Ոչ համայնքապետարաններն են թափանցիկ, ոչ էլ համայնքի բնակիչները՝ պահանջկոտ
Աղբերքի գյուղապետարան մտնելու համար կամ լեռնագնաց պետք է լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ:
Անցած տարվա հուլիս-օգոստոս հատվածում «Գեղարքունիքի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, մարզի 12 համայնքներում իրականացրել է «ՏԻՄ գործունեության հրապարակայնության, թափանցիկության, համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու մասին» մոնիտորինգ: Անցել է ավելի քան կես տարի, սակայն մոնիտորինգի բացահայտած շատ խնդիրներ դեռ մնացել են: Սրանց մասին, ի դեպ, ոչ այնժամ, ոչ էլ անցած կես տարում ոչ մի տեղ չի խոսվել-գրվել:
Մոնիտորինգի համար ընտրվել են Գեղարքունիքի մարզի Աղբերք, Գետիկ, Դրախտիկ, Թթուջուր, Մարտունի, Գեղամասար, Դարանակ, Ծափաթաղ, Մեծ Մասրիկ, Նորաբակ, Տորֆավան, Փոքր Մասրիկ համայնքները: Նախքան մոնիտորինգի արդյունքներին անցնելը, մեր կողմից նկատենք, որ այս 12 համայնքներից 8-ի ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամներ են:
Իսկ մոնիտորինգը բացահայտել է ինչպես բոլոր համայնքների համար ընդհանուր, այնպես էլ միայն տվյալ համայնքում առկա խնդիրներ, խախտումներ կամ, մեղմ ասած, անտրամաբանական իրողություններ: Նախ՝ ընդհանուր պրոբլեմների մասին:
12 համայնքներից միայն երեքը՝ Թթուջուր, Տորֆավան, Ծափաթաղ, ունեն զարգացման եռամյա ռազմավարական ծրագրեր, միայն Թթուջուրում է ծրագիրը հրապարակված եւ մատչելի՝ բնակիչներին: Միայն Աղբերք համայնքն է ձեռք բերել ՀՀ օրենսդրության «Իրտեկ» համակարգչային շտեմարանը: Յոթ համայնքապետարանների նստավայրերի վրա ՀՀ դրոշը տեղադրված չի եղել: Ոչ մի համայնքում չեն հրապարակվել 2007 թվականի բյուջեի կատարողականը, 2008-ի բյուջեն, 2008-ի եռամսյա եւ կիսամյակային կատարողականները: Համայնքապետարաններում բացակայում են ավագանու նիստի եւ օրակարգի մասին, տեղական վճարների եւ տուրքերի չափերի մասին տեղեկություններ: Այս վիճակը մոնիտորինգի հեղինակներին հիմք է տվել եզրակացնել, որ համայնքի բնակիչները քիչ են հետաքրքրվում տեղական իշխանությունների աշխատանքներին մասնակցելու եւ որոշումներ կայացնելու գործընթացներով:
Այլ խնդիրներ: Աղբերքի գյուղապետարանը չի ջեռուցվում: Մի շարք գյուղապետարաններ ջեռուցվում են փայտի վառարաններով: Աղբերքի, Փոքր Մասրիկի, Դարանակի, Տորֆավանի, Նորաբակի, Գեղամասարի գյուղապետարանները հեռախոսակապ չունեն: Իրավական ակտերը եւ գրականությունը հիմնականում ձեռք են բերվում աշխատակիցների անձնական միջոցներով: Դիտարկված համայնքապետարաններից ոչ մեկը հաշմանդամի համար մատչելի չէ: Այս առումով ամենացնցողը Աղբերք գյուղն է: Մոնիտորինգի անցկացման պահին գյուղապետարանը աստիճաններ չի ունեցել, օգոստոսին փայտեր են շարվել, աստիճան է ստացվել, սակայն փայտերը իրար չեն ամրացվել ու նոյեմբերին գյուղապետարանը կրկին անհասանելի էր: Նույն Աղբերքում հենց համայնքապետարանի ներսում փակցված էր Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառը, իսկ սա բացահայտ օրինախախտում է:
Գեղամասարում, Դարանակում, Փոքր Մասրիկում գյուղապետարանը եւ Հանրապետական կուսակցության գրասենյակը նույն շենքում են, Գեղամասարում եւ Դարանակում շենքի վրա միայն կուսակցության ցուցանակն է: Դարանակում եւ Փոքր Մասրիկում գյուղապետերը Հանրապետական կուսակցության անդամ են:
Գեղարքունիքի մարզում կա հինգ քաղաքային եւ 87 գյուղական համայնք: Եթե միայն 12 համայնքներում կամ համայնքների 13 տոկոսում մոնիտորինգ անցկացնելուց հետո են այսքան խախտումներ, թերացումներ ու բացթողումներ բացահայտվել, ապա դժվար չէ ենթադրելը, թե ինչ ծավալի թերություններ ի հայտ կգան, եթե ուսումնասիրվեն բոլոր 92 համայնքները: