Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ «ՄԵԽԸ» ԳՏԱՆ

Մայիս 01,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության մեջբերումները «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեղադրանքի հետ կապ ունեի՞ն

ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 21-ին իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր հաղորդագրություն, որտեղ մեջբերված էին նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանի՝ ապրիլի 5-ին եւ 6-ին տված ցուցմունքներից առանձնացված հատվածներ՝ որպես ցուցմունքներ, «որոնք ամբողջությամբ պնդվել են դատարանում»: Այդպիսին էր համարվել Տ. Հակոբյանի այն պնդումը, թե՝ փետրվարի 20-29-ը Օպերայի հրապարակում անցկացված հանրահավաքները կազմակերպվում էին Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների, այդ թվում նաեւ՝ Ալ. Արզումանյանի կողմից, որ հանրահավաքներում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած 60%-ի վերաբերյալ ընդդիմությունը հայտարարություններ էր հնչեցրել «ոչ թե քվեարկության արդյունքներն արտացոլող արձանագրությունների թվային տվյալներն ամփոփելով, այլ հիմնվելով սոցիոլոգիական հարցումների վրա, թեեւ, ըստ դրանց եւ Տ. Հակոբյանի ցուցմունքի, հանրապետության ամբողջ տարածքով Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ձայները գրեթե հավասար էին (երկուսն էլ չէին անցնում 40%-ը)»: Իսկ հարցադրմանը, թե՝ ինչու է Ա. Արզումանյանը հայտարարել, որ Լ. Տեր-Պետրոսյանը հաղթել է առաջին փուլում 60%-ից ավելի տոկոս ձայներով, Տ. Հակոբյանը պատասխանել է, թե՝ «Չեմ կարող ասել: Գուցե, Ալ. Արզումանյանն այլ տեղեկություններ կամ հարցման տվյալներ ուներ, կարող է եւ դա քարոզչական հնարք էր: Դա նորմալ քարոզչական էլեմենտ է, որն օգտագործվում է ցանկացած երկրում ընտրությունների ժամանակ: Ի վերջո, պետք է նաեւ ընդունել, որ հանրահավաքային ելույթներն ունեն իրենց տրամաբանությունը՝ զանգվածներ գրավելու խնդիր»:

Ինչո՞ւ դատարանում հարցաքննված 10 վկաներից հատկապես Ձեր ցուցմունքն այդչափ ուշադրության արժանացավ, արդյոք ոչ ա՞յն պատճառով, որ Դուք նախաքննության ընթացքում չծեծված եզակի վկաներից մեկն էիք: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Տ. Հակոբյանը պարզաբանեց. «Նախ, թերեւս, այն պատճառով, որ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում կարեւոր ուղղություն՝ ամբողջ քարոզարշավն եմ համակարգել, եւ դատախազության կարծիքով՝ իմ խոսքը ինչ-որ կշիռ եւ հեղինակություն ունի: Երկրորդ, որն ինձ ուրախացնում է՝ փաստորեն դատախազության «մեղադրականն» այնքան սնանկ է, որ իմ ցուցմունքներից կցկտուր եւ համատեքստից դուրս բերված մեջբերումներով են փորձում ապացուցել կոնկրետ դեպքում Ալ. Արզումանյանին եւ Ս. Սիրունյանին, իսկ ընդհանրապես՝ Համաժողովրդական շարժման առաջնորդներին առաջադրված «մեղադրանքը»: Երրորդ՝ փորձեր են անում իմ միջոցով վարկաբեկել Համաժողովրդական շարժումը: Բայց եթե ուշադիր կարդաք այդ հաղորդագրությունը, պարզ կդառնա, որ դրանք ամբողջությամբ փուչ են: Դատախազությունը հիմնվում է իմ ցուցմունքից Ձեր մեջբերած, բայց կոնտեքստից կտրված, երեք դրվագի վրա: Ես, այո, պնդում եմ իմ ցուցմունքները: Իսկապես, փետրվարի 20-29-ի հանրահավաքներն ինքնաբուխ չեն եղել եւ կազմակերպվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից, որը հանրահայտ բան է, եւ ես համոզված եմ, որ եթե դրանք կազմակերպված չլինեին, հետեւանքները մեր ժողովրդի եւ պետականության ու առաջին հերթին՝ հենց իշխանությունների համար շատ ավելի ցավալի ու ողբերգական կլինեին: Չկառավարվող, վրդովված ու վիրավորված, մարդկային արժանապատվությունը ոտնահարված ամբոխը շատ ավելի վտանգավոր կարող էր լինել, բայց ի պատիվ Լ. Տեր-Պետրոսյանի եւ նախընտրական շտաբի ներկայացուցիչների, 9 օր կազմակերպված հանրահավաքների եւ երթերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց կողմից որեւէ բռնի գործողություն կամ անօրինական քայլ չեղավ: Եվ հենց իշխանություններն այնպես արեցին, որ մարտի 1-ին մեր քաղաքացիները անկառավարելի դառնան, չղեկավարվեն, ու դա ունեցավ իր ողբերգական հետեւանքները: Այսինքն՝ այս մասով կրիմինալ չկա»:

Ինչ վերաբերում է 60% ձայներին կամ «քարոզչական հնարքներին», ապա, ըստ Տ. Հակոբյանի, այդ հատվածի մեջբերմամբ դատախազությունն ակամա խայծ է կուլ տվել, որովհետեւ դրանք վկայում են ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների մասին: «Չէ՞ որ ես ասել եմ՝ ձայները գրեթե հավասար են եղել, 40%-ական: Բայց ինչպե՞ս եղավ, որ արդյունքում Ս. Սարգսյանը ստացավ 52% ձայն, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը՝ 21%: Այսինքն՝ 40%-ն ընդունելով որպես օբյեկտիվ, նրանք փորձում են վարկաբեկիչ նյութ սարքել՝ այն, որ Տեր-Պետրոսյանը ստացել է ոչ թե 60%, այլ 40%, մոռանալով, որ 40%-ը 52% եւ 21% չէ»,- պարզաբանեց Տ. Հակոբյանը: Նա նաեւ մատնանշեց դատարանում տված իր ցուցմունքը, որը վերաբերում էր հանրահավաքի մասնակիցների կողմից «Հիմա» կարգախոսի վանկարկմանը, որը ենթագիտակցաբար կարող էր ընկալվել որպես բռնության կոչ. «Դրա առնչությամբ ասել եմ, որ մեր նախընտրական քարոզչական խմբում այդ կոչն ընդհանրապես չկար, եւ ես վատ էի վերաբերվում այդ կոչին, որովհետեւ դա մեր կոնցեպտի մեջ չէր մտնում: Նաեւ հավելել եմ, որ երբ ժողովրդի մեջ «հիմա»-ն հնչում էր, եւ ագրեսիա էր զգացվում, Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները մարդկանց հանդարտեցնում էին, պնդելով, որ շարժումը գործելու է միայն սահմանադրական ճանապարհով: Նրանք այս հավելումը հանել են համատեքստից: Եթե այս երեք կետերը հանես, որոնցով դատախազությունը փորձում է մեղադրական ներկայացնել Արզումանյանին, Սիրունյանին եւ մյուսներին՝ այդ մեղադրանքները հօդս են ցնդում: Թե ինչի՞ են սա արել՝ հասկանալի չի. ինձ իմ ընկերների մոտ վարկաբեկելո՞ւ, թե՞ «մեղադրանքի» համար այլ փաստեր չունենալու պատճառով: Պատկերացնո՞ւմ եք մի դատավարություն, որտեղ մարդիկ մեղադրվում են բռնությունների կազմակերպման մեջ, եւ մեղադրական ճառը փորձում են կառուցել իմ այս ցուցմունքների վրա: Ես սխալվել եմ, երբ ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ մարդատեղ եմ դրել դրանց եւ նրանց հարցերին «այո» կամ «ոչ» չեմ պատասխանել, որպեսզի իմ ցուցմունքները չաղճատվեին: Սա ՊԱԿ-ի գործելաոճն է, որով մարդկանց փորձում են հիմարի տեղ դնել: Ես դրանից չեմ զարմանում: Եթե Շոթա Վարդանյանն իրեն թույլ է տալիս ասելու, որ մարդու ոսկորը խոճկորի ոսկոր է, երբ դատում են այն մարդկանց, ովքեր բռնությունների են ենթարկվել, եւ չեն պատժվում մարդիկ, ովքեր տասնյակ մարդ են սպանել, ապա իշխանության այդ տրամաբանության մեջ այդ գործելաոճը տեղավորվում է, թեեւ դա շատ թույլ եւ ծիծաղելի տրամաբանություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել