Խճանկար ԵԽԽՎ նստաշրջանից
ՄԻԵԴ վճիռներին հակառակ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ապրիլի 27-ին հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսին, որում հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները «Մատաղիսի գործով» մեղադրվող Միշա Հարությունյանի եւ «Ա1+»-ի վերաբերյալ, թե խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան. «Այնուամենայնիվ, Միշա Հարությունյանը, որը մեղավոր էր ճանաչվել եւ ազատազրկում կրել՝ նորից դարձավ պատասխանող այդ գործով»: Իսկ «Ա1+»-ի առնչությամբ Զարուհի Փոստանջյանը հիշեցրել է, որ հեռարձակումը թվայնացնելու պատրվակով ՀՀ իշխանությունները դադարեցրին արտոնագրման մրցույթները: Եվ հետաքրքրվել է, որ եթե ԵԽ նախարարների կոմիտեն ընդունում է այն փաստը, որ Հայաստանը լիովին չի կատարել ՄԻԵԴ վերոհիշյալ վճիռները՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու, որ իրոք լուծվեն այս խնդիրները: Միգել Անխել Մորատինոսը գրավոր պատասխանել է, թե ԵԽ նախարարների կոմիտեն հետեւում է այդ երկու վճիռների կատարմանը՝ փորձելով լուծել այն խնդիրը, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն բոլոր միջոցներն այս վճիռների պայմանների կատարումն ապահովելու համար. «Դրանք ներառում են ինչպես անհատ հայցվորների որոշակի իրավունքների վերականգնման միջոցները՝ որքանով դա հնարավոր է, այնպես էլ ընդհանուր միջոցները՝ համանման խախտումների կրկնությունն ապագայում կանխելու համար: Կոմիտեն չի ավարտի այս վճիռների նկատմամբ վերահսկողությունը, քանի դեռ չի հավաստիանա, որ իրականացվել են այդ բոլոր միջոցները: Այս վճիռները քննարկվելու են 2009-ի հունիսի առաջին շաբաթվա ընթացքում կայանալիք ԵԽ նախարարների ներկայացուցիչների 1059-րդ հանդիպման օրակարգում»:
Ադրբեջանի ժողովրդավարության պատկերը
ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի շրջանակներում ապրիլի 27-ին քննարկվեց մարտի 18-ին Ադրբեջանում կայացած սահմանադրական հանրաքվեի հարցը: Զարուհի Փոստանջյանը հերթագրվել էր ելույթի համար, սակայն ինչպես նշել ենք՝ ժամանակը չբավարարեց: Այնուամենայնիվ, նրա ելույթը ներառվել է նիստի պաշտոնական արձանագրությանը մաս կազմող հավելվածում: Մի քանի մեջբերում անենք այդ ելույթից, որտեղ նա անդրադարձել է ե՛ւ Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին, ե՛ւ Թուրքիայի ղեկավարների պահվածքին, որոնք «ոչ միայն չեն ընդունում իրենց նախորդների գործած ոճիրը, այլ նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար որպես նախապայման առաջ են քաշում ԼՂՀ հակամարտության ադրբեջանանպաստ լուծումը», ե՛ւ այն հանգամանքին, որ Արցախը միշտ հայկական է եղել: Բուն հարցի կապակցությամբ տիկին Փոստանջյանը նշել է. «Ադրբեջանի ժողովրդավարության մասին խոսողները նախ թող հիշեն այդ երկրի նախագահական վերջին ընտրությունը, երբ միայն մեկ ընդգծված թեկնածու կար: Կամ՝ սահմանադրական վերջին փոփոխությունները, որով վերացվել է միեւնույն նախագահի ընտրությունը 2 անգամից ավելի չթույլատրող քաղաքակիրթ իրավանորմը: Սա՞ չէ, արդյոք, Ադրբեջանի ժողովրդավարության իրական պատկերը: Ավելի՛ն՝ Ադրբեջանի գործող նախագահը որդին է այդ պետությունը երկար տարիներ ղեկավարած նախագահի: Չեմ կարծում, հարգելի գործընկերներ, թե ժողովրդավարության ձեր պատկերացումներում դուք կարող եք տեղ տալ նաեւ ժառանգական պաշտոնափոխանցման միջնադարյան մոդելին»: Զարուհի Փոստանջյանը նաեւ նշել է, որ թեպետ եվրոպական ժողովրդավարությունը «տուրք է տալիս Ադրբեջանի հնարած՝ իբրեւ թե իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի մասին առասպելին, ակնհայտ է, որ տարածաշրջանում ներկայիս հարաբերական խաղաղության պահպանման գործում զգալի դերակատարում ունի Արցախը»:
ԼՂ խնդիրը՝ «ճանապարհային քարտեզում»
Ադրբեջանական պատվիրակության պատասխան քայլը չուշացավ: ԵԽԽՎ-ում այդ երկրի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովն ապրիլի 29-ին շրջանառության մեջ դրեց հռչակագիր՝ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածաշրջանային հարաբերությունների զարգացման համատեքստում հաշվի առնելու հրատապությունը», որի ներքո ստորագրեցին ԵԽԽՎ տարբեր երկրների 21 պատվիրակներ: Այս հռչակագրում մասնավորապես նշվում է, թե հաշվի առնելով այն ջանքերը, որոնք գործադրվում են տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ «ճանապարհային քարտեզ» համաձայնեցնելու համար, եւ որպեսզի երաշխավորվեն այս ջանքերի իրական արդյունքները՝ առաջարկվում է. «Անհապաղ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերոհիշյալ կառուցվածքում»: Սա, ըստ էության, եւս մի վկայություն է, որ այժմ այդ խնդիրը ներառված չէ «ճանապարհային քարտեզում»: Հռչակագրի ներքո ստորագրածները, որոնց շարքում են մասնավորապես Անդրեաս Գրոսսը, Հոլգեր Հայբախը, Մայքլ Հանքոքը, Անդրես Հերկելը, նաեւ առաջարկել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության հեռանկարները համակարգել՝ ԼՂ խնդիրը լուծելու միջազգային սկզբունքների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ այլ միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերի համաձայն:
Ի պաշտպանություն ջավախահայերի
Զարուհի Փոստանջյանը մի քննադատական ելույթ էլ Վրաստանի վերաբերյալ էր նախապատրաստել՝ ապրիլի 29-ին, երբ քննարկվում էր Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ պատերազմի հետեւանքների հարցը: Այս ելույթը նույնպես չհնչեց ԵԽԽՎ նիստերի դահլիճում, սակայն էլի ներառված է պաշտոնական արձանագրության մեջ: «Ժամանակակից աշխարհում ցանկացած հակամարտություն զենքի ուժով լուծելու փորձը ձախողման է դատապարտված: Վրաց-օսեթական հակամարտության հայտնի ավարտը մասամբ զսպեց տարածաշրջանի ռազմամոլներին, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարությանը, որպեսզի չսանձազերծեն նոր պատերազմ»,- նշել է «Ժառանգության» ներկայացուցիչը: Ըստ նրա՝ Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակին զուգահեռ՝ Ջավախքում ոտնահարվում են «այդ տարածքի բնիկ հայ ժողովրդի» մայրենի լեզվով ուսում ստանալու եւ սոցիալ-տնտեսական իրավունքները: Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է նաեւ Վահագն Չախալյանի ազատազրկմանը եւ կոչ արել Վրաստանին՝ վերանայել այս գործը. «Եվ որպեսզի բացառենք նոր հակամարտությունների առաջացումը՝ անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բնիկ ժողովուրդները, այդ թվում եւ՝ ջավախահայերը, հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները»: Ելույթի վերջում էլ անդրադարձել է Վրաստանի հայկական եկեղեցիների եւ հայկական գերեզմանների դեմ ոտնձգություններին՝ կարծիք հայտնելով, թե դրանք ունեն համակարգված բնույթ. «Վրաստանի իշխանությունները պետք է առավել լուրջ վերաբերվեն իրենց բազմազգ երկրի ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը պահպանելու եւ մարդու իրավունքներն առանց ազգային, կրոնական ու տարածքային խտրականության հարգելու եւ պաշտպանելու՝ ի պաշտոնե պետության ղեկավարների պարտականություններին»:
Հ. Գ. Ստրասբուրգ մեկնած այլ հայ պատվիրակները ելույթների համար չէին հերթագրվել եւ անգամ որեւէ հարց չեն տվել քննարկումների ընթացքում: Բայց ԵԽԽՎ նիստերը երկու անգամ վարել է մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ ԵԽԽՎ փոխնախագահն է: