Իրազեկողների վրա հարձակվելն արդեն ավանդույթ է դարձել
Ապրիլի վերջին երկու օրերին Հայ ազգային կոնգրեսը երկու անգամ հայտարարություն տարածեց այն մասին, որ «մայիսի 1-ի իրազեկված հանրահավաքի տեղեկատվական թռուցիկները բաժանող երիտասարդների խմբերի վրա հարձակումներ են կատարվել բանդիտական խմբերի կողմից»: Նշվել էր, որ բանդիտական խմբերի հարձակումներին ու ծեծկռտուքին ականատես ոստիկանները հրաժարվել էին միջամտել նաեւ այն բանից հետո, երբ նրանցից օգնություն է խնդրվել: Երկու դեպքում էլ թռուցիկ բաժանող երիտասարդները այդ խմբերում դեմքով ճանաչել էին քաղաքացիական հագուստով ոստիկանների: Բայց ՀՀ ոստիկանությունը մի դեպքում արդարացել էր, թե բռնություն կատարողները «իշխանության համակիր քաղաքացիներ» են, մյուս դեպքում էլ նախահարձակ եղել, թե՝ երիտասարդները, իբր, «չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին, ստեղծել են քաշքշուկ», իսկ ոստիկանության մի քանի աշխատակից մարմնական վնասվածքներ են ստացել:
Ոստիկանության այս ձեռագիրը, ինչպես նաեւ հանրահավաքների մասին իրազեկող թռուցիկներ տարածող ընդդիմության ակտիվիստների դեմ բռնության դեպքերը հենց ոստիկանության աշխատակիցների կամ «իշխանության համակիրների» կողմից արդեն ծանոթ են մեր հասարակությանը: Փորձը ցույց է տալիս, որ ամեն ընտրությունից առաջ՝ լինի դա ՀՀ նախագահի, թե Երեւանի ավագանու, որտեղ մրցակիցների ուժերը քաղաքական պայքարում անհավասար են, երբ, առավել եւս, այդ ընտրությունների համատեքստում հոլովվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ որպես թեկնածուի անունը, իշխանությունները՝ ի դեմս ոստիկանության, իրենց գործողություններում դառնում են անկառավարելի: Այդպես եղավ 2007թ.-ի հոկտեմբերի 23-ին, երբ ընդդիմության փոքրաթիվ համակիրները լրագրողների ուղեկցությամբ նոյեմբերին կայանալիք հանրահավաքի մասին, որտեղ ելույթ էր ունենալու նաեւ ՀՀ առաջին նախագահը, իրազեկող թռուցիկներ բաժանելու համար խաղաղ երթ էին կազմակերպել Երեւանի կենտրոնում: Ի՞նչ արեցին ոստիկանները: Նրանք հարձակվեցին երթի մասնակիցների վրա, «ՉԻ» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին դաժան ծեծի ենթարկելուց հետո էլ քրգործ հարուցեցին հենց ընդդիմադիրների դեմ, թեեւ այդ գործը դեռ «քնած» է ու դատարան էլ չի մտել, իսկ լրագրողին ծեծած հայտնի ոստիկանը, եւ ոչ միայն նա, այդպես էլ չպատժվեց եւ ապաստան գտավ հարազատ ոստիկանության ղեկավարության եւ իշխանությունների փեշի տակ: Այդպես եղավ նաեւ հետո եւ պարբերաբար, երբ ընդդիմության համակիր երիտասարդները փորձում էին պատերին թռուցիկներ փակցնել կամ տարածել: Ընդ որում, դրանում ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր «կրիմինալ» չկա:
Հիշենք թեկուզ ՍԴՀԿ երիտթեւի ղեկավար Նարեկ Գալստյանին թռուցիկ փակցնելիս ոստիկանության բաժին բերման ենթարկելու, հետո ծեծելու կամ Համաժողովրդական շարժման մասնակից երեք այլ երիտասարդների ՀՀԿ-ական ոմն Մելիք Գասպարյանի կողմից ծեծի ենթարկվելու փաստերը: Ոչ ոք չպատժվեց, չէ՞: Ուրեմն հիմա ինչո՞ւ ոստիկանությունը կամ «իշխանության համակիրը» պիտի փոխի իր վերաբերմունքը իր քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ եւ զսպի նրան ծեծելու իր ցանկությունը:
Ասել կուզենք, որ ընտրությունների մեջ ենք ու դեռ պիտի սպասենք նմանօրինակ էլի շատ դեպքերի: