Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերեզմանոցի սպասելիս

Ապրիլ 30,2009 00:00

Ապագա գյուղի բնակիչները չեն ուզում, որ Լուսագյուղի բնակիչները վերջին հարգրվան գտնեն իրենց գերեզմանոցում:

Արմավիրի մարզի Ապագա եւ Լուսագյուղ գյուղերը, պարզվում է՝ կիսելու բան ունեն, իսկ կիսելու առարկան՝ Ապագայի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցն է:

Չնայած անվանը, Ապագան հին գյուղ է՝ հիմնականում սասունցիներով բնակեցված: Սրա համեմատությամբ՝ Լուսագյուղն ավելի երիտասարդ է, որտեղ ապրում են Ապագայից Լուսագյուղ տեղափոխվածները: Ասել է թե՝ Լուսագյուղը Ապագայից սերած համայնք է: Ինչպես ցանկացած երկու հարեւան համայնքների պարագայում, Ապագայի եւ Լուսագյուղի դեպքում՝ առավել եւս, գյուղերի բնակիչները բարեկամական ու ազգակցական սերտ կապեր ունեն: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարում, որ բարեկամ գյուղերը վեճի թեմա եւ առարկա ունենան:

Երկու համայնքներն ունեն մեկ ընդհանուր գերեզմանոց, որտեղ հաշտ ու խաղաղ, տարիներ շարունակ հուղարկավորել են իրենց հանգուցյալներին: Բայց, չգիտես ինչու, ապագացիները որոշել են, որ այսուհետեւ «իրենց» գերեզմանոցից կարող են օգտվել միայն այն լուսագյուղցիները, ովքեր արդեն ունեն ընտանեկան գերեզմանոց, իսկ նորերի համար տեղ հատկացնել թույլ չեն տալու:

Թե ապագացիներն ինչո՞ւ են որոշել արգելել հարեւան լուսագյուղցիներին շարունակելու դեռեւս պապերից եկած կարգը՝ իրենց հողում գտնվող, սակայն ընդհանուր գերեզմանոցում թաղել հանգուցյալներին, մեզ հետ զրույցում պարզաբանեց մի լուսագյուղցի՝ խնդրելով չհրապարակել իր անունը. «Սա գյուղացիների կռիվը չէ: Սա նրանց կռիվն է, ովքեր գերեզմանոցի հարեւանությամբ սեփականաշնորհած հողեր ունեն: Թեկուզ գերեզմանն ունի իր հստակ քարտեզագրված տարածքը, բայց հողատերերը չեն ուզում, որ իրենց հողի եւ գերեզմանի բաժանարար գիծը շիրիմները լինեն»:

Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը լուրջ չհամարեց լուսագյուղցի մեր զրուցակցի մեկնաբանությունը: Նրա հավաստմամբ՝ վեճը եղել, բայց հարթվել-գնացել է: «Մարզպետի միջամտությամբ եւ երկու համայնքապետերի համաձայնությամբ հուղարկավորումներն Ապագայի գերեզմանոցում կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ Լուսագյուղին տրամադրված գերեզմանոցի տարածքը կարգի բերվի»,- ասաց փոխմարզպետը:

Ըստ նրա՝ տարիներ առաջ Լուսագյուղում գերեզմանոցի համար տարածք է առանձնացվել, բայց դրա հարեւանությամբ գտնվող լճակները բարձրացել, ողողել են հողերը՝ հուղարկավորության համար տարածքը դարձնելով ոչ պիտանի: «Հիմա տարածքի մաքրման, բարեկարգման ուղղությամբ աշխատանքներ ենք տանելու, որ մինչեւ աշուն այդ հարցը մեկընդմիշտ փակենք, եւ լուսագյուղցիներն իրենց հանգուցյալներին իրենց գյուղի տարածքում հուղարկավորեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել