Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մանկավարժական» հնարքներ

Ապրիլ 30,2009 00:00

Կամ ինչ չպետք է անի ռեկտորը

Բուհերի մի մասն իրեն կից քոլեջ ունի, որոնց շրջանավարտները տվյալ բուհն են ընդունվում՝ շրջանցելով ընդունելության կենտրոնացված քննությունները, հարցազրույցների կամ էլ տվյալ բուհի կողմից կազմակերպված ընդունելության քննությունների միջոցով: Բուհին է վերապահված նաեւ հեռակա բաժանմունքի ընդունելության քննությունների կազմակերպումը: Եթե սրան ավելացնենք ուսանողների՝ բուհից բուհ, ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու կարգի լիբերալացումը՝ «հիմնավորված» Բոլոնիայի հռչակագրի սկզբունքներով, եւ հայկական հնարամտությունը, ապա ակնհայտ են դառնում այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք իր մեջ պարունակում է վերոհիշյալ հռչակագրի «ուսանողների շարժունակության խթանում» դրույթի իրագործման հայկական տարբերակը:

Խոսենք կոնկրետ օրինակներով: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) մշտապես «հեռակա» ուսանողներին առկա ուսուցման են տեղափոխում՝ կանոնակարգի կոպիտ խախտումներով: Հիշեցնենք, որ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության առկա ուսուցման բաժին են տեղափոխվել անգամ մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժանմունքի ուսանողներ, որոնք ընդունելության քննություններ են հանձնել միանգամայն այլ առարկաներից՝ մաթեմատիկայից եւ ֆիզիկայից («Առավոտ», 22.03.2007թ.): ՀՊՄՀ դասախոսները հաճախ են նեղսրտում, որ մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետներ են ընդունվում դիմորդներ, որոնք չեն կարողանում թվաբանական գործողություններ կատարել կոտորակների հետ: Կամ ՀՊՄՀ-ում պետական քննությունից «անբավարար» ստացած բազմաթիվ ուսանողների գնահատականները երկու օրից հեշտությամբ դառնում են «բավարար» («Առավոտ», 22.03.2007թ.):

ՀՊՄՀ-ում ընդունելության քննությունների գործընթացը տարիներ շարունակ «վստահվում» է միեւնույն մարդկանց՝ Սպարտակ Փալիկյան, Առաքել Հովհաննիսյան: Վերջինս 1,5 հաստիքով դասախոսական աշխատանքը զուգակցում է 020 մասնագիտական խորհրդի գիտքարտուղարի պաշտոնի հետ: Արդյունքում՝ որակապես թարմացված զգեստապահարան, «տրաքած» 06-ի փոխարինում արծաթագույն «Ֆոլքսվագենով» եւ այլն:

Այլ խոսակցության թեմա են ՀՊՄՀ-ի մասնաշենքերում վերջերս կատարված անորակ շինվերանորոգման աշխատանքները. ստվարաթղթե «եվրոդռները»՝ շարքից դուրս եկած բռնակներով, ջեռուցման մարտկոցների անջատումը համակարգից, ներկումը հակառակ՝ չներկված կողմից, եւ նորից միացվելը համակարգին՝ ստեղծելով հին մարտկոցները նորով փոխարինելու պատրանք եւ այլն: Ամենահասարակ փորձաքննությունն անգամ կհաստատի, որ տեղակայված «նոր» մարտկոցները «տառապում» են տասնամյակների ընթացքում կուտակված նստվածքով ու ժանգով եւ բացարձակապես պիտանի չեն շենքը տաքացնելու համար:

Ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ձեռնարկած որոշ քայլեր բացառիկ են ՀՊՄՀ ողջ տարեգրության մեջ: Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, ֆիզիկատեխնոլոգիական ֆակուլտետներից հեռացման ենթակա 70-ից ավելի ուսանողների համար անցյալ տարի կազմակերպվեցին լրացուցիչ քննություններ հանրահաշիվ, երկրաչափություն, տոպոլոգիա եւ դիֆերենցիալ երկրաչափություն ու այլ առարկաներից, համաձայն ռեկտոր Ա. Ղուկասյանի բանավոր ցուցումի՝ «…այնպես, որ հիմնական դասախոսները չմասնակցեն»: Ու ոչ մի հիմնավորված բացատրություն հիմնական դասախոսները՝ բարձրագույն հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտորներ Սամվել Հարությունյանը եւ Գուրգեն Ղուլղազարյանը, դոցենտ Վանյա Մխիթարյանը, այդպես էլ չստացան: Մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Լեւոն Արաբաջյանը, չլինելով վերոհիշյալ առարկաներից եւ ոչ մեկի մասնագետը, գրչի մի հարվածով բոլոր ուսանողներին նշանակեց «բավարար»: Փոքրիկ ուսումնասիրությունից անգամ պարզ կլինի, որ այս ուսանողների մեծ մասը ՀՊՄՀ է ընդունվել՝ շրջանցելով ընդունելության կենտրոնացված քննությունները: Համոզված չենք, թե ռեկտոր Ա. Ղուկասյանի եւ դեկան Լ. Արաբաջյանի այս «սրտացավ» վերաբերմունքի ենթատեքստը՝ դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու մտահոգությունն է: Մարսելով այս «փորձանքը», ռեկտոր-դեկան զույգը կատարեց մի «ինքնատիպ» քայլ եւս: Համաձայն ռեկտորատի կողմից հաստատված 2007-08 ուստարվա դասաբաշխման՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Ս. Հարությունյանի ծանրաբեռնվածության մեջ էր մտնում նաեւ մասնակցությունը պետական քննություններին՝ 66 ժամ: Բայց քանի որ «Ղուկասյան-Արաբաջյան սանդղակում» Ս. Հարությունյանն ունի «շատ վատ վարկանիշ»՝ կաշառք չի վերցնում, միջնորդություններ չի ընդունում, ուստի ռեկտորը վերջինիս զրկեց պետական քննություն ընդունելու իրավունքից՝ նրա փոխարեն հանձնաժողովի կազմում հրամանագրելով դրսից հրավիրված մի դոցենտի (հասկանալի է՝ ժամավճարային հիմունքներով եւ ֆինանսական կարգապահության խախտումով):

Արատավոր է նաեւ Արտուշ Ղուկասյանի կազմակերպչական-կադրային քաղաքականությունը: Տարիներ շարունակ չեն անցկացվում մի քանի տասնյակ ամբիոնների վարիչների մրցույթներ. բուհի այդ կարեւորագույն օղակների ղեկավարումը նա թողնում է իր ֆավորիտ պաշտոնակատարների վրա: Ռեկտորի կամայականությունների դրսեւորումներից է աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի սահմանումը: Բավական է համեմատել վարչական ապարատի եւ դասախոսական կազմի աշխատավարձերը: Օրինակ՝ պրոռեկտորի ինչպես օգնականի, այնպես էլ քարտուղարուհու աշխատավարձը մոտ 1,5 անգամ ավելի է, քան դոցենտինը, էլ չենք խոսում զանազան բաժինների ու վարչությունների պետերի, գլխավոր հաշվապահի ու պրոռեկտորների եւ հենց իր՝ ռեկտորի աշխատավարձերի մասին: Դրանք մի քանի անգամ գերազանցում են պրոֆեսորների ու դոցենտների աշխատավարձերը:

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնում Արտուշ Ղուկասյանի 7-ամյա գործունեության վերլուծության հիման վրա կարելի է գիրք գրել՝ «Ինչպես չպետք է աշխատի բուհի ռեկտորը»: …

Մեր հասարակության մի փոքր մասի՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ նոր իշխանությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը այսօր էապես կախված է նրանից, թե իշխանությունն ինչ գնահատական կտա ՀՊՄՀ ռեկտոր Ա. Ղուկասյանի գործունեությունը: Մանավանդ՝ կառավարության ծրագրի նպատակներից է «հասարակության եւ իշխանությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը»՝ մի շատ կարեւոր դրույթ, որի իրականացումը պայմանավորված է կոնկրետ ու վճռական գործողությունների գնալու՝ քաղաքական կամքի դրսեւորման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել