Լրահոս
Օրվա լրահոսը

Լինելու է «բարի քարոզարշավ»

Մայիս 02,2009 00:00

\"\"Ըստ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի՝ Երեւանի ավագանու ընտրություններում երեւանցին ձայնը տալու է ԲՀԿ ցուցակին, որովհետեւ վստահում է պարոն Ծառուկյանին:

Այսօրվանից սկսվում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական փուլը, եւ բոլոր մասնակից կուսակցությունները այսօր եւ վաղը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց իրենց նախընտրական մեկնարկի մասին եւ վստահեցրեց, որ ընտրողները «Բարգավաճ Հայաստանի» քարոզչության շնորհիվ կտեսնեն առավել քաղաքակիրթ, ազնիվ եւ թափանցիկ պայքար: Խաչիկ Գալստյանը ընտրակաշառքի մասին ասաց հետեւյալը. «Ընտրակաշառքի դեմ պայքարի լավագույն միջոցը մեր ժողովրդին այն պարզ ճշմարտությունը բացատրելն է, որ ընտրակաշառքը վերցնելով՝ դուք նորից ազատ եք ձեր խղճի եւ կամքի մտոք ընտրություն կատարել: Ես հաստատ համոզված եմ՝ մեր երեւանցին իր գիտակցությամբ այն աստիճանի բարձր մակարդակի վրա է գտնվում, որ այդ ընտրակաշառքները նույնիսկ վերցնելով՝ կգնա եւ ընտրություն կկատարի իր խղճի մտոք»: Նա հերքեց տեղեկությունները, որ ԲՀԿ-ն նույնպես ընտրակաշառք է բաժանում կամ մարդկանց է ցուցակագրում, եւ խնդրեց՝ եթե կան նման տեղեկություններ, հաղորդել նախընտրական շտաբ:

«Առավոտը» նկատեց, որ թեպետ պարոն Գալստյանը հերքում է ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը, սակայն առողջապահական եւ այլ կարգի օգնություններ են արվում ԲՀԿ-ի կողմից, եւ եթե այդ ամենը ընտրակաշառք չէ, ապա ինչո՞ւ դրանցից օգտվող մարդիկ հեռուստաեթերից շարունակ շնորհակալություն են հայտնում անձամբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: Խաչիկ Գալստյանը ի պատասխան՝ ասաց. «Ուղղակի մեր կուսակցության եւ մեր թիմի առանձնահատկությունն այն է, որ, իսկապես, պարոն Ծառուկյանը խարիզմատիկ այնպիսի լիդեր է, որ մեր կուսակցությունը եւ մեր բոլոր կուսակցականները այդ մեծ հովանու ներքո են գործում: Դրա համար էլ մեր ժողովուրդը իր շնորհակալությունը հայտնում է պարոն Ծառուկյանից»:

Խաչիկ Գալստյանը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն չի քննադատելու եւ չի վատաբանելու ոչ մեկին եւ իրականացնելու է «բարի, դրական, ոգեւորիչ, հույսի, հավատի» քարոզարշավ եւ ձգտելու է, որ երեւանցիները հավատի եւ հույսի ակնկալիքով մասնակցեն ընտրություններին եւ «իսկապես հավատան, որ կա քաղաքական ուժ, կա քաղաքական գործիչ՝ պարոն Ծառուկյանը, որը կարող է, եւ որը պատրաստ է այդ պատասխանատվությունը ստանձնել, եւ ինչ որ ինքը խոստացել է՝ այդ խոստումները գործի կոչել: Մեր խոսքը գործ է. սա է մեր հիմնական կարգախոսը, սա է մեր նախընտրական քարոզչության առավելությունը կամ մեխը»: Լրագրողները նկատեցին, որ մամուլի խոսնակն այնքան գովաբանեց Գագիկ Ծառուկյանին, որ տպավորություն ստեղծվեց, թե ԲՀԿ ցուցակը գլխավորում է ոչ թե Հարություն Քուշկյանը, այլ Գագիկ Ծառուկյանը: Ի պատասխան, Խաչիկ Գալստյանը նկատեց. «Այո, քաղաքապետի թեկնածուն պարոն Քուշկյանն է, ուղղակի պարոն Ծառուկյանի խարիզման, պարոն Ծառուկյանի հարգանքն ու սերը մեր ժողովրդի շրջանում այնքան մեծ է, որ պարոն Ծառուկյանին վստահելով՝ երեւանցին վստահելու է մեր թիմին եւ պարոն Քուշկյանին»: Խոսնակը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ մասնակցելու է քարոզարշավին եւ ներկայացնելու է իր կուսակցության ծրագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել