ՀՀ ԱԳՆ-ում ծանոթ չեն նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հնչած առաջարկին: «Մենք ծանոթ չենք նման առաջարկի»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ «Արմինֆոյի» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաբաջանի այն հայտարարությունը, թե «առաջիկա օրերին կսկսվի դիվանագիտական նոր գործընթաց՝ Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման նպատակով»:
«Առաջիկա շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի մասնակցությամբ, կսկսվի Հայաստանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական նոր գործընթաց»,- Բաբաջանի հայտարարությունը փոխանցում է ԱՊԱ-ն: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարեւոր արդյունքների են հասել բանակցությունների ընթացքում: Երկու կողմերից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ քաղաքական կամքը թույլ կտա լուծել այդ խնդիրները: Եթե քաղաքական կամք դրսեւորեն երկու կողմերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, այդ խնդիրները կարող են լուծվել: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի կողմից անցկացվող բազմակողմ եւ երկկողմ երկխոսություններին: Մեր նպատակն է՝ հասնել «WIN-WIN» արդյունքների: Առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվի լայնամասշտաբ գործընթաց, որի շրջանակներում հարցերը մանրամասն կքննարկվեն այդ երկրներում: Գործընթացի տեւողությունը կորոշվի վեց երկրների միջեւ դիվանագիտական բանակցությունների արդյունքում»,- հայտարարել է Բաբաջանը: