Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը նաեւ ասմունքող է

Մայիս 01,2009 00:00

Ըստ Արման Սահակյանի, իր քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, «օբյեկտային» կյանքով չի ապրում

«Չեմ ասում, որ այդպիսի բան կա, ոչ էլ բացառում եմ: Իմ կարծիքով՝ լրատվամիջոցների երեւակայությունն է: Բայց, համենայնդեպս, ես միշտ հայտարարել եմ, որ ինձ համար պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել: Ես պատրաստ կլինեմ ցանկացած դեպքում, եթե լինի ՀՀԿ բուն որոշումը, նաեւ զբաղեցնել պաշտոն»,- երեկ «Հայելի» ակումբում ի պատասխան հնչեցված հարցերի՝ ասաց ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, որը եկել էր բանավիճելու «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ: Բանն այն է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու՝ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանի անունը շրջանառվում է սոցիալական ապահովության հարցերի կամ կրթության ու գիտության հարցերի նախարարությունների թափուր մնացած կամ մնալիք նախարարական պաշտոնների հավակնորդների շարքում, եթե, իհարկե, իշխանությունը ՀՅԴ-ին ԱԺ հանձնաժողովների պաշտոնների օրինակով չառաջարկի պահել նաեւ նախարարությունները, իսկ ՀՅԴ-ն էլ, «ի շահ պետության», չընդունի այդ առաջարկը նույնպես: Իմիջիայլոց, պատգամավորը նկատեց, որ ինքն ունի հումանիտար կրթություն, իսկ այս պահին էլ սովորում է կառավարման ակադեմիայում: Ա. Սահակյանի հաջորդ հայտարարությունը վերաբերվում էր քեռուն՝ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, ում անունը վերջերս շոշափվեց հերթական հասարակական հնչեղություն ունեցող պատմության մեջ՝ «Ծղոտներ» ռեստորանի վերջին հայտնի միջադեպը. «Աշոտ Աղաբաբյանը հիմնականում այդպես «օբյեկտային» կյանքով չի ապրում։ Աշոտ Աղաբաբյանն այն մարդկանցից մեկն է, որը այս պետության, Հայաստանի անկախության հիմքերում կանգնած մարդ է, եւ այս երկրի համար պատերազմ տեսած մարդ է»։

Արման Սահակյանը նաեւ ի ցույց դրեց ասմունքողի իր ունակությունները՝ «Նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տակ». մեր մանկության բանաստեղծությունը շատ սահուն արտասանեց պարոն Սահակյանը, իսկ առիթը նրա ընդդիմախոսի՝ Արմեն Մարտիրոսյանի հիշեցումն էր, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չընդունեց իշխանության՝ հանձնաժողով գլխավորելու առաջարկը. «Որովհետեւ երեք նոր հանձնաժողովները պայմանավորված են մարտիմեկյան իրադարձություններով, ինչպես նաեւ «Օրինաց երկրի»՝ կոալիցիայի մեջ մտնելով, իսկ «Ժառանգությունը» չէր կարող մարտի 1-ի արյան վրա առեւտրի մեջ մտնել: Ոչ թե պատասխանատվությունից հրաժարվելու քայլ է եղել, այլ առեւտրից հրաժարվելու քայլ»,- պարզաբանեց պարոն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել