Երեկ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում, Նալբանդյան փողոցում գտնվող Կիվիրյանների տան շքամուտքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Armenia Today» էլեկտրոնային թերթի խմբագիր Արգիշտի Կիվիրյանին, այնուհետեւ ատրճանակից կրակել: Արձակված գնդակները Կիվիրյանին չեն դիպչել: Կիվիրյանների ընտանիքը շքամուտքում երեք կրակոց է լսել: Ներկայումս Արգիշտի Կիվիրյանը գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել՝ մասնավորապես՝ գլխին: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղեկացնենք, որ Արգիշտի Կիվիրյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրենը: Նրա կինը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանն է, որը հայտնի է աղմկահարույց քրեական գործերի դատական գործընթացներով: Վերջին մեկ տարում նա իրականացնում էր ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի պաշտպանությունը: ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նկարները՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ