Անքնությամբ տառապում են շատերը, իսկ դրա իրական պատճառները հավանաբար հայտնի են շատ քչերին: Բայց եթե մարդը քնելու հետ կապված խնդիրներ է ունենում՝ չպետք է անմիջապես դիմել բժշկի կամ օրական մի քանի դեղահաբ «ըմբոշխնել»: Պետք չէ քնաբեր խմել ու անկենդան մարդու պես պառկել, հատկապես այն դեպքում, երբ ձեր կողքին մի համակրելի տղամարդ (կամ հմայիչ կին) է պառկած: Անքնությունից խուսափելու համար ավելի կարեւոր է հասկանալ՝ ինչից է այն առաջացել:
Անքնության վերաբերյալ տարբեր բժիշկներ տարբեր կարծիքներ են հայտնում: Ոմանք համոզված են, որ անքնությունը, հավանաբար, գերհոգնածության հետեւանք է ու պետք է մի քանի օր հանգստանալ: Որոշ բժիշկներ էլ խորհուրդ են տալիս դիմել թերապեւտին, որովհետեւ հնարավոր է, որ դա ստենոկարդիայի, խոցային հիվանդությունների, գաստրիտի, պանկրեատիտի ցավային ախտանիշների պատճառով լինի։ Բժիշկների մի մասն էլ այն կարծիքին է, որ դա հաճախ պատահում է հեռավոր երկրներում հանգստանալու կամ գործուղումների պատճառով ժամային գոտիները փոխելիս։ Այդ կերպ փոփոխվում է կենսառիթմերի աշխատանքը, ու օրգանիզմը շփոթում է գիշերն ու ցերեկը։ Քնի խանգարման պատճառ կարող են լինել նաեւ հորմոնային խանգարումները։ Իսկ անգլիացի սեքսոլոգներն էլ եկել են այն եզրահանգման, որ անքնության հիմնական պատճառը երբեք սեքսով չզբաղվածների մոտ սեռական հարաբերությունների պակասն է, իսկ նրանց մոտ, ովքեր ապրում են նորմալ սեռական կյանքով՝ պարբերաբար ընդհատված կամ կիսատ թողած սեռական հարաբերությունները: Սովորաբար ընդհատված սեռական հարաբերության մեթոդին դիմում են այն զույգերը, որոնք այդ կերպ փորձում են խուսափել անցանկալի հղիությունից: Բայց հետազոտությունները ցույց են տվել, որ այս մեթոդը ոչ միշտ է արդյունավետ լինում: Բացի այն, որ, դիմելով ընդհատված սեռական հարաբերության մեթոդին, կանանց ոչ միշտ է հաջողվում խուսափել անցանկալի հղիությունից, զուգընկերների մոտ նվազում է սեռական զգացողության սրությունը, այն նաեւ առաջացնում է անքնություն: Սեքսոլոգները ոչ մի դեպքում չեն խրախուսում սեռական հարաբերության կիսատ թողնելը, իսկ դա հաճախ լինում է այն դեպքերում, երբ զուգընկերներին ամենաթեժ պահին խանգարում է, ասենք, նույն սենյակում քնած երեխայի լացը, անսպասելի հեռախոսազանգը եւ այլն: Իսկ բոլոր այն մարդկանց, ովքեր դեռեւս չեն ապրել սեռական հարաբերության բերկրանքն ու տառապում են անքնությամբ՝ սեքսոլոգները խորհուրդ են տալիս ազատվել այդ անցանկալի երեւույթից՝ նորմալ սեռական կյանքով ապրելու միջոցով:
Չբավարարված քունը ազդում է առողջության վրա: Իսկ լիարժեք քունը առողջության գրավականն է, որի կարեւորագույն բաղադրիչներից է նորմալ սեռական կյանքով ապրելը: