Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՍՏԱԼԳԻԱՅԻ ՕՐ

Մայիս 02,2009 00:00

\"\"Վերջին 20 տարիների պատմության մեջ ՀԿԿ-ն երեկ բավական շքեղ նշեց Աշխատավորների տոնը

Այդ առիթով երեկ մարզերից էլ էին կոմունիստներ ժամանել մայրաքաղաք եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցներում ասացին՝ «մեր ծախսով ենք եկել, մեզ ոչ ոք չի հավաքել-բերել»: Չնայած տոնական երթը պետք է մեկնարկեր կեսօրին, առավոտյան 9-ից Սարյանի արձանի շրջակայքում հավաքվել էին կոմունիստները՝ տոնական, հատուկ այդ օրվա համար խնամքով պահպանված հագուստներով, որոնք զարդարված էին ամենատարբեր շքանշաններով: Տոնական էր նաեւ հավաքվածների տրամադրությունը՝ ողջագուրվում էին, շնորհավորում միմյանց ու ցավով նկատում, որ իրենց շարքերից դարձյալ ընկերներ են պակասել: Մարզերից ժամանածները բողոքում էին, որ իրենց ընկերներից շատերը կցանկանային մասնակցել, բայց մի մասը ճանապարհածախս չունենալու պատճառով չէր եկել մայրաքաղաք, իսկ շատերին արգելել էին ավտոբուսներով կամ մեքենաներով մարզերից դուրս գալ՝ անտեսելով պատճառաբանությունները, թե իրենք կոմունիստներ են եւ միայն տոնական շքերթին ու հանրահավաքին պետք է մասնակցեն: Ի դեպ, երթը արտոնված չէր, քաղաքապետարանը՝ ինչպես ՀԱԿ-ին, այնպես էլ ՀԿԿ-ին արտոնել էր միայն հանրահավաք անցկացնել, սակայն ներկա բարձրաստիճան ոստիկանները մեզ հետ զրույցում պնդում էին, որ երթն արտոնված է, եւ իրենք ներկա են կարգուկանոն պահպանելու համար:

Երթը մեկնարկեց Սարյանի արձանի շրջակայքից: Սոցիալիստական Հայաստանի դրոշներով, կոմունիստական առաջնորդների նկարներով, «Կեցցե՜ մայիսի 1-ը», «Կեցցե՜, բանվոր դասակարգը», «Կեցցե՜, մարքս-լենինյան գաղափարախոսությունը», «Ոչ, կապիտալիզմին», «Ամոթ, մայիսի 1-ն ուրացողներին», «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» եւ այլ պաստառներով ու վանկարկումներով, նվագախմբի ուղեկցությամբ մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Վազգեն Սարգսյանի փողոց-երթուղով եւ կարճատեւ հանրահավաք անցկացրեցին Ս. Շահումյանի արձանի հարակից հրապարակում: «Միշտ առաջ դու քայլիր, պիոներ, ամենից առաջ դու քայլիր, իմ ընկեր…». պիոներական այս երգը երկու տասնյակից ավելի պիոներական հագուստներով երեխաները երգում էին երթի ողջ ընթացքում: Երթին մասնակցում էին նաեւ 15 սոցիալիստական հանրապետությունների ազգային տարազներով երիտասարդներ: Ողջ այս պատկերը, նվագախմբի հնչեցրած «հին ու բարի» օրերի երաժշտությունը նոստալգիկ տրամադրություններ առաջացրեցին շատ երեւանցիների մոտ: Շատերն ընթացքից միացան երթի մասնակիցներին, շատերը պատուհաններից, պատշգամբներից էին հետեւում ու ձեռքով թափահարում, նույնիսկ ժամանակավորապես «կաթվածահար եղավ» տարածքում գտնվող խանութների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքը՝ բոլորը դուրս էին եկել մայթեր:

Երթին ընթացքից միացած իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն «Առավոտին» ասաց. «Շատ գեղեցիկ միջոցառում է: Ժամանակ առ ժամանակ ես նույնիսկ հուզվում եմ: Երբեք համակրանք չտածելով կոմունիստական կուսակցության գաղափարախոսության նկատմամբ, ամեն դեպքում, այս ամենն ինձ իմ մանկությունը հիշեցրեց: Խորհրդային տարիներին ամեն անգամ, երբ մայիսի 1-ին կամ նոյեմբերի 7-ին մեզ պարտադրում էին մասնակցել շքերթներին, ես միշտ խուսափել եմ, փախել եմ. այժմ հաճույքով մասնակցում եմ: Շատ լավ կազմակերպված է եւ գեղեցիկ տոնական տպավորություն է թողնում: Ասես անցյալից շատ լավ ներկայացում ես դիտում: Լավ կլիներ, որ հեռուստաընկերությունները՝ տարբեր տեսակի անդուր լուրերի ու քաղաքական գործիչների՝ միմյանց հասցեին հնչող հայհոյանքների փոխարեն, սա ցույց տային ու բարձրացնեին մեր քաղաքացիների տրամադրությունները»: «Առավոտի» հետ զրույցներում երիտասարդ կոմունիստները դժգոհում էին կուսակցության պասիվությունից՝ «Վերջին ժամանակներս կուսակցությունը չի մասնակցում Հայաստանում ընթացող կարեւորագույն քաղաքական գործընթացներին, որը բերում է էլեկտորատի կրճատման», իսկ առավել տարեցները ցավում էին, որ իրենց գաղափարախոսությունը լավագույնս չի տարածվում երիտասարդների շրջանում: Այս դժգոհություն-մտահոգություններին ի պատասխան՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար Աշոտ Պապյանն ասաց. «1995-ին ՀԿԿ-ի ձայներից 470 հազարն անվավեր են ճանաչել, ու ամեն տարի էսպես գալիս են: Մենք, իհարկե, թերություններ ունենք, բայց կոմունիստական գաղափարախոսության դեմ տեղական իշխանությունների միջոցով պայքարում է համաշխարհային կապիտալիզմը: Դա հաղթահարելու համար մեզ ժամանակ է պետք: Իսկ հիմա չարժե ներքին ինտրիգներով, սորոսների փողերով վտանգել երկրի ապագան: Մտածված, հեռուն տանող քայլերով մենք կհասնենք մեր նպատակներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել