Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԳՈՀ Է, ԲԱՅՑ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ

Մայիս 01,2009 00:00

Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Օբամայի նախագահության 100 օրվան, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Կոնգրեսի կողմից ընդունված բյուջեն կօգնի երկրին հաղթահարել ճգնաժամը: Ըստ BBC-ի, ամերիկյան առաջնորդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չպիտի վերադառնա «ավազի վրա հիմնված տնտեսությանը, որը թույլ է տալիս բոլորի բարեկեցությանը սպառնացող մի քանիսի անմտությունը»: Օբաման նշեց, որ թիմը լավ մեկնարկ է վերցրել, բայց դա դեռ սկիզբն է: «Ես գոհ եմ մեր առաջընթացից, բայց բավարարված չեմ»,- ասաց ԱՄՆ նախագահը: Չորեքշաբթի օրը դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսը հաստատել է 2010 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը՝ $3,4 տրիլիոնով: Օբաման հայտարարում է, որ նոր բյուջեն, ինչպես նաեւ ավելի վաղ ընդունված տնտեսական միջոցառումների փաթեթը՝ $787 միլիարդ արժողությամբ, պետք է որ օգնեն ճգնաժամի հաղթահարմանը: Բյուջետային ծրագիրը նախատեսում է հարկային օրենսդրության որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ Ջորջ Բուշի կառավարման ընթացքում ընդունված ունեւոր քաղաքացիների համար նախատեսված հարկային զեղչերը այս տարվա ընթացքում վերանալու են: Մյուս կողմից այլ ոլորտներում նախատեսվում է հարկային բեռի թեթեւացում: Հանրապետականները դեմ են քվեարկել այդ բյուջեին, նշելով, որ նոր նախագահի առաջին 100 օրվա ընթացքում երկիրը ծախսել է օրական $12 միլիարդ, իսկ բյուջեի դեֆիցիտն ու ազգային պարտքը հասել են վախեցնող չափերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել