Երեկ Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մերժեց Պետդումայի կողմից հավանության արժանացած արդարադատության հետ գործարքի մասին օրինագիծը: Ըստ «Վրեմյա նովոստեյ» թերթի, խոսքը քրեական պրոցեսի հատուկ կարգի մասին է, որի ընթացքում մեղադրյալը կամ կասկածյալը կարող է համագործակցության գնալ քննչական մարմինների հետ՝ պատիժը մեղմելու պայմանով: Ենթադրվում է, որ քննությանն օգնելու դեպքում այդ անձը ստանում է ոչ ավելին, քան իրեն հասանելիք պատժաչափի կեսը: Բացի այդ, օրինագծում հիշատակվում են նաեւ կասկածյալի կամ մեղադրյալի անվտանգությունն ապահովող միջոցները: Դաշնության խորհրդի անդամները քննադատեցին օրինագիծը, համարելով, որ այդպիսով պատասխանատվությունից խուսափելու են խիստ վտանգավոր հանցագործները՝ մեղմ պատիժ ակնկալելով: Բացի այդ, օրինագծում կա մի կետ, ըստ որի՝ քննության հետ պայմանավորվածության եկած մարդը, որը թաքցրել է ինչ-ինչ էական տեղեկություններ, պատժվելու է նախատեսվածից ավելի խիստ: Ըստ սենատորների, դա խախտում է սահմանադրական այն նորմը, որի համաձայն՝ քաղաքացին պարտավոր չէ ցուցմունքներ տալ ինքն իր դեմ: Դաշնային խորհրդի անդամները նշում են նաեւ, թե օրինագծից չի երեւում՝ ինչպես է «կիսվելու» ցմահ ազատազրկումը: Պետդումայի համապատասխան հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշեննիկովը սենատորների փաստարկներն անվանեց անհեթեթ, իսկ օրինագծի մերժումը՝ մեծ հիմարություն: Պետդուման մտադիր է ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթահարել Դաշնային խորհրդի «վետոն»: