Իրացման գոտու բնակիչները՝ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Կողբացու, Արամի, Տերյան փողոցների եւ Դալմայի այգիների հողօգտագործողները, երեկ հերթական բողոքի ակցիան կազմակերպել էին հանրապետության հրապարակում, քանի որ նրանց արգելել են հավաքվել կառավարության շենքի առջեւ: Ցուցարարները հայտարարեցին, որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին իրենք ձայնը տալու են ընդդիմության թեկնածուին. «Քանի որ մյուս կուսակցությունները պարզապես չարիք են մեր ժողովրդի գլխին»: Ցուցարարները պահանջում էին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջապես պատասխանի իրենց նամակներին. «Վարչապետը մեզ խոստացել էր, որ հանձնաժողով կստեղծի, որը կզբաղվի մեր գլխին եկած անօրինականություններով եւ վերջապես մի բան պարզ կլինի: Սակայն, ինչպես Սերժ Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ իր խոստումը չկատարեց, այնպես էլ ներկայիս վարչապետն է վարվում: Նախագահի ընտրություններից առաջ մեծ-մեծ խոստումներ տվեցին, բայց ոչինչ էլ չարեցին, դրա համար էլ մենք չենք հավատում իշխող կուսակցությանը ու ձայն չենք տալու նրանց թեկնածուին»:
Մեզ հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը վստահեցրեց, որ իրացման գոտու շուրջ 100 բնակչի փաստացի գրանցում չեն տալիս, որպեսզի կարողանան առաջիկա ընտրություններին մասնակցեն. «Դա դիտավորյալ են անում, որ մեր ձայները օգտագործեն: Մեզանից շատերը վարձով են ապրում ու պարտավոր են նրանց փաստացի գրանցում տալ: Որքան էլ պայքարում ենք, ոչ ոք գործին ընթացք չի տալիս, ուրեմն ինչ-որ մեկին դա ձեռնտու է»: