Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչի պատմությունը

Ապրիլ 30,2009 00:00

Մենք՝ հայերս, Քրիստոսի խաչի հանդեպ բացառիկ սեր, հարգանք ու երկյուղածություն ունենք: Քրիստոնյաներս պատվում ենք խաչը, որովհետեւ դրա արժեւորության աղբյուրը Քրիստոսն է: Խաչի հանդեպ սերն ու հարգանքը բխում է Աստծուց եւ վերադառնում է դեպի Աստված: Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշ՝ մատնանշելով նաեւ Քրիստոսի ներկայությունը: Սակայն մինչ քրիստոնեության խորհրդանիշ լինելը՝ այն եղել է մարդկության հայտնագործած մահապատժի գործիքներից ծանրագույնն ու ամենաանմարդկայինը:

Հին աշխարհում խաչելը՝ որպես պատիժ, կիրառվել է Հռոմեական կայսրության մեջ՝ ավազակների, ապստամբ գերիների կամ ծանր հանցագործների նկատմամբ: Խաչը անիծյալ ու մահացու գործիք էր, իսկ դրան դատապարտվածը՝ անարգանքի ու նախատինքի արժանի: Հիսուս Քրիստոսն էլ անարգվեց մարդկանցից, խաչվեց եւ մահացավ խաչի վրա: Սակայն երբ Հարություն առավ, խաչն այլեւս մահվան խորհրդանիշը չէ, այլ կյանքի, հարության, հաղթանակի: Ս. Խաչը Քրիստոսի կենարար արյամբ պատժի նյութական գործիքից բարձրացավ մինչեւ քրիստոնեական բարոյական կյանքի խորհրդանիշ, իբրեւ հրաշագործ ուժ՝ չարի դեմ: Խաչն ունի հետեւյալ խորհուրդը. ներքեւի մասն ավերում է դժոխքը, վերեւինը բացում է երկնքի արքայության դռները, աջ թեւը պարգեւներ է բաշխում, ձախը դատապարտում է մեղավորներին: Խորիմաստ ըմբռնում ունի Քրիստոսի կենարար խաչը Հայ եկեղեցու ավանդության մեջ: Հայաստանյայց առաքելական եկեղեցին Ս. Խաչը ներկայացնում է ծաղկած, որը կոչվում է էջմիածնական ծաղկյալ խաչ:

Ընդհանրապես Տիրոջ մարմնին հպված կամ Տիրոջ տնօրինության հետ կապված բոլոր առարկաները սուրբ եւ նվիրական են քրիստոնյաներիս համար եւ ունեն օրհնող, բժշկող յուրահատուկ զորություն: Սակայն առավել քան նվիրական է Տերունական Խաչը՝ իբրեւ փրկության միջոց, մահվան պարտությունն ազդարարող նշան, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր…

Հայ առաքելական եկեղեցին նշում է նաեւ Խաչվերաց տոնը, որը հինգ տաղավար տոներից է ու նշվում է սեպտեմբերի 14-ին մերձակա կիրակի օրը, այսինքն՝ սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:

Տոնի կիրակի երեկոյան կատարվում է Ս. Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն՝ ռեհանով ու ծաղիկներով զարդարված Խաչը հանդիսավոր թափորով դուրս է բերվում եկեղեցու բակ: Զարդարված Խաչով թափորապետը խաչակնքում ու օրհնում է հավատացյալ ժողովրդին՝ բարեկարգություն եւ խաղաղություն հայցելով Աստծուց, եւ վարդաջուր օծում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը, որից հետո ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են մասնակից ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել