Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովից մեռնեմ էլ՝ ծերանոցի դուռը գնացողը չեմ»

Մայիս 01,2009 00:00

«Սեմուշկա եմ ծախում, որ օրվա հացս առնեմ, մենակ թոշակով չեմ կարող ապրել, ես էլ ուրիշ օգնող չունեմ: Մի տղա ունեմ՝ 8 տարի չեմ տեսել: Ռուսաստան ա ապրում ու ռուս կնիկ ա ուզել, բա էլ ինձ կհիշի՞: Մեկ-մեկ զանգում ա: Բայց ոչ մի կոպեկ չի ուղարկում: Ես էլ հիվանդ կնիկ եմ, բժիշկը թանկ դեղեր ա նշանակել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 69-ամյա տիկին Գոհարը: Նա օրական վաճառված արեւածաղկի սերմից ստացած գումարով հաց եւ մի քանի խիստ անհրաժեշտ սննդամթերք է գնում: Նրա պատմելով, թոշակով էլ հազիվ դեղորայք է ձեռք բերում, որ ի վիճակի լինի գոնե աշխատանքի դուրս գալ: «Հազար ու մի հիվանդություն կա վրես, վախենում էլ եմ նորից բժշկի գնալ, ամեն անգամ մի հիվանդություն են հայտնաբերում: Էնքան էլ թանկ դեղեր են բժիշկները նշանակում: Ասում եմ՝ աղջիկ ջան, էդ դեղի էժանը չկա՞: 2 հատ առնում եմ՝ թոշակս վերջանում ա: Ամբողջ ձմեռ փողոցներն ընկած ցախ եմ հավաքել, որ բերեմ տուն վառեմ: Սկզբից տանս իրերն էի վաճառում ապրելու համար, հիմա էլ ամբողջ օրն էս սառը քարերին եմ նստում, պոչկեքս էլ հիվանդ են, բայց ուրիշ ճար չունեմ: Ամեն ինչ խնայողաբար եմ օգտագործում, որպեսզի կոմունալ ծախսերը կարողանամ վճարել»,- ասաց տիկին Գոհարը: Նա ամուսնու մահից հետո մնացել է մենակ:

Կնոջ խոսքերով՝ «Հույսս կտրել եմ, որ մի օր տղես կգա, նա ինձ պահողը չի, անգամ հոր թաղմանը չեկավ: Հիմա շատ մենակ եմ ու ոչ ոք կողքիս չունեմ: Երկար տարիներ դերձակ եմ աշխատել, իսկ հիմա ասեղ էլ չեմ կարողանում թելել: Բարեկամներիս մեծ մասը Թիֆլիս են ապրում, դժվար ա, չեն կարող ինձ պահեն: Հարեւաններս ասում են՝ գնա ծերանոց, էնտեղ քեզ հաց ու ջուր տվող կունենաս, սովից մեռնեմ էլ՝ ծերանոցի դուռը գնացողը չեմ: Տղա եմ բերել, մեծացրել, որ ծերանոցո՞ւմ մեռնեմ: Ինքը ինձանից հրաժարվել ա, բայց ես՝ չէ: Հենց ծերանոց գնամ՝ տունս ձեռիցս կվերցնեն, իսկ ես տղուս եմ կտակելու: Ինչ էլ լինի՝ նա իմ միսն ու արյունն ա»: Տիկին Գոհարի պատմելով, իր տան վրա շատերն են աչք դրել, բայց ոչ ոք չի ցանկանում իրեն խնամել:

«Ամուսնուս ախպոր տղաները ինձ հանգիստ չեն տալիս, ասում են՝ տունը մեզ վրա կտակի կամ ծախի՝ արի մեզ հետ ապրի, ես համաձայն չեմ, որ ծախեմ՝ նրանք ինձ պահողը չեն ու էդ ժամանակ փողոցում կհայտնվեմ, ոչ ոք էսքան ժամանակ մի անգամ դուռս չի բացել, որ տեսնի՝ մեռա՞ծ եմ, թե՞ սաղ: Հիմա գիտեն մեռնելուս ժամանակն ա, բոլորը ոտի են կանգնել: Հարեւանս ավելի շատ ա իմ մասին մտածում, մեկ-մեկ տաք ճաշ ա բերում, ասում ա՝ հիվանդ կնիկ ես: Եթե սա ապրել ա, բա հարուստները ի՞նչ ասեն, նրանց շունն ինձանից լավ ա ապրում»,- նեղսրտեց տիկին Գոհարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել