Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական քարոզչությո՞ւն, թե՞ քաղաքական գործունեություն

Մայիս 01,2009 00:00

ԿԸՀ-ն երեկ կայացրեց իր «ավանդական» որոշումները

Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 8 կուսակցություններին եւ դաշինքներին: Նիստի այս հարցի վերաբերյալ բանավեճ ծավալվեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի եւ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի միջեւ: Վերջինս գտնում է, որ հակաօրինական էր ՀՅԴ-ի գրանցումը, քանի որ կուսակցական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը Երեւանի գրանցում չունի, հետեւաբար, չի կարող հավակնել Երեւանի քաղաքապետ դառնալուն: «Եթե դու մտնում ես քաղաքական դաշտ ու գնում ես պայքարի, ապա պետք է ազնիվ լինես սկզբից մինչեւ վերջ: Եթե դու կարող ես քո հարցերը լուծել այլ ճանապարհներով՝ ես դա չեմ ընդունում: Մեզանից յուրաքանչյուրն էլ դատարանում կարող է վերցնել իրեն պահանջվող տեղեկանքը: Ես չեմ ընդունում քաղաքական գործչի անբարոյականությունը: Գոնե ցուցակը չգլխավորեր: Նա պետք է ինքնաբացարկ ներկայացներ»,- ասում է տիկին Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ Ա. Մինասյանին լիազոր մարմինը հրաժարվել էր Երեւանում մշտական բնակության մասին փաստաթուղթ տալ, եւ միայն վարչական դատարանի որոշումից հետո փաստաթուղթը տրամադրվեց: ՀՅԴ-ին գրանցելու միակ «դեմ» ձայնը տիկին Թադեւոսյանինն էր: Որոշումն ընդունվելուց հետո նա նկատեց. «Ինքներդ ձեզ տանում եք մի դաշտ, որը կոչվում է՝ էստեղ անգրագետներ են նստած ու անգրագետ որոշումներ են կայացնում»:

Հաջորդ հարցերը քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումներն էին, որոնցով նա փորձում էր պարզաբանումներ ստանալ հանրային ծառայող ավագանու թեկնածուների՝ քարոզչություն վարելու կարգի մասին: ԿԸՀ-ն մասնակի փարատեց պարոն Թորոսյանի մտահոգությունները՝ հղում անելով համապատասխան օրենսդրությանը, որոշում կայացրեց, որ պետական պաշտոնյա թեկնածուները պետք է այդ շրջանում ազատվեն պաշտոնական պարտականությունների կատարումից եւ այդ առիթով համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԸՀ:

Իր երկրորդ դիմումի քննարկմանը Թորոսյանը ներկա չէր: Դա էլ վերաբերում էր նախընտրական քարոզչություն իրականացնելուն: Ռ. Թորոսյանը երկու էջանոց փաստաթուղթ էր ներկայացրել ԿԸՀ, որում մանրամասն օրինակներ են բերված, թե ինչ տարատեսակ օգնություններ են կուսակցությունները տրամադրում այս շրջանում բնակչությանը, ինչպես է այդ նպատակով օգտագործվում վարչական ռեսուրսը եւ այլն: Այս առիթով Զոյա Թադեւոսյանի հարցին էլ՝ «կուսակցական գործիչները նստած՝ հեռուստատեսությամբ հայտարարում են, թե ինչպիսի լուրջ հայտով են գնում առաջիկա ընտրությունների. դա ի՞նչ է», Գարեգին Ազարյանը պարզաբանեց՝ «քաղաքական գործունեություն»: Թե ո՞րն է «քաղաքական գործունեության» եւ «նախընտրական քարոզչության» սահմանը, ըստ Գ. Ազարյանի՝ «քանի դեռ սկսված չէ նախընտրական քարոզչության օրինական մեկնարկը»: Վերջինս գտնում է, որ, ասենք, 2014 թ. ընտրություններին կուսակցությունները կարող են նախապատրաստվել հենց այսօրվանից՝ շտաբներ բացեն, դրանց վրա ցուցանակներ ու պաստառներ փակցնեն, ելույթներ ունենան: Տիկին Թադեւոսյանի եւ պարոն Ազարյանի վեճն ավարտվեց նրանով, որ վերջինս հեգնեց՝ «Հիմա, ի՞նչ է, մինչեւ քարոզարշավի մեկնարկը հանրահավաքները արգելե՞նք. դրանից էլ լավ քարոզչությո՞ւն»: Վեց «կողմ», մեկ «դեմ» ձայնով ԿԸՀ-ն որոշեց, որ մինչ այժմ հնչած հայտարարությունները եւ ծավալած գործունեությունը նախընտրական քարոզչություն չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել