ՀԱԿ ներկայացուցիչների համոզմամբ, գործող իշխանությունները տապալել են իրենց նախաձեռնությունները թե՛ արտաքին եւ սոցիալական քաղաքականության եւ թե՛ «Յոթի» գործի ու մարտիմեկյան իրադարձությունները կեղծելու ոլորտում:
Ինչպես ընդդիմության նախաձեռնած որեւէ հանրահավաքից առաջ, այնպես էլ երեկ, ՀՀ ոստիկանությունը մարզերից դեպի Երեւան տանող բոլոր ճանապարհները փակել էր դեռ ապրիլի 30-ի երեկոյան, իսկ երեկ առավոտյան Երեւանի մուտքը «փակի» տակ էր հատկապես երթուղային տաքսիների համար: Այս անգամ, իհարկե, ոստիկանությունը քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը ավելի «քաղաքակիրթ» ներկայացնելու համար մոգոնել էր «Վահան» կոչվող մեկամսյա օպերացիան, որի նպատակը, իբր, զենք-զինամթերքի եւ թմրանյութերի հայտնաբերումն էր: Թե ի՞նչ կապ ուներ այդ օպերացիան երթուղային տաքսիների հետ՝ պարզ չէ, բայց փաստ է, որ դրանք մինչեւ հանրահավաքի մեկնարկը գործում էին լավագույն դեպքում միայն մեկ ուղղությամբ՝ Երեւան-մարզեր: Երեկ «Վահան» օպերացիան ավարտվել էր հանրահավաքի սկսվելուց 5-10 րոպես հետո:
Իսկ ՀԱԿ-ի հրավիրած երեկվա «արտոնված» հանրահավաքն ու «չարտոնված» երթն անցան առանց միջադեպերի:
Հանրահավաքի առաջին ելույթը ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանինն էր: Նա խոսեց նախ, իր ձեւակերպմամբ՝ «ուղիղ 14 ամիս առաջ իշխանությունների կողմից կազմակերպված սպանդի»՝ մարտիմեկյան իրադարձությունների, դրանք ուսումնասիրող եւ ընդդիմության ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբի կողմից արված եւ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքներին վերաբերող առաջին բացահայտման մասին: «Այդ 14 ամսում իշխանությունները իրենց ողջ կառուցվածքն օգտագործել են իրենց կատարած ոճրագործությունները թաքցնելու համար: Քննությունն ամեն ինչ արել է՝ կեղծելու, թաքցնելու սպայի մահվան հանգամանքները: Ոչինչ չի ստացվել: Դրանք փաստաթղթով, կարելի է ասել, ամբողջությամբ բացահայտվել են»,- ասաց Դ. Շահնազարյանը՝ հայտարարելով, թե այդ փաստաթղթից կարելի է միայն մեկ եզրակացության հանգել՝ Հ. Թադեւոսյանը զոհվել է իր ձեռքում եղած նռնակի պայթելու արդյունքում, թեեւ «հատուկ քննչականը» փորձում էր այդ սպանությունը վերագրել մարտիմեկյան հանրահավաքի մասնակիցներին: Դ. Շահնազարյանը նաեւ հայտարարեց, որ քննությունը վարած բոլոր քննիչները կեղծիքների համար պետք է ենթարկվեն նաեւ քրեական պատասխանատվության: Նա հավաստիացրեց, որ հաջորդ հանրահավաքներում ՀԱԿ-ը նորանոր բացահայտումներ կներկայացնի մարտիմեկյան սպանդի մասին: Իր ելույթի վերջում անդրադարձավ նաեւ այդ օրվա հանրահավաքի իրազեկման թռուցիկներ տարածող երիտասարդների նկատմամբ ոստիկանների կողմից «իրականացված ահաբեկչությանը» եւ դրանում մեղադրեց Սերժ Սարգսյանի ապօրինի հրահանգները կատարող ՀՀ ոստիկանապետին: Դ. Շահնազարյանը կոչով դիմեց ոստիկաններին՝ չհավասարվել քրեականներին եւ բոյկոտել իրենց ղեկավարության բոլոր անօրինական հրահանգները ու իրենց չվանել հասարակությունից:
Հանրահավաքում խոսեց նաեւ Լեւոն Զուրաբյանը: Նա իր ելույթում անդրադարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ժողովրդի համար սոցիալական դժվարին իրավիճակում ճգնաժամի անվան տակ օլիգարխների գերշահույթներ ստանալու, այդ գերշահույթը նաեւ ընտրությունների կեղծմանն ուղղելու փաստին: Այսպիսի համակարգը, ըստ Զուրաբյանի, կարող է կազմաքանդել միայն ժողովրդի կողմից ձեւավորված իշխանությունը, իսկ նման հնարավորություն նա համարեց Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները: Ապա Լ. Զուրաբյանը հրապարակեց այդ համակարգի արմատական վերափոխման ՀԱԿ-ի քաղաքական ծրագիրը, որը, ըստ բանախոսի, կիրագործվի առաջիկա ընտրություններում հաղթելուց հետո: Այն է՝ վերականգնել հավաքների ազատությունը, Ազատության հրապարակը արագ վերականգնել եւ վերադարձնել ժողովրդին, ճեղքել իշխանությունների կողմից ստեղծված ինֆորմացիոն շրջափակումը: «Դրա լավագույն ձեւը կլինի այն, որ մենք Երեւանում կստեղծենք կաբելային հեռուստաընկերություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան փակված բոլոր հեռուստաընկերությունները: Մենք կվերացնենք ընտրակեղծիքների մեքենան, կփակենք Երեւանի իշխանությունների մասնակցությամբ բոլոր կոռուպցիոն սխեմաները եւ կստեղծենք հակակշիռներ այս իշխանությունների կամայականությունների դեմ: Այս քայլերի հետեւանքով շատ արագ կփոխվի նաեւ քաղաքական մթնոլորտը, եւ կարճ ժամանակում անցնցում կհասնենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դրանց միջոցով երկրում կձեւավորվի լեգիտիմ իշխանություն եւ կվերականգնվի սահմանադրական կարգը»,- հայտարարեց Զուրաբյանը՝ երեւանցիներին կոչ անելով աջակցել այս ծրագրի իրագործմանն ու ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների՝ «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի առաջնորդներ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Մասնավորապես, Ա. Սարգսյանը նկատեց, որ տարածաշրջանային զարգացումների՝ Հայաստանի համար այս բարդ փուլում, երբ վտանգված է Հայրենիքը, իշխանությունները փոխանակ ելք գտնեն դրանից դուրս գալու, ժողովրդին համախմբելու համար, գնում են «ժողովրդին հակառակորդ ու թշնամի տեսնելու, կեղտոտ ու ճղճիմ դատավարությունների ճանապարհով»: «Նույնիսկ Ստալինը պատերազմի տարիներին բանտերից ազատեց բանտարկյալներին եւ ուղարկեց ռազմաճակատ: Իսկ սրանք ժողովրդի սերն ու վստահությունը վայելող մեր ընկերներին շարունակում են պահել բանտերում»,- հայտարարեց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ դրանով իշխանությունները հաստատում են այն բոլոր գնահատականները, որոնք նրանց տրվում է ընդդիմության եւ ժողովրդի կողմից:
Ինչպես միշտ, հանրահավաքի եզրափակիչ ելույթը ՀՀ առաջին նախագահ եւ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր: Նա «Բեկումնային հանգրվան» վերնագրված իր ելույթում անդրադարձավ երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ արձանագրեց «վատթարացում», խոսեց նաեւ հայ-թուրքական երկխոսության, Երեւանի քաղաքապետի ընտրությունների ու «Յոթի», իսկ իրականում, նրա ձեւակերպմամբ՝ «11»-ի գործի «անփառունակ վախճանի» մասին: ՀՀ առաջին նախագահի համոզմամբ, այդ գործի նպատակը ողջ աշխարհին ապացուցելն էր ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման փաստը եւ դրանով արդարացնելը իշխանությունների կողմից «խաղաղ ցույցի սառնասիրտ գնդակոծումը, 10 քաղաքացիների սպանությունը եւ արտակարգ դրության հաստատումը»։ Ըստ այդմ, Լ. Տեր-Պետրոսյանի մատուցմամբ, դատական մարմինների առջեւ խնդիր էր դրված այդ գործը արագ հասցնել ավարտին եւ կայացնել պահանջված դատավճիռը՝ ի հաստատումն մարտի 1-ի իրադարձությունների պաշտոնական վարկածի։ Սակայն համաժողովրդական համառ պայքարի, քաղբանտարկյալների կամքի, փաստաբանների գրագետ մարտավարության, նաեւ միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ այդ խնդիրը տապալվեց։ Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին, «Յոթի» գործը մասնատելուն, ապա Լ. Տեր-Պետրոսյանը դա համարեց որպես իշխանությունների կողմից իրենց դեմքը փրկելու հարկադրված քայլ:
Հանրահավաքից հետո տեղի ունեցած երթը ավարտվեց Հյուսիսային պողոտայի մատույցներում, որը երեկ էլ, ինչպես արդեն մոտ մեկ ամիս, փակ էր ընդդիմության համար:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից կարդացեք