Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑԵԼ» Է

Մայիս 01,2009 00:00

\"\"Սրտաբանները խորհուրդ են տալիս ուտել բուսական սնունդ, շատ քայլել ու ցավերի դեպքում ժամանակին դիմել բժշկի

Վերջին տարիներին սրտային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը կտրուկ ավելացել է: Սրտաբանների տվյալներով, մեր երկրում 6-7 ընտանիքից առնվազն 2-ի անդամներն ունեն սրտաբանական խնդիրներ: Բժիշկների ներկայացմամբ, բացի այն, որ մարդիկ հիվանդանում են անտեղյակությունից, մեծ դեր է խաղում նաեւ ժառանգական նախատրամադրվածության գործոնը:

Սրտաբանների համոզմամբ, մարդիկ չգիտեն, թե իրենց ապրելակերպից ինչն է խիստ վնասում առողջությանը, տեղյակ լինելու դեպքում էլ՝ անուշադրության են մատնում այդ հանգամանքը: Էկոլոգիան, ծխելը, ճարպային սննդի չարաշահումները, քաշի ավելացումը, սթրեսները, չափից ավելի նստակյաց կյանքը հիմնական պատճառներն են, որոնք հանգեցնում են սրտային հիվանդությունների: Դրանց զարգացմանը խթանում են նաեւ մի շարք վեներական հիվանդություններ, շաքարային դիաբետը, երիկամների ախտահարումները եւ այլն: Բժիշկների խոսքերով, հիվանդությունը գնալով երիտասարդանում է: Սրտաբանները հիվանդության երիտասարդացումը բացատրվում են նաեւ նրանով, որ հայերը վերջին տարիներին փոխել են իրենց ապրելակերպը: Եթե նախկինում շատերն էին զբաղվում ֆիզիկական աշխատանքով եւ առողջ ապրելակերպ էին վարում, ավելի քիչ էին ծխում, ապա հիմա այդ ամենն այլեւս չկա: Այսօր ամենատարածվածը սրտի կաթվածն է:

Թիվ 3 հիվանդանոցի սրտաբան Արթուր Սահակյանի խոսքերով, եթե 3-5 տարի առաջ սրտային հիվանդությամբ տառապող ամենաերիտասարդ մարդը 40 տարեկան էր, ապա այսօր այդ տարիքային խումբը 10-15 տարով նվազել է. «Այսօր մեր պրակտիկայում լինում են հիվանդներ՝ անգամ 25 տարեկանից սկսած: Որոշ դեպքերում գրանցվում են ունիկալ դեպքեր, օրինակ՝ վերջերս 18 տարեկան երիտասարդի մոտ սրտի կաթված էր»: Ըստ Ա. Սահակյանի, 5-10 տարի առաջ Եվրոպայում ծխախոտը, ալկոհոլային խմիչքները մարդիկ ավելի շատ էին օգտագործում, քան մեզ մոտ, իսկ հիմա հակառակն է՝ «Քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ՝ եվրոպացիները կամաց-կամաց հրաժարվեցին իրենց այդ վատ սովորությունից, իսկ մեզ մոտ գնալով շատացավ ծխողների թիվը, ծխողներն էլ սկսեցին ավելի շատ ծխել: Շատ դեպքերում մեկ տուփ ծխախոտը կարող է ավելի շատ վնաս հասցնել սրտին, քան մեկ շիշ օղին: Շատ կարեւոր է ճիշտ նյութափոխանակությունը, խոլեստերինի չափավոր քանակը: Օրինակ, շաքարային դիաբետ հիվանդությունը խանգարում է սրտի լիարժեք սնուցմանը, սիրտն ինչպես հարկն է չի սնուցվում եւ աստիճանաբար թուլանում եւ վերածվում է «փուչիկի»՝ սահմանափակելով ու անհնար դարձնելով կծկումները, ինչի հետեւանքով էլ սիրտը դադարում է աշխատել»:

Զեյթունի «Սիրտ-անոթ» բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Կարեն Համբարձումյանի ներկայացմամբ էլ, սրտի հետ կապված հիվանդությունը հնարավոր է ախտորոշել միայն սրտի ծանրաբեռնվածության ժամանակ արված սրտագրության միջոցով. «Ժառանգականությունը պրոգրեսիվ բնույթ ունի: Այսինքն, եթե պապի մոտ ժառանգականությունը գլուխ է բարձրացրել 50 տարեկանում, որդու մոտ այն հավանաբար կդրսեւորվի 35-40 տարեկանում, իսկ ահա թոռն արդեն կարող է հիվանդանալ 25 տարեկանից սկսած»: Սրտաբանի ներկայացմամբ, սրտային հիվանդի վիճակը կարելի է հաստատուն պահել դեղորայքի միջոցով, բայց դա չի նշանակում, որ մյուս անոթները չեն խցանվի. «Չնայած դեղերը, այնուամենայնիվ, դա մոտ 70-80 տոկոսով կանխում են»:

«Էրեբունի» հիվանդանոցի բժիշկ Տիգրան Պողոսյանի հավաստմամբ էլ, նախակաթվածային դեպքերում վիրահատական միջամտություն է պետք, քանի որ դեղորայքային բուժումը չի կարող լիարժեք լինել. «Դեղորայքը կարող է որոշ ժամանակով դանդաղեցնել սրտի անոթի նեղացումը կամ թեթեւացնել նախաինֆարկտային վիճակի հետ կապված բարդությունները, ձգձգել կաթվածի առաջացումը, բայց ոչ երբեք այն կանխել: Չնայած շատ սրտաբաններ, այնուամենայնիվ, դեղորայքի միջոցով փորձում են վերջ տալ այս հիվանդությանը՝ վտանգելով հիվանդի կյանքը»: Տ. Պողոսյանի խոսքերով, սրտի կաթվածի նախանշաններն են՝ կրծքավանդակի շրջանում ցավի զգացողությունը կամ մարդը հնարավոր է ճնշող ցավեր զգա ստամոքսի կամ ուսի մկանային հատվածում: Նման դեպքերում անպայման պետք է դիմել բժշկի: Ըստ նրա. «Սրտաբանության մեջ, ինչպես եւ բժշկության ցանկացած բնագավառում, շատ կարեւոր է հիվանդության ախտորոշումը մինչեւ դրա սուր վիճակի հասնելը: Բնականաբար, ավելի հեշտ է կանխել հիվանդության զարգացումը եւ դրա բացասական հետեւանքները, քան բուժել սուր վիճակը: Մարդիկ պետք է օգտագործեն բուսական ծագման սնունդ, քանի որ կենդանական սնունդը ավելի շատ է պարունակում խոլեստերին, խուսափեն ճարպային սննդի չարաշահումներից: Ակտիվ ու շարժուն լինեն, ավելի շատ քայլեն, խուսափեն երեկոյան ժամերին սնվելուց, օրվա ընթացքում ուտեն քիչ-քիչ, բայց շուտ-շուտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել