Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՆ

Մայիս 01,2009 00:00

Պետեկամուտների կոմիտեն գերադասում է ստվերում աշխատող գործարարներին պատժելու փոխարեն, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանել:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար հայտարարում է, որ իրենց ջանքերով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական գործարարը: Միայն այս ամսվա ընթացքում նման ապօրինիների թիվն անցել է մեկ տասնյակից: Հայտնաբերվել են առանց պետական գրանցման գործող հրուշակեղենի, կահույքի, ալկոհոլային խմիչքների, թունաքիմիկատների, ձկնարտադրության ու աղի արտադրամասեր: Ապրիլի 22-ին էլ կոմիտեն հայտարարեց իր հերթական բացահայտման մասին: Պարզվեց, որ մայրաքաղաքի Աբելյան 8 հասցեում ամիսներ շարունակ գործել է քաղցրավենիքի արտադրամաս: Բացի այն, որ գործունեությունը ծավալվել է ապօրինի, հարկայինը հրապարակեց նաեւ, որ շաքարած գետնանուշը, վաֆլե տորթերն ու այլ քաղցրավենիքները պատրաստվել ու իրացվել են չափազանց կեղտոտ եւ հակահիգիենիկ պայմաններում: Նույն պայմաններում էլ ամիսներ շարունակ արտադրվել են երեխաների համար նախատեսված «Ranger» քաղցր բամբակները: Ոմն Կարապետ Խալաթյան, «Էմ Էս Գրուպ Սիստեմս» կազմակերպության պատվերով, իր բիզնեսը ծավալել է ստվերում: Ընդ որում, ձեռնարկատիրոջ գործերը բավականին լավ են ընթացել. օրական արտադրվել է 2 հազար հատ քաղցր բամբակ, որը վաճառվել է 150 դրամով: Ու որպեսզի երեխաները գայթակղվեն ու նախընտրեն հենց այս քաղցրավենիքը, ձեռնարկատերը դրանք կոչել է սիրված մուլտֆիլմի անունով, բացի այդ, նրանց խոստացել, որ այսօր կազմակերպելու է խաղարկություն, որտեղ երեխաներին խոշոր շահումներ են սպասվում: Ուշագրավն այն է, որ քաղցրավենիքը հեռուստատեսության եթերում գովազդվում էր անգամ այն օրը, երբ հարկայինը հրապարակեց ստվերում աշխատող այս արտադրամասի հայտնաբերման մասին: Ու մինչ հարկայինը հայտարարում է, որ «իրենց մոտեցումը հստակ է եւ հարկման դաշտ պետք է բերվեն բոլորը՝ լինի դա փոքր, միջին, թե խոշոր բիզնես», «Առավոտը» մայրաքաղաքի մի քանի խանութներից եւ սուպերմարկետներից պարզեց, որ «Ranger» քաղցրավենիքի վաճառքն ու առաքումը առեւտրի կետեր՝ ոչ մի օր չի դադարել: Բացի այն, որ հարկայինը պարտավոր էր դադարեցնել սանիտարական նորմերին չհամապատասխանող պայմաններում գործող ապօրինի ձեռնարկատիրոջ գործունեությունը, նաեւ հանրապետության բոլոր խանութներից այդ արտադրատեսակը պետք է հավաքվեր ու վաճառքի չթույլատրվեր:

Պետեկամուտների կոմիտեի ներկայացմամբ. «Հարկային մարմինների առաջնային նպատակը՝ միայն ապօրինի դեպքերի բացահայտումը չէ: Տնտեսվարողների հետ նաեւ բացատրական աշխատանքներ են տարվում, նրանց ժամանակ է տրվում՝ պետական գրանցում ստանալու եւ գործունեությունը օրինական հիմքերի վրա ծավալելու համար»: Ստացվում է, որ որեւէ բիզնեսով զբաղվելուց առաջ պարտադիր չէ ամիսներ շարունակ վազվզել ու հարկային ծառայության պահանջած փաստաթղթերը հավաքել: Կարելի է պարզապես մի հարմար տարածքում, անգամ կեղտոտ ու գարշահոտ նկուղի մի անկյունում որեւէ քաղցրավենիքի կամ խմիչքի արտադրություն կազմակերպել եւ հանգիստ փող աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ «գործ տվող» հարեւաններից կամ ծանոթներից որեւէ մեկը հարկայինի աշխատակիցներին տեղյակ չի պահել այդ մասին: Այդ դեպքում միայն կարելի է մտածել ստվերից դուրս գալու եւ հարկատու դառնալու մասին:

Այն, որ Հայաստանի նման փոքր երկրում որեւէ մեկը կարող է հարկայինի տեսադաշտից դուրս փող աշխատել, քիչ հավանական է: Առավել հավանական է այն, որ ապօրինի ձեռնարկատերերը գործում են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել