Կամ՝ ե՞րբ են նվագախմբերում կրկին լինելու մենակատարների հաստիքներ
Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների կազմակերպումը նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում այլեւս անցյալում է: Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների արգելումը, ինչպես եւ սպասվում էր, միանշանակ գնահատականի չարժանացավ, թեեւ ասուլիսներում տարբեր կատեգորիայի աստղեր հավաստիացնում էին, որ իրենք գոհ են այս որոշումից: Սրան զուգահեռ՝ արվեստագետների, անգամ մշակույթից հեռու կանգնած մարդկանց շրջանում խոսվում է այն մասին, որ հիմա՝ հայտնի որոշումից հետո, ոմանց շահույթներն ու գերշահույթները պակասել են:
Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների արգելումը մեդալի մի կողմն է. ո՞վ է ասում՝ երբ երգիչը միկրոֆոնով, առանց նվագախմբի կենդանի նվագակցությամբ երգեց, դա կարելի է համարել արդեն կենդանի համերգ: Վերջերս ռուսական էստրադայի պրիմադոնա Ալլա Պուգաչովան, ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգում, իր շնորհակալական ու երախտիքի խոսքն ուղղեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, նշելով, որ ժամանակին իր աշխատանքը հիշյալ նվագախմբում մեծ դպրոց է եղել: Այսօր նույնպես գործում է Հայաստանի պետական էստրադային կամ, ինչպես հաճախ անվանում են՝ ջազ նվագախումբը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Նշենք, որ հայաստանցի երգիչների համար այս նվագախմբի հետ բեմ բարձրանալը երազանք է: Ուրեմն, ինչո՞ւ չտալ նրանց հնարավորություն: Ինչո՞ւ բավարարվել միայն նրանով, որ պատրաստի երաժշտության «նվագակցությամբ» երգչի կենդանի կատարումը արդեն ամբողջովին կենդանի հնչողություն է, լիարժեք ելույթ: Գեթ մեկ անգամ ոչ մի արվեստագետ կամ արվեստասեր չի կարող ասել, որ մեծանուն երգիչները, օրինակ՝ Շարլ Ազնավուրը, բեմ է բարձրացել առանց նվագախմբի, առանց իր թիկունքում զգալու կենդանի նվագակցություն… Ունենք նաեւ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ հիանալի նվագախումբը, որտեղ, ինչպես ժամանակին Կ. Օրբելյանի նվագախմբում էր, գոյություն ունեին մենակատարների հաստիքներ: Կարծում ենք, սկսած գործը պետք է հասցնել լիարժեք ավարտին: Գուցե ֆոնոգրամային հնչողությամբ համերգների արգելումը առաջի՞ն փուլն է, որին կհետեւեն երկրորդ, երրորդ… փուլերը, եւ որոնց վերջնական արդյունքում կունենանք, ինչպես խորհրդային տարիներին էր՝ լիարժեք ստեղծագործական կյանքով ապրող ե՛ւ նվագախմբեր, ե՛ւ երգիչներ, ե՛ւ գուցե մեր կոմպոզիտորները, այդ թվում՝ Ռ. Ամիրխանյան, Ա. Սաթյան, կարթնանան նիրհից ու բառի իսկական իմաստով հանդիսատեսին կզարմացնեն բարձրակարգ երգերով: «Առավոտը» Երվանդ Երզնկյանից եւ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե իրենք ի՞նչ են մտածում մենակատարների հաստիքներ ստեղծելու ուղղությամբ, նախօրոք համոզված լինելով, որ դրանց չստեղծելու միակ պատճառը ֆինանսն է: Ե. Երզնկյանն ասաց. «Նվագախմբիս հետ ունեմ համագործակցող հիանալի երիտասարդ երգիչներ, ովքեր ճանաչված չեն եւ չեն էլ լինի, որովհետեւ նամուսով են, այսինքն՝ չեն կարողանում հովանավոր գտնել, ձայնագրություն անել, տեսահոլովակ եւ այլն: Ժամանակակից երգարվեստի ապագայի մասին մտածելով, պետք է պատուհան բացել այս երիտասարդների առջեւ…»: Ա. Մարտիրոսյանի խոսքը հակիրճ էր. «Ձեր ասածը երազանք կլիներ»: