Հայաստանի սպառողական շուկայում ապրիլ ամսվա ընթացքում շարունակվել է դեռեւս մարտին արձանագրված գնաճի միտումը: 2 ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4,6%, ընդ որում ապրիլին, մարտի համեմատությամբ, սպառողական գները աճել են 3,2%-ով: Երեկ այս մասին տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ, պարենային ապրանքների, այդ թվում նաեւ ոգելից խմիչքների եւ ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 1,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 2,8%-ով, իսկ ծառայությունների սակագները թանկացել են 5,6%-ով: Պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2,1% գնաճ, ինչը պայմանավորված է մի շարք ապրանքատեսակների, հիմնականում՝ կենդանական եւ բուսական յուղերի, հացամթերքի, ձկնամթերքի եւ մրգեղենի թանկացմամբ: Դիտարկվող 13 պարենային ապրանքախմբերից 12-ում ապրիլին, մարտի համեմատ, գրանցվել է 0,1-26,6% գնաճ:
Օրինակ, մրգի ապրանքախմբում ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 13%, իսկ 2009-ի մարտի համեմատ՝ 6,5% գնաճ: Մարտի համեմատ՝ 2,5 %-ով թանկացել է նաեւ հացամթերքը: Նույն ժամանակահատվածում մակարոնեղենը թանկացել է 2,8-3,7%-ով, հնդկացորենը՝ 6%-ով, ձավարը՝ 7,1%-ով, սիսեռը՝ 7,2%-ով, իսկ ոսպը՝ 7,9%-ով: Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրվել է 3% գնաճ, իսկ ձկնամթերքի շուկայում փետրվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 35,7% գնաճ: Թանկացել են նաեւ լայն սպառման այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են շաքարավազը, սուրճը, կակաոն եւ թեյը: Ընդամենը 1 ամսվա ընթացքում ոչխարի միսը թանկացել է 7,9%-ով, փոխարենը խոզի միսն էժանացել է 6,8 %-ով: