Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՌԱԲԱՆՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ

Ապրիլ 30,2009 00:00

Հանուն Հայաստանի՝ պատրաստ է նույնիսկ զենք վերցնել

«Չնայած մարդիկ այստեղ այնքան էլ լավ չեն ապրում, բայց փոխարենը՝ մեծ սիրտ ունեն»,- ասում է ֆրանսահայ Փոլ Ժակոտենը, ով ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Այն, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հայերը տարբերվում են միմյանցից, դա բնական է, սակայն կա մի ընդհանուր բան. հայերը իրենց տուն մտնողին մինչեւ չհյուրասիրեն՝ չեն թողնի, որ գնա»,- հպարտանում է Փոլը, որի մայրը հայ է, իսկ հայրը՝ ֆրանսիացի: «Իմ մեջ ավելի շատ հայկական արմատներն են խոսում: Ես սկսել եմ ապրել Հայաստանով: Մայրս ժամանակին լավ հոգ է տարել այդ մասին՝ ինձ հայեցի դաստիարակություն տալով: Իհարկե, չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր թողնում ու հեռանում են մեր երկրից, բայց կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ Հայաստանը ոտքի չի կանգնում»,-կարծում է նա: Մեր զրուցակցի փոխանցմամբ, տասնհինգ տարեկանից սովորել է Մարսելի գիմնազիաներից մեկում, այնուհետեւ ավարտել կինեմատոգրաֆիական ակադեմիան: Փոլն իր դպրոցական տարիները անցկացրել է հայկական դպրոցում: Եվ հենց այս տարիներից է նրա մեջ ցանկություն առաջացել Հայաստան գալու, հայրենիքը տեսնելու: Նա Հայաստանում արդեն երրորդ անգամ է: Ըստ նրա. «Մեծ հուզմունք կար իմ ներսում, երբ առաջին անգամ մտա իմ երկրորդ հայրենիքը: Առաջին անգամ պետք է տեսնեի տատիս ու պապիս, որոնց իսկապես շատ սիրեցի եւ նրանց հետ այժմ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Հայաստան գալով՝ ուզում էի ամեն տեղ լինել, ամեն ինչ իմանալ իմ երկրի մասին»: Չնայած երկար ժամանակ չէ, որ Փոլը Հայաստանում է, սակայն, իր գնահատմամբ, ավելի լավ է ճանաչում հայրենի բնությունը, քան տեղի որոշ հայեր: Ամենամեծ տպավորությունը ստացել է Մատենադարանում եւ Էջմիածնում: Ապշած է՝ այդ աստիճան հին ձեռագրեր տեսնելով. «Երազանքս էր լինել Արցախում: Վերջերս գնացի եւ մեծ տպավորություններով վերադարձա. հրաշք էր»:

Փոլն արդեն շատ ընկերներ ունի այստեղ եւ գնահատում է հատկապես նրանց նվիրվածությունը: Իսկ ֆրանսիացի ընկերներին արդեն հոգնեցրել է Հայաստանի մասին իր պատմություններով ու հասցրել Հայաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ: «Այնքան եմ պատմել, որ արդեն ասում են՝ գանք տեսնենք քո Հայաստանը, որ մեզ հանգիստ թողնես…»,- պատմում է Փոլը:

Փոլին հաճախ կարելի է տեսնել զինվորական համազգեստով եւ հայկական դրոշը վզին կապած: «Դրանով ուզում եմ արտահայտել ուժեղ Հայաստան ունենալու իմ մեծ ցանկությունը»,- ասում է նա եւ ավելացնում, որ եթե պետք լինի, զենք էլ կվերցնի ու կպաշտպանի հայրենիքը: «Ասածս թող մեծախոսություն չթվա, բայց այսօր ես մեծ հայրենասիրությամբ եմ լցված եւ հանուն մեր հայրենիքի՝ պատրաստ եմ շատ բաների: Պարզապես կուզեի, որ մեր հայ ժողովուրդը ավելի հաճախ ժպտար ու ավելի սիրալիր լիներ իր ազգակիցների հետ: Բայց դա էլ ժամանակի խնդիր է»,- նշում է նա:

Փոլը ապագայում պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նրա խոսքերով. «Այստեղ մի փոքրիկ բիզնես ունեմ: Ճիշտ է, Հայաստանում դժվար է առաջ գնալը, բայց գոնե հնարավոր է»: Նա պարտադիր եւ անհրաժեշտ է համարում հայ աղջկա հետ ամուսնանալը եւ արդեն կատարել է իր ընտրությունը:

Փոլը շատ է սիրում հայկական խոհանոցը, հատկապես՝ տոլման ու հարիսան: Հայկական ֆիլմերից էլ սիրում է «Ինչու է աղմկում գետը» եւ «Կարոտը», քանի որ այս ֆիլմերն էլ նրան հայրենասիրություն են ներշնչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել