Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Մայիս 01,2009 00:00

\"\"Մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների՝ Եվրոպայի առաջնություններից հետո ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ֆեդերացիաների, ազգային հավաքականների մարզիչների, առանձին մասնագետների եւ սպորտային բժիշկների մասնակցությամբ ծավալել են դրանց մասնակցության եւ հետագա ծրագրերի քննարկումներ:

Դրանք ղեկավարում է նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ՍԻՐՈՂԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ներկայացրել է մրցաշրջանի սկզբից կատարվող աշխատանքների ընթացքն ըստ փուլերի, որը նպատակաուղղված է տարվա գլխավոր իրադարձությանը՝ սեպտեմբերի վերջին Միլանում մեկնարկող աշխարհի առաջնությանը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ նախատեսված է 9 հավաք: Մարզչական խորհուրդը, գնահատելով մարզիկների ունակությունները, տարբեր բռնցքամարտիկների է գործուղում տարվա ընթացքում նախատեսված միջազգային մրցումներ: Նպատակն այն է, որպեսզի հավաքականի բոլոր թեկնածուները տարբեր աշխարհամասերի, ազգային դպրոցների ներկայացուցիչների հետ շփվելու, իրենց կարողություններն ստուգելու եւ մրցափորձը հարստացնելու հնարավորություն ունենան: Ռաֆայել Մեհրաբյանը կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ութ քաշային կարգերում, որովհետեւ 51, 81 եւ գերծանր քաշային կարգերում այդ մակարդակի մրցումներին մասնակցող արժանի մարզիկներ առայժմ չկան:

ՁՅՈՒԴՈ: Օրերս Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի անդամները մրցանակային տեղերից անմասն մնացին: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի մեկնաբանմամբ, տատամիի մեր չորս վարպետները Թբիլիսիում իրենց հաշվարկին հաղթանակ, այնուամենայնիվ, գրանցել են: Եվրոպայի նախկին չեմպիոն Արմեն Նազարյանին խանգարել են հին ու նոր վնասվածքները, իսկ Հովհաննես Դավթյանին պակասել են կամային լիարժեք պատրաստվածության որակները: Մարզիչը վստահեցրել է, որ իրենք վերլուծություններ արդեն կատարել են, քաղել անհրաժեշտ դասեր, որոնց արդյունքում թերություններն աստիճանաբար կշտկվեն, եւ Հայաստանի թիմն ավելի հաջող հանդես կգա օգոստոսին Ռոտերդամում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Մարզաձեւի ներկայի եւ ապագայի իր մտահոգություններն է հայտնել Արմեն Նազարյանի անձնական մարզիչ Կարեն Աբաղյանը: Նա հանրապետության սպորտի ղեկավարությանն իրազեկել է, որ Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Հրազդանում, որտեղ աշխատում է, կան բնությունից օժտված բազմաթիվ տղաներ: Նրանք կարող են անվանիներին արժանի փոխարինող դառնալ, եթե բարելավվեն մարզումային պայմանները: Իսկ այդ հարցում շահագրգիռ պետք է լինեն առաջին հերթին մարզի եւ Աբովյան քաղաքի ղեկավարները:

ԱԶԱՏ ԸՄԲՇԱՄԱՐՏ: Հայաստանը, հինգ տարվա ընդմիջումից հետո, Վիլնյուսում առաջին անգամ մեդալներ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին բարձրացան Ժիրայր Հովհաննիսյանն ու Էդգար Ենոքյանը: Իսկ գերծանր քաշային կարգում Ռուսլան Բասիեւը դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի նրանց ընկերները իրենց քաշային կարգերում տեղ զբաղեցրին առաջին ութնյակում՝ Հայաստանի համար թիմային պայքարում ապահովելով պատվավոր 5-րդ տեղը:

Քննարկման ընթացքում հատուկ նշվեց, որ այդ հաջողության մեջ մեծ է եղել մարզական կազմակերպությունների՝ ֆեդերացիա-օլիմպիական կոմիտե-նախարարություն, համագործակցված աշխատանքը: Շնորհակալ աշխատանք են կատարել ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւ նրա օգնականները: Ներկայացնելով ազատ ոճայիններ ազգային հավաքականի հետագա անելիքների ծրագիրը՝ Արայիկ Բաղդադյանն ընդգծել է, որ իր ղեկավարած թիմը, շնորհիվ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի եւ ֆեդերացիայի նոր ղեկավար կազմի, ապահովված է մարզումային եւ մնացած բոլոր պայմաններով:

Երեկ քննարկումները շարունակվում էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031