Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորը չզբաղվել մաթեմատիկա՞

Ապրիլ 30,2009 00:00

2000 թվականին կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ մարզպետարանների կրթության վարչությունները, զինվորական գործի մասնագետներ ներգրավելով, պետք է հանրակրթական դպրոցներում ստուգեն նախնական զինվորական պատրաստության ուսուցման վիճակը: Սակայն այս վերահսկողությունն արդեն 9 տարի «քնած» է: Առկա բացը լրացնելու համար պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը հանդիպում է դպրոցների տնօրենների, զինղեկների հետ: Հերթական հանդիպումը Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր: Տարածաշրջանի դպրոցների ղեկավարների ու զինղեկների առաջ երկու ժամանոց ելույթում Սեյրան Օհանյանի խորհրդականը անդրադարձավ դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, դպրոցներում զինվորական գործի եւ ֆիզկուլտուրայի լիարժեք ուսուցմանը, դպրոցները՝ ուսումնական զենքով, զինասենյակները՝ ազդանշանային համակարգով հագեցնելուն եւ այլ հարցերի: Մուրազ Սարգսյանն ընդհանուր առմամբ օգտակար բաներ էր ասում: Սակայն դեռեւս խորհրդային շրջանում գեներալի ուսադիրներ կրած, ղարաբաղյան պատերազմին մասնակցած զինվորականի որոշ մտքեր ներկաների ժպիտն ու տարակուսանքն էին հարուցում: Օրինակ, գեներալն ասաց, որ աշակերտներին հարկ է խորությամբ ուսուցանել հայոց լեզուն, հայոց պատմությունը, աշխարհագրությունը, նախնական զինվորական պատրաստությունն ու ֆիզկուլտուրան, իսկ մաթեմատիկան կարեւոր չէ: Հետաքրքիր է, մի՞թե 21-րդ դարում հրետանավորներին կամ ռազմական օդաչուներին մաթեմատիկական գիտելիքներ հարկավոր չեն:

Պաշտպանության նախարարի ներկայացուցիչը դպրոցների տնօրեններին պատվիրեց, ուսումնական ինքնաձիգներից զատ, դպրոցներում ունենալ օդամղիչ հրացաններ, նաեւ՝ դպրոցականներին էքսկուրսիա տանել Ղարաբաղում տեղակայված զորամասեր: Թե ինչու չի կարելի աշակերտներին զինվորական գործին ծանոթացնել հենց Նոյեմբերյանի զորամասերում կամ ո՞վ կտա օդամղիչ հրացաններ գնելու կամ էքսկուրսիայի համար անհրաժեշտ գումարները՝ գեներալը չմանրամասնեց: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցները մինչ այժմ ոստիկանությունից ուսումնական ինձնաձիգներ չեն ստացել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել