Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատային աննախադեպ սկանդալ է հասունանում

Մայիս 01,2009 00:00

«ChessBase» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Լոզանի արբիտրաժային դատարանը, հիմք ընդունելով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհադ Յազիչիի հայցն ընդդեմ Եվրոպայի շախմատային միության, չեղյալ է հայտարարել 2009 թվականի եվրոպական խոշորագույն մրցումների արդյունքները, որոնց անցկացման որոշումը միությունը կայացրել է 2007 թվականի օգոստոսին: Դեռ վերջնականապես չճշտված տեղեկություններով՝ դատարանը որոշել է, որ անհրաժեշտ է հայտերի ընդունման եւ մրցումների կազմակերպման նոր գործընթաց կազմակերպել: Եթե դա, իրոք, այդպես է, նշանակում է, որ չեղյալ են հայտարարվում այս տարի Բուդվայում եւ Սանկտ Պետերբուրգում արդեն կայացած Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների արդյունքները, չեմպիոններն ու մրցանակակիրները զրկվում են մեդալներից, ինչպես նաեւ մյուս շախմատիստները, որոնք աշխարհի առաջնություններին մասնակցելու ուղեգիր էին նվաճել, նույնպես կանգնում են կոտրած տաշտակի առջեւ: Լրատվամիջոցները ենթադրում են, որ չեն կայանա նաեւ Մակեդոնիայում ու Իտալիայում նշանակված մեծահասակների եւ պատանիների Եվրոպայի ակումբային առաջնությունները:

Սա շախմատում աննախադեպ, նմանը չունեցող սկանդալային պատմություն է:

Նույն «ChessBase»-ը տեղեկացնում է, որ Յազիչին իր բաց նամակում Եվրոպայի շախմատային միությանը եւ դրա նախագահ Բորիս Կուտինին մեղադրել է այն բանում, որ նրանք որոշ երկրների, մասնավորապես՝ Թուրքիային, Հունաստանին եւ Վրաստանին, խոչընդոտել են եվրոպական մակարդակի պաշտոնական մրցաշարեր կազմակերպել, ի վիճակի չեն ղեկավարել մայրցամաքի շախմատային կյանքը եւ Կուտինին ու ԵՇՄ գործադիր կոմիտեին կոչ արել անհապաղ հրաժարական տալ: Նա նաեւ առաջարկել է շտապ կարգով ԵՇՄ համաժողով հրավիրել ու ժամանակավոր ղեկավար մարմիններ ընտրել:

Հասկանալի է, որ Բորիս Կուտինը պատասխանել է Յազիչիին: Նա թուրք շախմատային գործչի այդ քայլը մեկնաբանել է այսպես. «Դատարանի այդ վճիռը սարսափելի է շախմատիստների համար: Պարոն Յազիչիի միակ շահն իր անձի կշիռը բարձրացնելն է: ԵՇՄ-ի գործկոմը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա միայն դատարանից բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո»:

Հայաստանցի շախմատասերներին հիշեցնենք, որ մեր Լիլիթ Մկրտչյանը Սանկտ Պետերբուրգում այս տարի նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Բուդվայում արժանացել աշխարհի առաջնության ուղեգրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031