Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻՆ ԿՔՆՆԵՆ

Մայիս 01,2009 00:00

Պետեկամուտների կոմիտեն որոշել է ինքնամաքրման ենթարկել մաքսային ու հարկային համակարգը: Ապօրինի ձեռնարկատիրությունը հովանավորող հարկային տեսուչների նկատմամբ իրականացվել է 19 ծառայողական քննություն: Բացի այդ, վերջին ամիսներին համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների, ատեստավորման եւ ծառայողական քննությունների արդյունքում աշխատանքից ազատվել է 140 ծառայող: Նրանց փոխարեն համակարգը կհամալրվի երիտասարդ եւ գրագետ կադրերով: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը: Ռ. Քոչարյանը անդրադարձել է նաեւ հարկային հավաքագրումներին. «Անցած տարվա ապրիլին հարկային մասով հավաքագրվել էր շուրջ 30 մլրդ դրամ, սոցվճարների գծով՝ 8,3 մլրդ դրամ: Այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, 29,4 մլրդ եւ 8,4 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մուտքերը գրեթե չեն նվազել»: Ըստ Ռ. Քոչարյանի, նախորդ տարվա համեմատությամբ, զգալիորեն ավելացել են շահութահարկի հավաքագրման ծավալները. «2008թ. ապրիլին դրանք կազմել են 6,1 մլրդ դրամ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվն աճել է շուրջ 3 մլրդ դրամով՝ հասնելով 9 մլրդ դրամի»: Անդրադառնալով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործմանը, կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ ՀԴՄ-ների լիարժեք կիրառման արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ֆիսկալային շրջանառությունն աճել է 33 մլրդ դրամով: Ռ. Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ հայտնաբերվել եւ հարկման դաշտ է բերվել ապօրինի գործող ավելի քան 140 ձեռնարկություն, նրանցից ոմանց գործունեությունը դադարեցվել է, իսկ պետբյուջեն համալրվել է լրացուցիչ շուրջ 26 մլն դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել