Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ պիտի ունենանք…»

Ապրիլ 30,2009 00:00

Ամերիկահայ Հովսեփ Թոքաթը կոչ է անում տեր կանգնել ազգային արժեքներին

Վերջերս նորից թերթում էի ամերիկահայ Հովսեփ Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատանքը: Ինչպես հեղինակն է խոստովանում՝ «արվեստաբան չլլալով հանդերձ», փորձել է պաշտպանել այն արժեքները, որոնք «կը յափշտակուէին Հայու ձեռքէն ու կը վերագրուէին օտարներուն», իրողություն, որը, ցավոք, եզակի երեւույթ չէ մեր մշակույթի պատմության մեջ: Հիշյալ պարագայում խոսքը մեր հարեւանների կողմից հայոց մշակույթը սեփականացնելու, յուրացնելու մշտապես իրականացվող քաղաքականության մասին է: Այս առումով հեղինակի աշխատանքն անգնահատելի է, քանի որ այն գրված է նաեւ անգլերեն, ինչը անգլիալեզու ընթերցողին հնարավորություն է տալիս ծանոթանալու Վանի եւ շրջակայքի հայ արծաթագործությանը, դրա առանձնահատկություններին եւ արհեստագործական հմտություններին, բարձրարվեստ ստեղծագործություններին: Հայոց մշակութային ժառանգության գանձարանում Վանի արծաթագործությունը միայն մի փոքրիկ հատված է, մի կաթիլ ջուր՝ օվկիանոսում: Մինչդեռ հայրենի երկրում քանի՜-քանի նման աշխատանքներ տարիներով փոշոտվում են մեր գիտնականների դարակներում՝ սպասելով իրենց հովանավորին կամ հրատարակման ժամանակին, իսկ քանի՜-քանիսը՝ համաշխարհային հանրությանը ներկայացնելու ցանկալի պահին… Տպավորությունն այնպիսին է, թե պետությունը, ազգայինը մերը չէ, լոկ պետական պաշտոնյաներինն է, իսկ յուրաքանչյուրս՝ դրանցից դուրս ենք, անկախ:

Նորից դառնալով Հ. Թոքաթի աշխատանքին, փաստենք, որ այնտեղ հեղինակը խիստ շահավետ միտումով փորձել է «Հայկական մշակոյթի ընդհանուր ծիրէն ներս գնահատելու» Վանի արծաթագործությունը՝ օտար ընթերցողին ծանոթացնելով հայոց պատմությանն ու մշակույթին, նրան շանս տալով ներկայացված փաստերն ու երեւույթները գնահատելու ընդհանուր՝ տարածաշրջանային պատմամշակութային զարգացումների շրջանակում, ըմբռնելու հայոց մշակութային առանձնահատկություններն ու դրանց ձեւավորման եւ զարգացման նախադրյալներն ու պայմանները: Այս տեսանկյունից արդեն միանգամայն հասկանալի են հայ վարպետների ձեւափոխված, հաճախ՝ խեղված անուն-ազգանունները, օտարալեզու դրոշմները, գործունեության օտար վայրերը, գեղազարդման ազդեցությունները եւ գոյատեւման ու մրցակցության բնականոն պայքարի եւ զարգացման արդյունքում պարտադրված այլ իրողություններ: Հովսեփ Թոքաթի խիզախմանը մեծապես նպաստում եւ առավել արտահայտչականություն, գրավչություն է տալիս աշխատանքի ներկայացման ալբոմային բնույթը:  Հեղինակը ներկայացված պատկերներով ուրվագծում է հայոց արծաթագործության եւ ոսկերչության բնագավառում կիրառվող գեղազարդման արվեստի ակունքներն ու հազարամյակների ընթացքը՝ սկսած Քարաշամբի պեղումներից հայտնաբերված մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող արծաթյա գավաթից: Նա խոսում է հայ վարպետների կողմից օգտագործած տեղական հումքի, նյութերի, դրանց համադրությունների ու գեղարվեստական լուծումների, արտադրանքի տեսականու, իրացման լայն շրջանակի, գործունեության կենտրոնների ու դպրոցների, վարպետների հայտնի տոհմերի, գոյատեւման ծանր պայմանների եւ այլնի մասին:  Հեղինակը մասնավորապես կանգ է առնում սեւադապատման տեխնիկայի վրա՝ փաստելով այդ հմտության կատարելության հասած մակարդակը Վանում, ինչը նպաստել է տեխնիկական այդ եղանակի՝ որպես հայկականի, հետագա տարածմանը հարակից երկրներ: Թոքաթը մանրամասնորեն ներկայացնում է ոչ միայն Վանում եւ հարակից շրջաններում գործող արհեստանոցները, դրանց հիմնադիրներին, հայտնի վարպետներին, նրանց դրոշմներն ու բարձրարվեստ աշխատանքները, այլեւ նրանց հետագա տեղաշարժերը, շուրջ երկու տասնյակ երկրներում նրանց գործունեությունն ու հայոց ոսկերչական եւ արծաթագործական հմտությունների զարգացման գործում ունեցած ներդրումը: Որքան ցանկալի կլիներ՝ հեղինակի փորձն օրինակ ծառայեր ժամանակակից հայ մեծահարուստներին՝ հովանավորելու նմանատիպ հետազոտությունների հրատարակումը, եւ մեր էթնիկ ներուժը հնարավորինս խթան դառնար հայոց մշակութային ժառանգության պաշտպանության գործին, ժառանգություն, որն ամբողջականացնող շատ արժեքներ, ինչպես Հովսեփ Թոքաթն է ասում «…զիս կը մղեն հետազօտութեան, եւ կամքս կը զօրացնեն՝ ջանալ անմահ պահելու անունները այն հրաշագործ վարպետներուն, որոնց տաղանդը բաւարար չեղաւ իրենց կեանքը փրկելու՝ այդ դաժան օրերուն»: Առավել ցանկալի կլիներ, եթե «այդ դաժան օրերուն» ճանաչմանը նպատակաուղղված մեր «առօրյա» պայքարում չմոռացվեին հայոց շատ արժեքներ, որոնք, ցավոք, օտարների կողմից սեփականացվում են, ու ապագայում կարող են եւ մերը չհամարվել: Այս պարագայում խիստ հրատապ եւ արդիական են հնչում Հ. Թոքաթի խոսքերը՝ «եթե տեր չկանգնինք մեր արժէքներուն, ապագային ոչինչ պիտի ունենանք»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել