Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում պնդեց դեռեւս 2008 թ. դեկտեմբերի 21-ին, Կոնգրեսի առաջին համաժողովում, արած իր այն հայտարարությունը, թե՝ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1-ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի: Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կողմից: Բոլոր այդ տվյալները ՀԱԿ կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամադրել Եվրախորհրդի Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգին եւ Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների»: Արդեն ասվածին ՀՀ առաջին նախագահը երեկ նաեւ հավելեց. «Նշված տեղեկությունների հավաստիությունը հաստատվում է նրանով, որ իշխանությունները կտրականապես արգելել են Փաստահավաք խմբին ստուգումներ կատարել պաշտպանության նախարարության պահեստներից մեկում, որտեղից հիշյալ ավազակախմբերը ստացել են իրենց հանդերձանքը: Հարգելով Փաստահավաք խմբի գործունեության գաղտնիությունը՝ մենք առայժմ զերծ ենք մնում այդ ավազակախմբերի պարագլուխների անունները հրապարակելուց: Այդ մարդիկ այսօր էլ բարձրագույն պետական պաշտոններ եւ ազդեցիկ տնտեսական դիրքեր են զբաղեցնում Հայաստանում: Չպետք է կասկածել, որ գալու է պահը, երբ մենք այդ անունները դարձնելու ենք հանրության սեփականությունը, եւ բոլորը համոզվելու են, թե քրեական ինչպիսի զազրելի տարրերի ձեռքում է գտնվում Հայաստանի ու նրա ժողովրդի բախտը»: