Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Մայիս 01,2009 00:00

\"\"ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը շարունակում է պնդել, թե այն հիմքը, որով Հայաստանի 7 ընդդիմադիր գործիչները

պահվում են բանտում՝ բավական խախուտ է:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց իր զեկույցը 2008-ին իրականացրած գործունեության վերաբերյալ: Զեկույցում ասված է, թե հանձնակատարի պարբերական այցերը ԵԽ անդամ պետություններ ապացույց են. «Անջրպետ կա քաղաքական հռետորաբանության եւ իրականության միջեւ, երբ գործը հասնում է մարդու իրավունքների չափանիշները կիրառելուն»: Ըստ Թոմաս Համմարբերգի՝ «Եվրոպայի եւ ոչ մի երկիր ազատ չէ խտրականությունից ու ռասիզմից: Գնչուները եւ շատ այլ էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններն ու միգրանտները, ինչպես նաեւ լեսբուհիները, արվամոլները եւ տրանսգենդեր մարդիկ իրենց առօրյա կյանքում դեռեւս հանդիպում են լուրջ խոչընդոտների: Հաշմանդամ մարդիկ հաճախ զրկված են հիմնական իրավունքներից: Կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում աշխատանքի շուկայում, եւ նրանք բավարար ներկայացված չեն քաղաքական մարմիններում: Բռնությունն ընտանիքում տխուր իրականություն է շատ տներում, եւ երեխաների հանդեպ չարաշահումների մասին հաղորդում են ցանկացած երկրից»:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր զեկույցում նաեւ արձանագրել է, թե շատ հաճախ արդարադատության համակարգը՝ ներառյալ ոստիկանությունը, դատարանները եւ քրեակատարողական հիմնարկները, չեն երաշխավորում լիակատար հարգանք մարդու իրավունքների հանդեպ. «Եվ պարբերական հաղորդումներ ենք ստանում կոռուպցիայի, անիրազեկության եւ իշխանության չարաշահման դեպքերի վերաբերյալ»:

Անդրադառնանք Թոմաս Համմարբերգի այն գնահատականներին, որոնք անմիջականորեն են վերաբերվում ԵԽ անդամ մեր պետությանը՝ Հայաստանին: Հիշատակված է, որ հանձնակատարը 2008-ին զեկույց է ներկայացրել Հայաստանի մասին. «2008-ի մարտին հետընտրական բռնությունները պահանջեցին առավել կենտրոնացված ուշադրություն եւ հայկական իշխանությունների հետ ընդգրկուն խորհրդակցություններ՝ ԵԽ մարմինների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Ես 3 այց եմ կատարել՝ կենտրոնանալով դեպքերի անկախ, անկողմնակալ, անաչառ ու թափանցիկ հետաքննություն կատարելու եւ այդ կապակցությամբ իրենց ազատությունից զրկված մարդկանց, ներառյալ՝ նրանց դատաքննությունների իրավիճակի վրա»:

Ի դեպ, Թոմաս Համմարբերգն այս զեկույցում խոստացել է, թե ավելի նպատակային այցեր է կատարելու երկրներ, ինչպես նաեւ կենտրոնանալու է ճգնաժամային իրավիճակների եւ հակամարտող երկրներում մարդու իրավունքների վիճակի վրա. «Զեկույցներս հարմարեցվելու են նոր մոտեցմանը՝ դրանք ավելի կարճ կլինեն, ավելի թիրախային եւ կհրապարակվեն այցերից հետո հնարավորինս շուտ: Ես նաեւ կուզենայի մեծացնել իմ գրասենյակի ունակությունը՝ ավելի արագ արձագանքել այնպիսի դեպքերի, որոնք կարող են ազդել ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների վիճակի վրա»: Նաեւ նշել է. «Ես մտադիր եմ երաշխավորել, որ իմ աշխատանքը շարունակելու է ակտիվորեն նպաստել Եվրոպայի կառուցմանը, որտեղ ոչ մեկը չի զրկվում իր իրավունքի պաշտպանությունից»:

Զեկույցը ներկայացնելուց հետո Թոմաս Համմարբերգը պատասխանեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Հերթագրվել էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, եւ ի տարբերություն այս նստաշրջանում ելույթ ունենալու նրա 3 փորձերի, երբ ժամանակը չէր հերիքում՝ այս անգամ նա հնարավորություն ունեցավ իր խոսքն ասելու: Եվ Թոմաս Համմարբերգից հետաքրքրվեց, թե արդյոք տեղյա՞կ է, որ Հայաստանի գլխավոր դատախազը հրաժարվել է մարտի 1-ից հետո առաջադրված իր նախկին մեղադրանքներից, եւ այդ հիմքով Հայաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ պետք է ազատ արձակվեին. «Սակայն նրանք մնացին ազատազրկված՝ առանց որեւէ իրավական հիմքի»: Նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք հանձնակատարը տեղյա՞կ է, որ մարտի 1-ի ողբերգության հետեւանքով 10 զոհերից 3-ը սպանված էին ոստիկանության կողմից, ու թեեւ մի տարուց ավելի է անցել՝ մինչ այժմ որեւէ ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության: Թոմաս Համմարբերգը շատ մանրամասն պատասխանեց այս հարցին: Եվ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին՝ ասաց. «Այդ ցույցում կային բռնության տարրեր, բայց ցուցարարների մեծ մասը, որոնք այնտեղ էին մի քանի օր՝ բացարձակ խաղաղ էին»: Նաեւ պատմեց Հայաստանի գլխավոր դատախազի հետ իր քննարկումների մասին. «Ես նրան հայտնել եմ իմ սկեպտիցիզմը ցուցարարների 7 առաջնորդներին առաջադրված մեղադրանքների ապացույցների բնույթի վերաբերյալ, որոնք շատ ուժեղ չեմ համարում»: Եվ անդրադառնալով օրենսդրական փոփոխություններից հետո որոշ մեղադրանքներից հրաժարվելուն ու 7-ի գործի մասնատմանը՝ պրն Համմարբերգն ասաց. «Ես սա համարում եմ առաջընթաց, բայց առաջվա պես անհանգստացած եմ այն փաստի կապակցությամբ, որ ընդդիմադիր 7 քաղաքական առաջնորդներն առաջվա պես կալանքի տակ են այն հիմքով, որը ես բավական խախուտ եմ համարում: Այս իրավիճակն արդեն 1 տարուց ավելի է շարունակվում, եւ ես հուսով եմ, որ կգտնվի շուտափույթ լուծում: Իմ առաջարկն էր, որ հայտարարվի համաներում, որպեսզի այդ մարդիկ ազատ արձակվեն, եւ երկիրը կենտրոնանա այնպիսի ապագա կառուցելու վրա, ուր կհարգվեն մարդու իրավունքները: Սա շատ տխուր շրջան էր Հայաստանի պատմության մեջ»: Եվ ըստ նրա՝ Հայաստանի հետ կատարվածից որոշ դասեր կարող է քաղել Մոլդովան:

Եզրափակելով հարցին իր պատասխանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծեց. «Մենք առաջվա պես մտահոգված ենք եւ առաջվա պես չենք տեսնում հիմնավոր պատճառներ, որ այդ 7 քաղաքական գործիչները մնան կալանավորված, բայց մենք լսում ենք որոշ դրական ազդանշաններ այս խնդրի լուծման կապակցությամբ: Եթե այդ լուծումը գտնվի՝ Եվրոպայի խորհուրդը կարող է հետ նայել այդ շրջանին ու տեսնել, որ մենք կառուցողաբար նպաստեցինք, որ լուծվեն առնվազն մի քանիսը Հայաստանի դժվար խնդիրներից»:

Հ. Գ. Ի դեպ, զեկույցը ներկայացնելիս Թոմաս Համմարբերգն ասաց, թե իրեն խնդրել են ավելի ակտիվ լինել իրավապաշտպաններին աջակցելու հարցում, որոնք հարվածներ են կրում այլոց իրավունքները պաշտպանելու պատճառով: Նշենք, որ ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ն քննարկել է «ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների վիճակը» զեկույցը, որում նշվում է, թե Հայաստանում, Ադրբեջանում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Վրաստանում, Ռուսաստանում, Սերբիայում եւ Թուրքիայում իրավապաշտպաններն արժանանում են թշնամական վերաբերմունքի, նրանց առջեւ հարուցվում են խոչընդոտներ: Եվ հատկապես Կովկասյան պետությունների կապակցությամբ շեշտված է, թե այստեղ իրավապաշտպանների վիճակն ավելի ծայրահեղ է, քանի որ նրանցից ոմանք ավելի հաճախ են դառնում բռնությունների զոհ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել