Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՐԵՑԻՆ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ

Մայիս 01,2009 00:00

«Նախկինում ինչ արել եմ, արել եմ իմ համեստ ուժերի չափով: Ապագայում ինչ կարող եմ անել, արդեն ինձանից կախված չէ: Գիտեմ, որ գիտությունը դեռեւս շարունակում է մեծ ուշադրություն պահանջել, քանի որ կանգնած է շատ լուրջ փորձությունների ու բարդությունների առաջ»,- երեկ ԵՊՀ-ում հայտարարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ Լեմվել Վալեսյանը: Երեկ լրացավ պրոֆեսոր Լ. Վալեսյանի ծննդյան 80 եւ գիտամանկավարժական գործունեության 55-ամյակը, ինչի առիթով ԵՊՀ ղեկավարությունը աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում կազմակերպել էր հանդիսություն: Լ. Վալեսյանը ՌԴ Կրթության ակադեմիայի ակադեմիկոս է, Միջազգային էկոլոգիական եւ Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիաների անդամ, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնութագրմամբ, աշխարհագրություն գիտությունը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին հերթին բնորոշվում է Վալեսյանի գործունեությամբ. «Կան շատ մարդիկ՝ գիտության, մանկավարժության ոլորտում աշխատող, որոնք, լինելով լավ գիտնական, լավ մանկավարժ, առատ բերք են հավաքում իրենց գիտամանկավարժական գործունեության արդյունքում: Բայց կան եզակիները, որոնց գործունեությունից իր հունձքն է անում տվյալ գիտական ուղղությունը: Այդպիսի քչերից է պարոն Վալեսյանը: Նա ոչ միայն հետք է թողնում գիտության մեջ, այլ նաեւ մի ամբողջ դպրոց է տանում իր ետեւից»: Աշխարհագրական ֆակուլտետի դեկանի տեղակալ Արսեն Գրիգորյանն էլ պատմեց. «Նրա հետ շատ հեշտ էր աշխատելը: Քննությունների ժամանակ էլ ներողամիտ էր, բայց եւ պահանջկոտ, քանի որ դասերի ընթացքում ստիպում եւ պահանջում էր, որ սովորեինք, իսկ չսովորել եւ քննության ժամանակ նրան չպատասխանելն ամենածույլ ուսանողի համար էլ անհարմար էր եւ ամոթ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031