Լրահոս
Օրվա լրահոսը

Կչեզոքացնեն խոզի գրիպը

Մայիս 01,2009 00:00

\"\"Երեկ կառավարության նիստում առողջապահության, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարներն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկատվություն են ներկայացրել այն մասին, թե ինչ միջոցառումներ են իրականացվել աշխարհի մի շարք երկրներում տարածված խոզի գրիպի՝ Հայաստան ներթափանցումը կանխելու ուղղությամբ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի տեղեկացմամբ, խոզի գրիպի դեմն առնելու համար նախարարությունը պահեստավորված ունի բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները: Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքերով էլ, Հայաստան ներկրվող բոլոր բեռներն ախտահանվում են եւ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի Հայաստանի սահմանային հսկիչ կետերում հայտարարված կարանտինն ունենա մեծ արդյունավետություն: Նախարարն ասել է նաեւ, որ խոզի մսից վարակը կարող է անցնել նաեւ թռչնի մսին, ուստի առաջարկվում է սահմանափակել նաեւ թռչնամսի ներկրումը: Նշվել է, որ ներկայումս մեր երկրում խոզի գրիպի որեւէ դեպք չի արձանագրվել, սակայն դրա հայտնաբերման դեպքում՝ համապատասխան գերատեսչություններն ու ծառայությունները պատրաստ են կարճ ժամկետում եւ արդյունավետորեն իրականացնել այդ հիվանդության չեզոքացմանն ուղղված աշխատանքներ:

Շվեյցարիայում բժիշկները գրանցել են խոզի գրիպի առաջին դեպքը՝ 19-ամյա ուսանողի մոտ, ով վերջերս էր վերադարձել Մեքսիկայից: Բադեն քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Ժնեւի գրիպի ազգային կենտրոնը երիտասարդի մոտ համաճարակի առկայությունը հաստատել է այն բանից հետո, երբ նրան սխալմամբ դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Արդյունքում՝ հիվանդին հետ են բերել հիվանդանոց, իսկ դրանից հետո բոլոր նրանց, ովքեր շփվել են նրա հետ, բժիշկները խորհուրդ են տվել մնալ տներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել