Լրանում է Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը
Սկիզբը՝ նախորդ համարում
Թուրքիա՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավարի այցելության մասին ինձ հայտնելուց հետո, Ջ. Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է պատրաստել մի փաստաթուղթ Ա. Կոսիգինի համար, հորդորելով նրան Անկարա իր այցի ժամանակ հրաժարվել պսակադրման արարողությունից: Նա միաժամանակ ավելացրեց, որ այդ փաստաթուղթը ծավալով մեծ չպետք է լինի, քանի որ այդ կատեգորիայի ղեկավարները սովորաբար խուսափում են բազմաէջ գրություններ կարդալուց, պետք է ունենա շատ կոնկրետ բովանդակություն եւ, ամենագլխավորը, լինի փաստարկված ու առանց ավելորդ զգացմունքային տարրերի: Ես, բնականաբար, ամբողջ սրտով ողջունեցի Հայաստանի ղեկավարության այդ հիանալի մտադրությունը, ընդգծելով, որ բոլոր միջոցներով պետք է թիկունք կանգնել Հայաստանի ղեկավարության այդ քայլին: Դրանից հետո ես նրան ասացի. «Ջոն, այդ տեղեկանքը կազմելու ամենահարմար թեկնածուն դու ես, դու լավ գիտես այդ պատմությունը, հենց նոր է լույս տեսել քո դոկտորական դիսերտացիան արեւմտահայության մասին, եւ քեզնից լավ ոչ ոք չի գրի»: Նա պատասխանեց, որ ինքը չի կարող գրել, որովհետեւ ղեկավարությունը որոշել է, որ այդ տեղեկանք-փաստաթղթի տակ չի կարող լինել որեւէ պետական կամ կուսակցական պաշտոնյայի ստորագրություն: Տեղեկանքը պետք էր ներկայացվեր ոչ թե Հայաստանի ղեկավարության անունից, այլ հայ հասարակայնության կողմից՝ որպես ժողովրդական զանգվածների ցանկությունների եւ տրամադրությունների արտահայտություն: Եվ ավելացրեց, որ ղեկավարությունը նախապատվելի է համարում, որ փաստաթուղթը գրված լինի գիտական հասարակայնությունը ներկայացնող որեւէ մասնագետի կողմից, որը մոտ է կանգնած այդ խնդիրներին եւ լավատեղյակ է հարցի պատմությանը, այն նկատառումով, որ Մոսկվայի համար դա համոզիչ հնչի: Այդ ասելուց հետո նա ավելացրեց՝ «Ղեկավարության ընտրությունը կանգ է առել քո թեկնածության վրա, հաշվի առնելով քո գիտական աստիճանը, հրատարակված աշխատությունները եւ այն հանգամանքը, որ դու արեւելագետ ես եւ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության սեկտորի ղեկավարներից մեկն ես: Տեղեկանքի տակ պետք է լինի քո ստորագրությունը», առարկություն չվերցնող վճռական տոնով ավարտեց նա իր խոսքը: Հասկանալի է, նման բացատրությունից հետո ինձ ոչինչ չէր մնում անել, քան համաձայնել, եւ ես հարցրի նրան, թե քանի օր եք տալիս ինձ դրա համար: Նա ծիծաղեց եւ ասաց՝ «ոչ մի օր, դու պետք է հիմա նստես իմ աշխատասենյակում եւ ամենաշատը մի երկու ժամվա ընթացքում պատրաստես այդ տեղեկանքը, որովհետեւ Կոսիգինը Թուրքիա է մեկնելու երկու օրից, ժամանակ չկա»: Այնուհետեւ նա փարատեց իմ կասկածները մի հարցում եւս: Երբ ես նրան ասացի, որ եթե Կոսիգինը մեկնելու է մի երկու օրից, ապա այս փաստաթուղթը մինչեւ փոստով հասնի Մոսկվա, Կոսիգինն արդեն Անկարայից վերադարձած կլինի, նա ինձ պատասխանեց, թե պայմանավորվածություն կա, որ այսօր երեկոյան Երեւանից Մոսկվա թռչող վերջին ինքնաթիռով ծրարը կուղարկվի եւ համապատասխան մարդը Մոսկվայի օդանավակայանում կդիմավորի, կստանա ծրարը եւ հենց նույն երեկոյան կհանձնի ում որ հարկն է:
Այնուհետեւ մենք քննարկեցինք փաստաթղթում ներառնելիք գլխավոր հարցերը: Կարծիքներ փոխանակելով, մենք եկանք այն եզրակացության, որ չպետք է առարկել Քեմալի գերեզմանին պսակ դնելու արարողությանը, քանի որ Քեմալը թուրքական հանրապետության հիմնադիրն էր եւ նրա գերեզմանին պսակադրումը մտնում էր թուրքական պետության պաշտոնական արարողակարգում եւ պարտադիր կիրառվում էր օտարերկրյա բարձրակարգ պատվիրակությունների այցելության ժամանակ: Բացի այդ, վստահ չէինք, թե Կոսիգինը նման առաջարկությունը հաշվի կառներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ խորհրդային ղեկավարությունը շարունակում էր հավատարիմ մնալ եւ հետեւել, այսպես կոչված, «Լենին-Քեմալ» բարեկամության կեղծ տեսադրույթին եւ հաշվի առնում այդ հանգամանքը Թուրքիայի հետ իր հարաբերություններում: Ուստի որոշեցինք կենտրոնանալ Թալեաթի հարցի վրա՝ այն անջատելով Քեմալի հարցից, այն ակնկալությամբ, որ դա Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության ղեկավարության, առաջին հերթին՝ Քաղբյուրոյի համար ավելի ընկալելի, հասկանալի եւ ընդունելի կարող է լինել:
Ջ. Կիրակոսյանն ինձ տրամադրելով իր աշխատասենյակը՝ հեռացավ եւ մենք պայմանավորվեցինք, որ նա կգա մոտ մեկ-մեկուկես ժամից հետո, երբ ես ավարտած կլինեմ տեքստը:
Ցավոք սրտի, իմ ձեռքի տակ չկա այդ փաստաթուղթը, քանի որ նա մեկ օրինակից էր, իսկ դրանից անցել է ավելի քան քառասուն տարի, եւ այժմ ես միայն հիշողությամբ կարող եմ վերականգնել նրա բովանդակությունը: Նրանում շատ համառոտակի խոսվում էր 1915թ. Ցեղասպանության մասին, որն իրագործեցին երիտթուրքերն Օսմանյան կայսրությունում, առանձնացնելով Թալեաթի հանցագործ դերակատարումը, ընդգծելով, որ դա ոճրագործություն էր համայն մարդկության դեմ, որն իր ժամանակին դատապարտել էին տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ ռուսների առաջադեմ գործիչները եւ այլն, եւ այլն: Փաստաթղթի ավարտական մասում այն միտքն էր արտահայտվում, որ Խորհրդային Միության կառավարության, որը միաժամանակ նրա կազմում մտնող Խորհրդային Հայաստանի կառավարությունն է, ղեկավարի այցելությունը մի այնպիսի դահճի գերեզմանին, ինչպիսին Թալեաթն է, խոնարհվելը նրա գերեզմանի առջեւ եւ որպես հարգանքի նշան պսակ դնելը՝ անհասկանալի կլինի Հայաստանի ժողովրդի եւ համայն հայության համար, նրա կողմից կընկալվի որպես վիրավորանք երիտթուրքական դահիճների կողմից ոչնչացված մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին եւ մեծ վնաս կհասցնի խորհրդային պետության միջազգային վարկին եւ հեղինակությանը: Ելնելով այդ հանգամանքից, Ա. Կոսիգինին առաջարկվում էր ձեռնպահ մնալ Թալեաթի գերեզմանին այցելելուց եւ պսակադրումից:
Ջ. Կիրակոսյանը վերադարձավ մոտ երկու ժամից եւ ես նրան հանձնեցի ավարտուն տեքստը, որը բաղկացած էր երկու էջից: Նա կարդաց տեղեկանքը, որոշ շտկումներ եւ ուղղումներ կատարեց, եւ ասելով, որ «լավ է ստացվել», տվեց մեքենագրելու, որից հետո ինձ ապսպրելով սպասել իր աշխատասենյակում, վերցրեց տեղեկանքը եւ ասելով՝ «տանեմ ղեկավարությանը ներկայացնեմ», դուրս եկավ իր աշխատասենյակից: Թեեւ նա կոնկրետ անուններ չտվեց, բայց հասկանալի էր, որ խորհրդային կառավարության ղեկավարին ուղղված նման մի փաստաթուղթ չէր կարող ուղարկվել առանց հանրապետության առաջին դեմքի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի իմացության եւ հավանության: Այդ ժամանակ կուսակցության առաջին քարտուղարն Անտոն Քոչինյանն էր, եւ Ջ. Կիրակոսյանը նրան ներկայացրեց վերոնշյալ տեղեկանքը: Ես չեմ բացառում, որ դրա հետ ծանոթացել են նաեւ այլ ղեկավարներ: Ինձ հայտնի չէ, թե նրանք ինչ են խոսել եւ ինչպես քննարկել այդ տեղեկանքը, բայց մոտ մեկ ժամից Ջ. Կիրակոսյանը վերադարձավ ուրախ տրամադրությամբ եւ ինձ շնորհավորելով՝ ասաց. «Ղեկավարությունը հավանություն տվեց տեքստին. այժմ ստորագրիր եւ քո ձեռքով դիր ամիս-ամսաթիվը»: Դա, բնականաբար, ոչ թե պաշտոնական բլանկի վրա էր, այլ սովորական թղթի վրա գրված երկու էջանոց փաստաթուղթ էր: Ես ստորագրեցի այն, եւ մենք հույս հայտնեցինք, որ Ա. Կոսիգինը հաշվի կառնի հայերի խնդրանքը: Այնուհետեւ նա ինձ շնորհակալություն հայտնեց եւ խոստացավ տեղյակ պահել արդյունքների մասի: Եվ ես բարձր տրամադրությամբ հեռացա: Հաջորդ օրն առավոտյան նա զանգեց եւ բառացիորեն ասաց հետեւյալը՝ «Ծրարը տեղ է հասել եւ արդեն գտնվում է Կոսիգինի սեղանի վրա»: Իսկ մի քանի օր անց, երբ արդեն ավարտվել էր Ա. Կոսիգինի պաշտոնական այցը Թուրքիա եւ նա արդեն վերադարձել էր, Ջ. Կիրակոսյանը զանգեց եւ ասաց. «Ուրախ լուր. Կոսիգինը չի այցելել Թալեաթի գերեզմանին եւ ոչ մի պսակ էլ չի դրել»: Մենք միմյանց փոխադարձաբար շնորհավորեցինք եւ որոշ դադարից հետո նա կես-լուրջ, կես-կատակ ասաց. «Նիկոլայ, դու մտար պատմության մեջ: Հետագայում արխիվները կբացեն եւ մարդիկ կկարդան այդ փաստաթուղթը»: Ես նրան նույն ոգով պատասխանեցի՝ «Եթե պատմության մեջ մտնելու հարց կա, ապա երկուսով ենք մտնելու, սա այն դեպքն է, երբ պատմություն կոչվածի մեջ առանձին-առանձին չեն մտնում»:
1975 թ., ինչպես արդեն նշել ենք, Ջոն Կիրակոսյանը նշանակվեց Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարար: Մենք բոլորս՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին ուսանողներս, անչափ հպարտ էինք դրա համար: ԱԳ նախարարի պաշտոնում նրա նշանակվելու փաստի մեջ մենք տեսնում էինք մեր բոլորի հաղթանակը, իսկ շատերն էլ դա համարում էին յուրատեսակ «փոխվրեժ»՝ իրենց չկայացած դիվանագետ լինելու համար, որի համար նրանք բնավ էլ մեղավոր չէին:
Այդ նոր պաշտոնում Ջոն Կիրակոսյանն իրեն շատ հարմար էր զգում: Նա իրեն հատուկ եռանդով ձեռնամուխ եղավ արտաքին գործերի նախարարության ապարատի վերակազմավորմանը եւ համալրմանը՝ այն նախապատրաստելով լայն գործունեության համար: Սկզբնական շրջանում նա բավականին լավատես էր, վստահ, որ իրեն կհաջողվի այդ նախարարությունը եթե ոչ լիարժեք, ապա գոնե ինչ-որ չափով գործունյա նախարարության վերածելու՝ մեր հանրապետության հետ առնչվող արտաքին քաղաքական հարցերում: Նա կարողացավ հասարակական հիմունքներով նախարարության աշխատանքների մեջ ներգրավել հանրապետությունում առկա բոլոր այն մարդկանց, որոնք բանիմաց էին արտաքին քաղաքականության հարցերում եւ օգտակար էին իրենց գիտելիքներով եւ խորհրդատվությամբ: Դրա շնորհիվ բարձրացավ ԱԳ նախարարության հեղինակությունը: Իհարկե, նա լավ էր գիտակցում, որ Խորհրդային Միության համակարգի պայմաններում, երբ արտաքին քաղաքականության բոլոր հիմնական հարցերը որոշվում էին Մոսկվայում եւ խստորեն սահմանագծված էին այն շրջանակները, որի շրջանակներում կարող էին գործել միութենական հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունները, հնարավոր չէր շատ բան անել, իսկ սահմանն անցնելու դեպքում՝ զրկվել ամեն ինչից: Այդուհանդերձ, նա ձգտում էր անգամ ամենափոքր հնարավորությունն օգտագործել Հայաստանի ձայնը միջազգային հարաբերություններում հնչեցնելու եւ լսելի դարձնելու համար, իսկ դա երբեմն հաջողվում էր նրան: Այդ առումով հիշատակության է արժանի 1978թ. խորհրդային պատվիրակության կազմում, որը գլխավորում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոն, նրա մասնակցությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նա զեկուցումով հանդես եկավ նրա կոմիտեներից մեկում: Նա իրեն տրված հնարավորությունները հաջողությամբ կիրառում էր Հայաստան ժամանող օտարերկրյա զանազան պատվիրակությունների ընդունելությունների, նրանց ղեկավարներ հետ առանձնազրույցների ընթացքում, հանրապետությունում գումարվող միջազգային զանազան տնտեսական, գիտական, մշակութային եւ այլ հարցերին նվիրված համաժողովների, հայ Սփյուռքին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ եւ այլն: Դրան նպաստում էր նաեւ այն պարագան, որ, ի դեմս նրա, պատմաբանը եւ դիվանագետը հանդես էին գալիս ձեռք ձեռքի տված:
Խորհրդանշական է, որ Ջոն Սահակի Կիրակոսյանը 1985թ. այս կյանքից հեռացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: