«Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ երեկ նման կարծիք հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը
«Ճանապարհային քարտեզ». այս արտահայտությունը վերջին շաբաթվա ընթացքում ամենաշրջանառվողներից է: Երեկ «Արարատ» ռազմավարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հասարակական քննարկում՝ հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի եւ, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, որին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ: «Առավոտի» հետ զրույցում պարզ դարձավ, որ նրանց մեծամասնությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բացասական դիրքորոշում ունի: Օրինակ՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նկատեց. «Այն, ինչ կատարվում է հիմա հայ-թուրքական հարաբերություններ կոչված գործընթացում, կարելի է Հայաստանի համար որակել որպես տեղապտույտ: Որեւէ օգուտ չկա, չկա ազգային շահ, սա ուղղակի խայտառակություն է…»: Անդրադառնալով խնդրահարույց այս փաստաթղթի թափանցիկության հարցին, պարոն Առաքելյանն ասաց. «Վարչապետը ճամարտակում էր, մեծ-մեծ խոսում, որ ոչ մի գաղտնիք չի մնալու: Աբսուրդ է այն, որ մինչեւ այսօր «ճանապարհային քարտեզը» կամ շվեյցարական փաստաթուղթը գաղտնիք է. ի՞նչ են արել՝ դեռ ոչ մեկին հայտնի չէ, դեռ մուննաթով էլ խոսում են, թե բոլորն իմանալու են դրա մասին…. բայց ե՞րբ, ինչի՞ մասին է խոսքը՝ չգիտենք: Այնինչ, թուրքական կողմը՝ գեներալները երեկ շտապեցին հանգստացնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցով… Այնինչ, նույն վարչապետը, որ այս գործից ընդհանրապես բան չի հասկանում, փորձում էր ձեւակերպել, որ Ղարաբաղն այս հարցում չկա»: Հ. Առաքելյանը հարցերի լուծման ճանապարհ է համարում այն, որ ԼՂՀ հարցի լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխվեն միջազգային դատարան. «Ի դեպ, Ադրբեջանը երեկվանից գործընթաց է սկսել՝ Ղարաբաղի հարցը միջազգային դատարան տեղափոխելու … Ախր մենք զոհից դարձել ենք ագրեսոր՝ Վարդան Օսկանյանի վարած քաղաքականության պատճառով»:
Զրուցեցինք նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, որը նշեց. «Մտահոգիչ է այն, որ թուրքերը սկզբնական փուլում բանակցությունների ժամանակ որոշեցին նախապայմաններ չդնել, բայց բանակցությունների զարգացմանը զուգընթաց՝ այլ ձեւակերպումներով, նույն նախապայմանը ներկայացրին Հայաստանին: Մտահոգիչ էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը. նա հիշեցրեց վարչապետ Էրդողանի խոսքերը՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել, մենք սահմանը չենք բացի՝ շեշտելով, որ հարցը Ադրբեջանի շահերն անտեսելու գնով չպետք է լուծվի: Այստեղ պիտի հաշվի առնել միջազգային գործոնների դերը: Հայաստան-Թուրքիա շփումներն անընդհատ ողջունվում են՝ համարձակ քայլ որակվելով: Այսինքն՝ նախաձեռնությունն ավելի շատ ոչ թե հարաբերվող անմիջական կողմերի, այլ միջազգային ուժերի ձեռքում է»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում, հայկական հարցի փոշիացումն է: Մենք գործ ենք ունենում մի թշնամական պետության հետ՝ չկառուցելով մեր ազգային անվտանգության համակարգը: Մենք մտնում ենք մի մեծ խաղի մեջ, որտեղ ոչ թե խաղացող, այլ կատարող ենք: Իսկ այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ ցանկացած ելք կարող է լինել ի վնաս Հայաստանի: Ցանկացած փաստաթղթից կարելի է ինչ-որ կերպ հրաժարվել. կա գրագետ հրաժարվելու ձեւ եւ ձեւ, երբ քո դեմքը միջազգային հասարակության աչքին «վատանում» է: Մտավախություն ունեմ, որ վերջինն էլ կլինի»: Այնուհետեւ զրուցակիցս վրդովվեց. «Մենք կրկնում ենք 1909-1915թթ. սխալները: Եթե այն ժամանակ ասում էինք՝ 20-րդ դարն առաջընթացի դար է, այդ ժամանակ չեն կարող լինել ջարդեր, ապա հիմա ասում ենք՝ 21-րդ դարում փակ սահմաններ չկան: Ստացվում է՝ 20-րդ եւ 21-րդ դարերը ընդամենը մեկ մասնիկով են տարբերվում իրարից»: «Ճանապարհային քարտեզի» մասին էլ պարոն Մեսրոբյանն ասաց. «Փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 23-ին, ընդունենք՝ գաղտնիք չկա, իսկ ո՞ւր է փաստաթուղթը: Ի՞նչն է պրոբլեմը. թարգմանության խնդի՞ր կա: Գուցե սա մեր վերնախավի ոչ պրոֆեսիոնալի՞զմն է… Իրականում պատճառն այն է, որ այդ փաստաթուղթն ունի իրավաբանական որոշ հետեւանքներ: Ցանկացած գրագետ իրավաբան միշտ էլ կարող է չեզոք փաստաթղթից դիվիդենդներ կորզել»:
«Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն իր ելույթում ասաց. «Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է: Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաեւ Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը…»: