարգի հաշմանդամ է՝ կույր ու անբուժելի հոգեկան հիվանդ, մյուս քույրը՝ 56-ամյա Պերճուհին էլ 2-րդ կարգի հաշմանդամ է: Նա էլ ողնաշարի խնդիրներ ունի: Երեք քույրերն էլ, բացի այն, որ հաշմանդամ են, նաեւ միայնակ անժառանգ են: Սակայն պետությունն այդ փաստն էլ հաշվի չի առել եւ, պատճառաբանելով, որ «բալերը չեն հերիքում»՝ նպաստը կտրել է: Քույրերն ապրում են իրենց միակ եղբոր հետ, հենց եղբոր բնակարանում, որտեղ գրանցված է միայն եղբայրը: «Մենք բոլորս էլ միայնակ ենք, անժառանգ, իսկ եղբայրս անգործ է, ժամանակին աշխատել է, բայց հիմա աշխատանք չկա: Ծնողներս մահացած են, հարազատ էլ չունենք, որ մեզ օգնի, ո՞նց ապրենք այդքան գումարով: Մեզ ասում են, որ միայնակ չենք, իրար հետ եք ապրում՝ որպեսզի ձեզ առանձին-առանձին որպես անապահով հաշվառենք, բայց մենք այդ տանը գրանցված չենք, դա եղբորս տունն է, նա մեզ չէր կարող փողոցում թողնել: Տեղ էլ չկա, որ դուրս գանք, գնանք առանձին ապրելու: Քույրերիցս ոչ մեկն էլ չի կարող միայնակ ապրել, նրանք մշտական խնամքի կարիք ունեն: Այդ տունն էլ 4 սենյականոց է, ամեն մեկս մի սենյակում առանձնա՞նք, առանձին ջրաչափե՞ր դնենք, զուգարան ու խոհանո՞ց սարքենք, առանձին մուտքե՞ր բացենք, որպեսզի համոզենք, որ միայնակ ենք: Մեր հարցով էլ տեղ չի մնացել, որ չդիմեմ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը խնդրում ենք, որ մեզ՝ որպես սոցիալապես շատ ծանր վիճակում գտնվողներ ու միայնակներ, ընդգրկեն նպաստառուների ցուցակում, սակայն ամեն անգամ պատասխանում են, որ մեր անապահովության աստիճանը գնահատող միավորը 30,07-ից նվազել է 28,22, ինչը ցածր է նպաստ ստանալու համար: Էլ ինչո՞ւ էին թոշակները 2 հազարական դրամով բարձրացնում, գոնե այնպես 8-10 հազար դրամ «Փարոսից» գումար էինք ստանում: Այդ ինչպե՞ս են հաշվում՝ մարդ չի հասկանում: Ես ինքս մի քանի անգամ լսել եմ, որ մեր հանրապետության նախագահը ասել է, թե թոշակի չնչին բարձրացումը չի կարող ազդել նպաստի վրա»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Հ. Սեւիկյանը: Նրա խոսքերով, թոշակի բարձրացումն իրենց ավելի շատ վնաս տվեց, քան օգուտ. «Մենք ո՞ւմ ենք խանգարում մեր միասին ապրելով ու օգնելով միմյանց, այդպես, ախր, ավելի լավ է բոլորիս համար»:
Քույրերը դիմել են կառավարությանը, որպեսզի հաշվառվեն որպես առանձին ընտանիքներ, սակայն կառավարությունից Երեւանի քաղաքապետարան ուղարկված դիմումին պատասխանել են, որ, եթե նրանք բոլորը հաշվառված են նույն հասցեում, ապրում են միասին, վարում են համատեղ տնտեսություն, չունեն առանձին բնակելի տարածք, ուստի դա հնարավոր չէ անել:
Հայաստան Սեւիկյանը դիմել է նաեւ Արաբկիրի թաղապետարան: «Թաղապետի ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ մոտեցա Ալբերտ Երիցյանին եւ օգնություն խնդրեցի մեր ընտանիքի համար: Նա խոստացավ, որ անպայման կօգնի: Ընտրվելուց հետո մի քանի անգամ ուզեցել եմ նրա մոտ գնալ, բայց թույլ չեն տվել մտնել, սոցիալական բաժնի աշխատակիցը միանվագ 5 հազարական դրամ է հատկացրել եւ որոշել են, որ այդքանով հարցը փակված է»,- ներկայացրեց Հ. Սեւիկյանը: Նա մեզ ցույց տվեց նաեւ Արաբկիրի թաղապետարանին հղած իր գրավոր նամակների պատասխանները, որտեղ ասվում էր, որ իրենց միանվագ 5 հազարական դրամներ են հատկացրել, բացի այդ՝ պատասխանել են, որ Սեւիկյանները բարեգործական ճաշարանից են օգտվել, ուստի ավելին թաղապետարանը չի կարող անել:
Քույրերը որոշել են դիմել դատարան, սակայն, ըստ Հայաստանի, դատարանի հետ էլ առանձնապես մեծ հույսեր չեն կապում: