Բաքվում անհայտ հանցագործը կրակ է բացել ադրբեջանական պետական նավթային ակադեմիայում, որի արդյունքում մահացել է 10 հոգի, այդ թվում՝ բուհի ուսանողներ ու դասախոսներ: Կան նաեւ վիրավորներ, նախնական տվյալներով՝ 8-15 հոգի: Ինչպես հայտնում է Newsru.com-ը, հանցագործը վնասազերծված է: Հատուկ օպերացիան ավարտվել է, եւ հատուկ ջոկատայինները լքել են հանցագործության վայրը: Այլ տվյալներով, հանցագործները 2 հոգի էին, որոնցից մեկն ինքնասպանություն է գործել: Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակվողը արտասահմանցի էր՝ աֆրո-արաբական ծագմամբ: Խոսվում է նաեւ, որ նա Վրաստանի քաղաքացի էր: Մի շարք ԶԼՄ-ներ գրում են նաեւ, որ հանցագործներից մեկը բուհի լսարանում մի քանի հոգու պատանդ էր պահում: Վարկածներից մեկի համաձայն՝ մի խումբ արտասահմանցի ուսանողների միջեւ վեճ էր բռնկվել, նրանցից մեկն անսպասելիորեն հանել էր ատրճանակը եւ սկսել էր կրակել զրուցակիցների վրա: Այնուհետեւ նա վազել էր դեպի ինստիտուտի շենք եւ շարունակել այնտեղ կրակել: Newsru.com-ը հիշեցնում է, որ սա բուհում զանգվածային գնդակահարության առաջին դեպքը չէ: Նման հանցագործություններ բազմիցս կատարվել են աշխարհի տարբեր համալսարաններում եւ ամենից շատ՝ ԱՄՆ-ում: Ամենաարյունալի նման իրադարձությունը տեղի էր ունեցել 2007 թվականի ապրիլին՝ Վերջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, երբ հարավկորեական ծագումով ուսանողը սառնասրտորեն գնդակահարել էր 32 հոգու, որից հետո ինքնասպանություն էր գործել: