Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում շտկել քաղաքական սխալը

Ապրիլ 30,2009 00:00

Ապրիլի 24-ի նախօրեին ներկայիս իշխանությունները ազգային անվտանգության, պատմական արդարության եւ երկրի ապագա զարգացման կարեւորագույն հարցերը կիսագաղտնի ու կասկածելի խաղարկումների առարկա դարձրին։

Ցանկացած քաղաքական պայմանագիր Թուրքիայի հետ պետք է լինի ազգային համաձայնության, լայն հասարակական քննարկման եւ մասնագիտական ռազմավարական վերլուծության արդյունք։

Փոխարենը կատարվում են սրբապղծությանը հավասարազոր սակարկումներ, որոնք պառակտում են ազգը երկրի ներսում եւ Սփյուռքում, չեզոքացնում են Հայոց հարցի միջազգային ճանաչմանն ուղղված սերունդների աշխատանքը, նսեմացնում Մեծ եղեռնի նահատակների սուրբ հիշատակը։ Սա տեղի է ունենում աննախադեպ քաղաքական լարվածության ու անվստահության, սոցիալական բեւեռացման, տնտեսական սուր ճգնաժամի եւ բարոյական անկման պայմաններում, երբ խաթարված է ազգի դիմադրողականությունը, եւ երկիրը լիովին խոցելի է արտաքին վտանգների առջեւ։

Ցեղասպանությունը ժխտող, Հայաստանի երկարամյա շրջափակումն իրականացնող, Արցախի ազատությունը մերժող Թուրքիայի թելադրած պայմաններով հարաբերությունների հաստատումը բերելու է ոչ թե խոստացած տնտեսական զարգացման, այլ նոր գաղութացման, ազգային արժեքների քայքայման եւ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար բազում այլ սպառնալիքների։

Տեղի է ունենում տարածաշրջանի քաղաքական փխրուն հավասարակշռության կտրուկ փոփոխություն, որի ընթացքում մեր իշխանավորները վտանգավոր խաղադրույքներ են անում՝ ի վնաս մեր ավանդական ռազմավարական դաշնակիցների եւ, ուրեմն, ի վնաս մեր երկարաժամկետ ազգային շահերի։

Նման անպատասխանատու եւ արկածախնդիր գործելակերպը հնարավոր դարձավ իշխանության ու ժողովրդի միջեւ տարիներ շարունակ խորացող օտարացման պատճառով, որի կիզակետը եղավ 2008 թ. մարտի 1-ի ողբերգությունը։

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին եւ կազմակերպություններին, որոնք պատասխանատվություն են զգում երկրի ճակատագրի համար, միավորվել ու պարտադրել իշխանություններին՝ անհապաղ շտկել այս կոպիտ քաղաքական սխալը կամ հեռանալ, քանի դեռ ուշ չէ։

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

կինոբեմադրիչ

ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

նկարչուհի

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ

բեմադրող

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

ազատամարտիկ, պարուսույց

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

դրամատուրգ

ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆ

թատերագետ

ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ

երգահան-երգիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930