Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԵՂԵ՞Լ Է ՇՏԱԲ

Մայիս 01,2009 00:00

Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նա պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին:

«Չերյոմուխայի» մասին. Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ հատուկ միջոցների հնությունը չէր կարող դառնալ մահվան պատճառ: Հիշեցնենք, որ մարտի 1-ի 10 զոհերից երեքը սպանվել են հատուկ միջոցներից, եւ մինչ այժմ տարատեսակ փորձագիտական տրյուկներով փորձ էր արվում ապացուցել, որ պատճառը դրանց հին լինելն էր: «Միգուցե ճիշտ անկյան տակ չեն կրակել, միգուցե հրմշտոց է եղել, որովհետեւ այդ ժամանակ խառնաշփոթ իրավիճակ է եղել: Միգուցե այն ավտոմեքենաները, որոնք փորձել են խոյահարել զինվորների շարքը, «Չերյոմուխայով» է կասեցվել նրանց գործողությունները, նպատակները»:

Դիպուկահարի մասին. «Մենք բավարար քանակությամբ դիպուկահարներ ունենք, որպեսզի չդիմենք այլ կառույցներին, իսկ մենք օգտագործել ենք ընդամենը մեկ դիպուկահար, ավելիի կարիքը չի եղել: Եթե նմանատիպ իրավիճակ ստեղծվեր նաեւ Շահումյան հրապարակում, անպատճառ այնտեղ էլ կտեղադրեինք դիպուկահար»:

Ո՞վ է պատասխանատու 10 զոհերի համար. «Ովքեր կազմակերպել էին այդ հակաիրավական միջոցառումները, այդ անկարգությունները, ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերի վրա է»:

Եղե՞լ է կրակելու հրաման. Հանձնաժողովի անդամները ուզեցին ճշտել՝ ո՞վ է հրամայել կրակ արձակել ցուցարարների վրա. «Նման բան չի լինում, նման հրաման ոչ մեկը չէր կարող տալ եւ չի էլ տրվել ոչ հանրապետության նախագահի կողմից, ոչ իմ կողմից նման բան տեղի չի ունեցել: Ոստիկանության զորքերից ընդամենը մի խումբ էր այնտեղ զինված գտնվում՝ հաշվեցուցակային ինքնաձիգներով, կարծեմ՝ մինչեւ 25 մարդ, որոնք անմիջապես շարքերում չէին ընդգրկված, այլ առանձին տեղ էին տեղակայված՝ որպես ռեզերվային խմբեր: Եվ նրանք օգտագործել են անգնդակ եւ լուսածիր փամփուշտներ՝ զուտ նախազգուշական նպատակներով: Եթե, պատկերացնո՞ւմ եք, հրաման լիներ կրակ բացել, կրակել՝ հազարավոր զոհեր կլինեին»,- հայտարարեց նախկին ոստիկանապետը եւ հավելեց, որ մարտի 1-ի դեպքերը պատերազմական չէին:

Գործե՞լ է շտաբ. Որ մարտի 1-ին Քոչարյանի նստավայրում շտաբ է գործել, Հայկ Հարությունյանը երեկ չկարողացավ ժխտել: Նրա խոսքերից պարզ դարձավ, որ այդ շտաբը ղեկավարել էր այդ օրվա ուժային գործողությունը: Շտաբի անդամներին Հայկ Հարությունյանը չհիշեց, թեեւ խոստովանեց, որ շտաբի անդամներից մեկն ինքն է եղել: Նաեւ հաստատեց, որ շտաբի գոյության մասին կան փաստաթղթեր, որոնք նա կոչեց «պլաններ», եւ ասաց, որ դրանցով առաջնորդվել են դեպքերի ժամանակ: Պարոն Հարությունյանը հանձնաժողովին տեղեկացրեց, որ փետրվարի 29-ի լուսաբացի եւ մարտի 1-ի գործողությունների մասին պարբերաբար զեկուցել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը առավոտվա դեպքերի մասին տեղյակ չի եղել, բայց մարտի 1-ի իրադարձությունների մասին ժամանակ առ ժամանակ նաեւ նրան է զեկուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031