Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆՔ, ՎՐԱՍՏԱՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Մայիս 01,2009 00:00

Արդեն մի քանի օր է, ինչ հարյուրավոր հիմնարկներում օրական 2-3 ժամ տեւողությամբ ինտերնետ կապի խափանումներ են տեղի ունենում: Որպես կանոն, անորակ կապի հետ կապված խնդիրների պատասխանատվությունը պրովայդերները իրենց վրա չեն վերցնում: Ըստ 2 խոշոր պրովայդերների՝ «FiberNet Communication»-ի ու «ԱրմենՏելի», վերջին 4-5 օրվա ընթացքում պարբերաբար կրկնվող կապի խափանումների պատճառն այն է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքում վնասվել են մալուխները, ինչի հետեւանքով էլ կապի որակի հետ կապված պարբերաբար խնդիրներն են լինում:

Այս անգամ էլ «FiberNet» ընկերության մամուլի քարտուղար Միքայել Բալայանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենք ոչ մի մեղք չունեն, եւ ինտերնետ կապի խափանումները տեղի են ունենում Վրաստանի տարածքում գտնվող սարքավորումների տեխնիկական խափանման պատճառով: Ըստ Մ. Բալայանի, խնդիրն առաջացել է մասնավորապես այն պատճառով, որ Հայաստանին ինտերնետ մատակարարող վրացական ընկերությունը հոսանքազրկվել է: Մեր այն դիտարկմանը՝ միգուցե Հայաստանի տարածքո՞ւմ են ինչ-ինչ խնդիրներ առաջացել, քանի որ այնքան էլ արժանահավատ չէ, որ վրացական ընկերությունը օրական 2-3 ժամով պարբերաբար հոսանքազրկվեր, պարոն Բալայանը պատասխանեց, որ «նման բան չկա, բացի այդ, իրենք արդեն պաշտոնապես հայտնել են, թե ինչն է եղել այդ 2 օրերի ինտերնետի անջատման պատճառը»: Այն, որ խնդիրը կարող է կապված լինել Հայաստանի ինտերնետ կապի խոշորագույն մատակարար «ԱրմենՏելի» հետ, ընկերությունից տեղեկացրին, որ իրենց պատճառով կապի հետ կապված խնդիրներ ընդհանրապես չեն առաջանում. «Մենք ունենք 4 մալուխ ու եթե որեւէ մեկը վնասվում է կամ այլ խնդիր է առաջանում, անցնում ենք մյուս մալուխին եւ այդպիսով մեր բաժանորդների ինտերնետը չի անջատվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել