Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ՝ երգո՞վ

Մայիս 01,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանի հերթական նիստում քննարկվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը, որով սահմանվում են Սփյուռքի հետ հարաբերություններում պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է ՀՀ նախագահի ղեկավարությամբ` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հասարակական կառույցների միջոցով: Ըստ Սփյուռքի նախարարի, բոլոր ժամանակներում Սփյուռքի համար գերխնդիրը եղել եւ մնում է հայապահպանությունը, ազգային ինքնության պահպանումը` այլ երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային ներգործության պայմաններում: Իսկ հայապահպանության անհրաժեշտ նախապայմաններն են սփյուռքահայերի ազգային-կրթական, հոգեւոր-մշակութային հավաքական եւ միասնական գործունեությունը, նրանց համախմբումն ու ինքնահաստատումը համայնքներում, ազգային կառույցներում: Հայկական համայնքների կառուցվածքային հենքը հայ եկեղեցին է, հայ դպրոցը, կուսակցություններն ու բազմաբնույթ կազմակերպությունները:

Այս ամենը հրաշալի է, իսկ սրանից հետո քննարկված երկու հարց՝ ոչ այնքան: Հարաբերությունների ձեւը ճշտելուց հետո քննվել է «Հայաստան-Սփյուռք գործակցության օրհներգի եւ խորհրդանշանի մասին հարցը»: Խորհրդանիշը կարելի է հաստատված համարել՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ Արարատ լեռան համայնապատկերին Տուն դարձող կռունկ: Իսկ օրհներգի հարցը դեռ հստակ չէ, կա մի քանի տարբերակ, որոնցից լավը ընտրելուն կօգնի մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Իսկ թե ինչ է նշանակում կամ ինչի է պետք հարաբերությունների օրհներգն ու խորհրդանիշը՝ նախարարությունը չի տեղեկացնում: Ինչպես չի տեղեկացնում, թե այդ օրհներգն ու խորհրդանիշը ինչպես են նպաստելու Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, ամրապնդմանը: Եթե ՀՀ Սփյուռքի նախարարությունը «Արի տուն» ծրագրի օրինակով խորհրդանիշներ մշակի իր բոլոր ծրագրերի ու նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցության համար, ապա կդառնա «ամենախորհրդանշական» պետական կառույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել