Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆ ԷՐ

Ապրիլ 30,2009 00:00

\"\"Լրանում է Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը

Անցյալ դարի կեսերին Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում տեղի ունեցավ մի նշանակալի նորություն, որի դրական հետեւանքները զգացվում են մինչեւ այսօր: Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովի անունը կրող Երեւանի պետական համալսարանում բացվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն իր կարճատեւ գոյության ընթացքում՝ 1945-53թթ., թեեւ ունեցավ ընդամենը չորս ավարտական կուրս, սակայն խոր հետք է թողել մեր հանրապետության պետական, հասարակական-քաղաքական եւ գիտական-մշակութային կյանքում: Նորությունն այն էր, որ առաջին անգամ պետական մակարդակով եւ պետական ծրագրով խնդիր դրվեց Խորհրդային Հայաստանի համար պատմաբանների, բանասերների, իրավաբանների, փիլիսոփաների, տնտեսագետների եւ այլ մասնագիտությունների կողքին, որոնք Հայաստանի համար ավանդական ուղղություններ էին, պատրաստել մասնագետներ, ազգային կադրեր՝ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտների համար: Դա ժամանակի պահանջն էր, որի վերաբերյալ հանրապետության կառավարությունը հեռատեսորեն ընդունեց հատուկ որոշում:

Մանդատային-քննական խիստ ընտրակարգով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը համալրվեց մեկ հարյուրից ավելի շնորհաշատ ուսանողներով, որոնք մեծ նվիրումով իրենց պատրաստում էին ապագա դիվանագիտական գործունեության համար: Նրա ընդերքում ձեւավորվեց մի կորիզ, որն արտակարգ ընդունակություններ ցուցաբերեց մի կողմից օտար լեզուներին տիրապետելու, իսկ մյուս կողմից՝ միջազգային հարաբերությունների պատմությունը խորապես ուսումնասիրելու եւ դիվանագիտության գաղտնիքներին ու նրբություններին տիրապետելու բնագավառում: Այդ կորիզը կազմող ուսանողներն ուղղակի կլանում էին ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով այն տարիներին մատչելի մասնագիտական գրականությունը, խորապես ուսումնասիրում դիվանագիտության բնագավառում համաշխարհային մեծությունների՝ Նապոլեոնի, Թալեյրանի, Մետերնիխի, Բիսմարկի, Պալմերստոնի, Բալֆուրի, Կլեմանսոյի, Քերզոնի, Չիչերինի, Հելլի եւ այլոց գործունեությունն ու կենսագրությունը: Մենք՝ այդ ֆակուլտետի ուսանողներս, մեզ համար հայտնագործեցինք նաեւ նոր եւ նորագույն շրջանում հայ ականավոր դիվանագետների անուններ, ինչպես Մանուկ-բեյը՝ Ռումինիայում, Եգիպտոսի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Նուբար Նուբարյանը, Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Գաբրիել Նորատունկյանը, Մալքոմ խանը՝ Իրանում, Լեւոն Կարախանը՝ Խորհրդային Միությունում եւ շատ ուրիշներ, որոնք պատվավոր տեղ են գրավում դիվանագիտության պատմության մեջ:

Այդ կորիզի աչքի ընկնող դեմքերից էր նաեւ 1951թ. շրջանավարտ, «պատմաբան-միջազգայնագետի» մասնագիտությամբ դիպլոմավորված Ջոն Կիրակոսյանը, միակը ֆակուլտետի շրջանավարտներից, որը ճակատագրի բարեհաճությամբ հետագայում մոտ տասը տարի՝ 1975-85թթ., գլխավորեց Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ նա մասնագիտական կրթությամբ առաջին միջազգայնագետն էր, որ զբաղեցրեց Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնը:

Տարաբախտաբար, քաղաքական անբարենպաստ հանգամանքների բերումով այդ ֆակուլտետը երկար կյանք չունեցավ, իսկ նրա շրջանավարտների մեծ մասն ակամայից դուրս մնաց մասնագիտական ոլորտում իր գիտելիքները կիրառելու հնարավորությունից: Սակայն դա չխանգարեց, որ նրանց զգալի մասը, աշխատելով այլ բնագավառներում, բազմազան թելերով իր կապերը պահպանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության խնդիրների հետ եւ այդ կերպ, այդ ուղիով ծառայի իր հայրենիքին: Նրանց մեջ իր եռանդով, նպատակասլացությամբ, հետեւողականությամբ, ես կասեի՝ համարձակությամբ, առանձնանում էր Ջոն Կիրակոսյանը, որը զարմանալիորեն կարողանում էր աշխատանքն իր զբաղեցրած զանազան կուսակցական եւ պետական բարձր պաշտոններում հաջողությամբ համատեղել դիվանագիտության ոլորտին պատկանող գործունեության հետ: Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության պատմության հարցերի ուսումնասիրությունն իրոք նրա տարերքն էր:

Մինչեւ արտաքին գործերի նախարարի պաշտոնին անցնելը, Ջ.Կիրակոսյանն իր այդ նախասիրությունն իրագործում էր առավելապես գրչով, հեղինակելով բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ, որոնք առնչվում էին միջազգային դիվանագիտության խնդիրներին եւ այդ համատեքստում Հայկական հարցին կամ, ավելի ճիշտ, Հայկական հարցին՝ միջազգային դիվանագիտության բավիղներում: Նա 1954թ. մասնագետների դատին հանձնեց իր «Անգլիական ինտերվենցիան Իրանում (1918-21)» ուսումնասիրությունը, որի համար ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհուրդը նրան շնորհեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ երեք տարի անց նա ընթերցողի սեղանին դրեց հնդիկ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իր նոր աշխատությունը: Հետագա տարիներին աստիճանաբար նրա գիտական ուսումնասիրություններում կենտրոնական տեղ են գրավում հայ ժողովրդի պատմության նոր եւ նորագույն շրջանի, մասնավորապես՝ Հայկական հարցի լուսաբանության դիվանագիտական ասպեկտները եւ նա սահուն կերպով անցնում է այդ խնդիրների հետազոտությանը, ջանալով նորովի մոտեցում ցուցաբերել անգամ հանրահայտ խնդիրների նկատմամբ: Այդ ուղղությամբ առաջին հայտը հանդիսացավ նրա «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը» ծանրակշիռ ուսումնասիրությունը, որի համար նրան 1965թ. շնորհվեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Նրա թողած գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)» ժողովածուն, որի կազմողներից մեկն էր Ջ. Կիրակոսյանը: Նա միաժամանակ այդ ժողովածուի առաջաբանի հեղանակը եւ խմբագիրն է: Դժվար է գերագնահատել փաստաթղթերի այդ ժողովածուի կարեւորությունը հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող մի այնպիսի ժամանակահատվածի առարկայական ուսումնասիրության համար, ինչպիսին վերոնշյալ հարյուրամյակն էր: Իր թեմատիկայով նորություն էր պրոֆեսոր Ջ. Կիրակոսյանի «Բուրժուական դիվանագիտությունը եւ Հայաստանը» երկհատորյա ուսումնասիրությունը՝ իրականացված 1978-80 թթ., որը կարելի է համարել նրա գլուխգործոցը:

Դոկտոր Ջոն Կիրակոսյանի այդ աշխատությունները կարեւոր ներդրում են Հայաստանում միջազգային հարաբերությունների ուսումնասիրության գիտական ուղղության ձեւավորման եւ զարգացման մեջ:

Այդ աշխատանքներին զուգահեռ, Ջ. Կիրակոսյանի տեսադաշտից դուրս չէին մնում Խորհրդային Հայաստանին առնչվող զանազան արտաքին քաղաքական խնդիրները՝ այնքանով, որքանով դրանք թույլատրելի էին խորհրդային ամբողջատիրական համակարգի շրջանակներում: Դա այնքան էլ դյուրին գործ չէր եւ կապված էր մեծ ռիսկերի հետ, որին նա դիմում էր գիտակցաբար: Դրա լավագույն հաստատումը կարող է լինել հետեւյալ դրվագը, որը ցանկանում ենք ներկայացնել ստորեւ, հաշվի առնելով ոչ միայն դրա կարեւորությունը, այլ նաեւ այն հանգամանքը, որ դա հայտնի է մարդկանց շատ նեղ շրջանակի եւ տողերիս հեղինակն այն քչերից մեկն է, որ այսօր դեռ կարող է վկայել եւ պատմել այդ մասին:

Դա տեղի ունեցավ 1966 թ., երբ Ջ. Կիրակոսյանը զբաղեցնում էր Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը, իսկ ես աշխատում էի ՀՀ գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում՝ որպես բաժնի վարիչ: Նա ինձ զանգեց եւ ասաց՝ շտապ գամ Կենտրոնական կոմիտե, իր մոտ: Ես սովոր էի նման զանգերի, դա առաջին դեպքը չէր, երբ ինձ զանազան առիթներով հրավիրում էին Կենտկոմ՝ խորհրդակցությունների եւ զանազան փաստաթղթեր կազմելու: Մենք լինելով միեւնույն՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ, դեռ ուսանողական տարիներից մեր միջեւ հաստատվել էին ընկերական հարաբերություններ, որոնք պահպանվեցին մինչեւ վերջ, եւ այդ տարիներին մեկ անգամ չէ, որ մենք համագործակցել ենք տարբեր հարցերում, խորհրդակցել միմյանց հետ եւ քննարկել զանազան ծրագրեր:

Երբ ես գնացի Կենտկոմի շենք եւ մենք հանդիպեցինք նրա աշխատասենյակում, նա ինձ հայտնեց, որ Խորհրդային Միության նախարարների խորհրդի նախագահ Ա. Կոսիգինը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա եւ թուրքական կողմը նրա համար կազմել է մեծ ծրագիր, այդ թվում պսակադրում ոչ միայն Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, այլ նաեւ երիտթուրքական «Միություն եւ Առաջադիմություն» կուսակցության ղեկավար, 1915 թ. հայ ժողովրդի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթի գերեզմանին: Հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից 1921թ. Բեռլինում գնդակահարված Թալեաթի աճյունը այդ ժամանակ նոր էին Բեռլինից տեղափոխել Անկարա եւ մեծ շուքով վերաթաղել այնտեղ:

Նշենք, որ առաջին անգամ էր Խորհրդային Միության կառավարության ղեկավարը պաշտոնական այցով մեկնում Թուրքիա: Մինչ այդ, խորհրդային ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը եղել էր Թուրքիայում, Խորհրդային Միության ռազմահեղափոխական խորհրդի նախագահ եւ ռազմածովային ժողովրդական կոմիսար Մ. Ֆրունզեն էր, որը 1920-ականների սկզբներին այցելել էր Թուրքիա, իր հետ որպես օգնություն տանելով նշանակալի ֆինանսական միջոցներ ու զենք, հանդիպել եւ բանակցություններ վարել Քեմալ Աթաթուրքի հետ: Այդ ընթացքում նա լինում է թուրքական բանակի զորամիավորումներից մեկում եւ հանդես գալով թուրքական ասկյարների առջեւ, «անտեսելով» նրանց գործադրած ոճրագործությունները հայերի նկատմամբ թե՛ Արեւմտյան եւ թե՛ Արեւելյան Հայաստանում, մեծարում է նրանց՝ կոչելով «անատոլիական առյուծներ» («ՈվՈՑՏսՖրՍՌպ սՖՉօ»):

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել