Խմիչքից կախվածություն ձեռք բերել հեշտ է, բուժվելու համար՝ կամքի ուժ է անհրաժեշտ
«Սկզբում խմում էի միայն մանր-մունր առիթների ժամանակ: Հետո աստիճանաբար կախվածություն ձեռք բերեցի: Երբ գործերս անհաջող էին կամ տրամադրությունս վատ էր լինում, ալկոհոլը օգնում էր վերանալ աշխարհից»,- պատմում է 28-ամյա Կարենը:
Կարենն այժմ ցավով է հիշում նախորդ երկու տարիները, որ իր կյանքից հեռացան աննպատակ, առանց ապագայի հանդեպ լուրջ ծրագրերի: Ավելին՝ այդ ընթացքում նրանից հեռացավ իր հարսնացուն, զրկվեց դժվարությամբ ձեռք բերած աշխատանքից. նոր էր միայն անվանը ավելացված պիտակը՝ «ալկոհոլիկ»: Սկսեց անհաշտ ապրել նաեւ ծնողների հետ: «Դու չես էլ զգում, թե ինչպես ես դառնում խմիչքի գերին: Եթե սկզբում թանկարժեք օղուց բացի ոչ մի բան չես կարողանում խմել, ապա որոշ ժամանակ հետո նույնիսկ «բացած սպիրտն» է հաճելի դառնում: Կորցնում ես ինքնատիրապետումդ, սկսում ավելորդ ու անհեթեթ բաներ անել…»,- հիշում է նա:
Ալկոհոլիզմն օրգանիզմի մի վիճակ է, երբ մարդն ունի ձեւավորված հոգեկան ու ֆիզիկական կախվածություն: Չկա մի օրգան, որի ֆունկցիան չխախտվի ալկոհոլի մշտական ազդեցությունից: Ալկոհոլի յուրաքանչյուր ըմպանակ ազդում է օրգանիզմի վրա. «Ալկոհոլն իր վնասակար ազդեցությունը սկսում է առաջին հերթին ուղեղի կեղեւից, այդպիսով ազդելով մարդու մտածողության վրա: Քայքայվում են նաեւ ճարպային բջիջները, իսկ դրանց փոխարեն առաջանում է սպիավոր հյուսվածք, որը սեղմում է մնացած բջիջներին: Լյարդը փոքրանում է, դառնում պինդ եւ դադարում է օրգանիզմում թույները չեզոքացնելու իր ֆունկցիան կատարել»,- պարզաբանում է բժշկուհի Աննա Սարգսյանը:
Ալկոհոլի հնարավոր հետեւանքները միայն դրանք չեն: Ալկոհոլի օգտագործումից բորբոքվում է նաեւ մարսողական ուղին: Բորբոքումը դրսեւորվում է այրոցով, անոթի ժամանակ՝ սրտխառնոցով: Ստամոքսի լորձաթաղանթի վրա կարող են առաջանալ թարախապալարներ եւ բշտիկներ: Տուժում է նաեւ տեսողությունը, վնասվում են ցանցաթաղանթը եւ աչքի նյարդը: Ալկոհոլից կախվածություն ունեցողների մոտ խախտվում է ուղեղի բնականոն աշխատանքն ու աստիճանաբար սկսվում են հոգեկան խանգարումներ:
«Չեմ հավատում, որ այժմ ամեն ինչ կարգին է: Երբ հիշում եմ՝ ինչքան դառնություն եմ պատճառել ծնողներիս ու հարսնացուիս, չեմ կարողանում ինձ ներել: Հիմա եմ հասկանում՝ ինչու նա ինձ լքեց: Շուտ պիտի որոշեի բուժվել, որ ամեն ինչ չհասներ սրան: Սա մի հիվանդություն է, որի բուժումը պահանջում է հզոր կամքի ուժ: Պիտի կամքի ուժ ունենաս ու վերջ: Հիմա նույնիսկ նորից գործի եմ անցել, բայց չեմ կարողանում նախկին անունս վերականգնել»,- նեղսրտում է մեր հերոսը:
Բժշկուհու խոսքերով, շատ կարեւոր է նաեւ այն, որ երիտասարդներն իրենց ամուսնական կյանքի առաջին օրը սթափ լինեն. «Այժմ նորապսակները գինովցած վիճակում են սկիզբ դնում իրենց ամուսնական կյանքին ու սկզբնավորում առաջին երեխան: Իսկ ալկոհոլ օգտագործող ծնողից երեխան կարող է արատավոր ծնվել»: