Երեկ, վաղ առավոտից, ոստիկանների մի հսկա խումբ շրջափակել էր Շիրակի մարզի ամենաըմբոստ գյուղը՝ Ձորակապը՝ բնակիչներին չթույլատրելով մայրաքաղաք մեկնել: Հայրենի իրավապահները կանգնեցնում էին գյուղից դուրս եկող բոլոր մեքենաները՝ «քրքրելով» ու տուգանելով վարորդներին: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները պահակ կարգվել հենց Ձորակապի մուտքի մոտ, արդյոք վախենո՞ւմ են գյուղովի միտինգ մեկնող ձորակապցիներից, նրանցից մեկը նեղսրտեց. «Միտի՞նգ, մեղա քեզի Տեր, ինչի էսօր միտինգ էլ կա՞, էդ որտե՞ղ է միտինգը, մի՞թե չգիտեք, որ երեկ հանրապետության ոստիկանապետը տելեւիզորով ելույթ ունեցավ ու մեզ հանձնարարական տվեց «Վահան» օպերացիան իրականացնել. կասկածյալներից զենք-զինամթերք հայտնաբերել, համ էլ, հո կրակը չընկա՞նք, չեք տեսնո՞ւմ՝ գործ ենք անում, կանգնել եք կողքերիս, ոնց որ միլիցու գլխին միլիցա լինեք»: