Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ»

Մայիս 01,2009 00:00

Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից

– Դաշնակցությունը, ընդդիմություն դառնալով, որոշեց պահպանել ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, սակայն, մեր տեղեկություններով, դուք հրաժարվում եք պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչո՞ւ:

– Դեռ ամիսներ առաջ իմ մոտ ցանկություն էր առաջացել թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիմա չբացեմ փակագծերը, բայց, կարծում եմ, ամիսներ առաջ բառերի մեջ ամեն ինչ ասված է: Եվ երբ Դաշնակցությունը նման որոշում կայացրեց, եւ մենք դիմում ներկայացրեցինք հրաժարականի մասին, կարծում եմ՝ իմ ընկերները, իմ շրջապատը, բոլորն ակնհայտ իմ դեմքին տեսնում էին այն ուրախությունը, որ ապրում էի այդ վայրկյաններին: Բայց դրանից հետո, քննարկումների արդյունքում, կայացվեց այլ որոշում: Որպես դաշնակցական, հավատարիմ մնալով կանոնադրությանը, հավատարիմ մնալով գաղափարներին, իսկ եթե դրան գումարենք նաեւ՝ որպես զինվորական, ով իր կյանքի վերջին 17-19 տարիները ապրել է հենց այն շրջանակներում, երբ հրամաններն անվերապահորեն կատարվում են եւ հետո միայն քննարկվում, ես առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով: Բայց ես ունեմ իմ անձնական կարծիքը, այն, որ ես պետք է չաշխատեմ այդ պաշտոնում եւ պետք է այն թողնեմ: Ամենաուշը երկուշաբթի օրը ես անպայման ներկայացնելու եմ դիմում այդ պաշտոնը թողնելու վերաբերյալ: Այդ մասին խոսել եմ իմ ընկերների հետ, Բյուրոյի իմ ընկերների հետ, խմբակցության մեր ղեկավարի հետ, եւ մենք եկել ենք այն եզրակացության, որ ես ճիշտ եմ վարվում, այն իմաստով, որ լինելով կարգապահ դաշնակցական՝ դիմում եմ ներկայացնում եւ, մյուս կողմից էլ, ունենալով իմ անձնական կարծիքը, կարող եմ առաջնորդվել այդ սկզբունքով եւ հրաժարվել պաշտոնից։

– Մեր տեղեկություններով, ԱԳ նախարարի եւ խորհրդարանականների վերջին փակ հանդիպման ժամանակ դուք բավականին կոշտ դիրքորոշում եք ունեցել եւ չեք թաքցրել ձեր զայրույթը:

– Հանդիպումը Էդուարդ Նալբանդյանի հետ ինձ շատ հիասթափեցրեց, այնպես էին ներկայացվում հայ-թուրքական հարաբերությունները, որ ես չէի կարող չպոռթկալ եւ չէի կարող չարձագանքել։ Բայց դա նաեւ արագացրեց, որպեսզի ես կայացնեմ իմ որոշումը։ Շարունակելու եմ որպես պատգամավոր անել իմ գործը։ Ունեմ պատգամավորական նախաձեռնություններ, շրջանառության մեջ է «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» օրենքը, ես առաջարկներ ունեմ «Զինապարտության մասին» օրենքում, ունեմ սկզբունքային առաջարկներ, որոնք քննարկել եմ վարչապետի հետ, եւ կարծում եմ՝ այդ առաջարկը կառավարությունը կընդունի, եւ գտնում եմ, որ որպես պատգամավոր դեռ անելիքներ ունեմ։

– Ի՞նչ կարծիքի եք Դաշնակցության որոշման մասին՝ դառնալ ընդդիմություն եւ, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում տարաձայնություններ ունենալով հանդերձ, պահպանել ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

– Անկեղծ լինելով՝ ասեմ, որ ընդդիմություն լինելով ընթացքին հետեւելը մեր երկրում շատ դժվար է, ձեւավորվել է մի այնպիսի մշակույթ, որ ընդդիմությունը եղած-չեղած մի հաշիվ է որոշումներ կայացնելու ժամանակ։ Իրականում, ընդդիմությունը իր չափով պետք է լինի իշխանության, պետության մի կարեւոր մասը։ Բայց այդ մշակույթը մեր երկրում չի ձեւավորվել։ Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ եթե մենք ամբողջությամբ կտրվենք այդ քննարկումներից, մեր ձայնը այլեւս լսելի չի լինի։ Հավաստիացնում եմ, Դաշնակցությունը մեծ գործ արեց՝ կոալիցիայի անդամ լինելով։ Հիմա անունը կարող ենք չակերտավոր դնել ներքին ընդդիմություն, կարող ենք անունը դնել քննարկումների լայն հնարավորություն, բայց Դաշնակցությունը մեծ գործ արեց, եւ եթե ընդդիմություն լիներ մեկ տարի առաջ, այսքան արդյունավետ չէր լինի։ Երեւի թե որոշումը ճիշտ էր, ժամանակը ցույց կտա։ Արտաքին հարցերի եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովները կարեւոր հենակետեր են Դաշնակցության համար, որպեսզի տեղեկացված լինի ընթացող գործողություններին եւ, անհրաժեշտության դեպքում, ընդդիմանա, որը վստահ եմ՝ կունենա իր որոշակի ազդեցությունը։ Տեսեք, բոլորը խոսում են ճանապարհային քարտեզ կոչվածի մասին, մարդ չի հասկանում՝ այդ քարտեզը գործողությունների՞ շարք է, թե՞ գործողությունների ժամանակացույց է։ Այդպես էլ չհասկացանք՝ ԱԳ նախարարը ինչ ներկայացրեց մեր հասարակությանը։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ ոչինչ էլ չի եղել, ոչ մի քարտեզ, ոչ մի գծագրություն, ոչ մի բան չի եղել, ուղղակի եղել է մի հայտարարություն, որն անհրաժեշտ էր անել, որպեսզի մեր հասարակությանը ասեն, որ գործընթաց է սկսվում: ՀՀ նախագահը հստակ ասաց, որ եթե սահմանը չբացվի, ապա ինքը չի ընդունի ֆուտբոլին ներկա գտնվելու հրավերը։ Տեղեկացված չլինելով, թե ինչ քարտեզի մասին է խոսքը, կարծում եմ, շատ ճիշտ կլիներ, որ ԱԳ նախարարը հայտարարեր, որ եթե սահմանը չբացվի մեր հանրապետության նախագահի նշած այդ ժամանակահատվածում, ապա ինքը հրաժարական կտա։

– Վարչապետը ասաց՝ Հայաստանում խնդիրն այն է, որ մեզանում ոմանք ընդհանրապես դեմ են հայ-թուրքական հարաբերություններին, եւ մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե հակաթուրքական է, այլ՝ պրոհայկական։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։

– Իհարկե՝ ոչ։ Ուղիղ մեկ տարի ՀՀ նախագահի գլխավորությամբ մշակել ենք ազգային անվտանգության ռազմավարություն, մոտ վեց ամիս հանրապետության նախագահի գլխավորությամբ մշակել ենք պաշտպանական դոկտրին (դրանցում խոսել ենք ե՛ւ էներգետիկ, ե՛ւ տրանսպորտային, ե՛ւ պաշտպանական անվտանգությունից, տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից)։ Եվ այդ ամբողջ գործընթացում հայ-թուրքական հարաբերություններին հատկացվել է ընդամենը մեկ օր կամ կես օր։ Հիմա այդ ի՞նչ դերակատարություն ունի մեր երկրի համար այս սահմանը, ես այդպես էլ չհասկացա։ Թե՞ հայ-թուրքական սահմանը որպես դասագիրք պետք է ծառայի որոշ պաշտոնյաների համար, որ լավ աշխատեն։ Չմոռանանք, որ հարաբերություններ չունենալը յուրովի հարաբերություններ են։

– Որպես պատերազմի մասնակից՝ դուք մտահոգություն չունե՞ք, որ այս ամենը կապված է նաեւ Ղարաբաղի հարցի հետ։

– Իրականում, առանձին վերցրած հայ-թուրքական հարաբերություններ ես չեմ տեսնում։ Դրանք ունեն իրենց սկիզբը 3-րդ հանրապետության կյանքում, դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է, եւ դրանք իրենց ավարտը կունենան ԼՂ խնդրի կարգավորման շրջանակներում։ Մենք միշտ բարձրաձայնել ենք, որ Թուրքիան հանդես է գալիս որպես հակամարտության կողմ։ Հիմա հարց եմ տալիս՝ կո՞ղմ է, թե՞ կողմ չէ։ Հավատացած եմ, որ Ադրբեջանը ավելի շատ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քան հակառակը։ Այս առումով ես չեմ տեսնում հայ-թուրքական հարաբերություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել