Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵՂՈՒՏԻՆ «ԹԵՂՈՒՏԻՑ» ՕԳՈՒՏ ՉԿԱ՞

Ապրիլ 30,2009 00:00

Հանքավայրի շահագործման ծրագիրը ոչ բոլորի սրտով է

Դեռ 2008 թվականի մայիսի 3-ին Թեղուտի հանքավայրի բացման ծրագրի մեկնարկի ժամանակ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը առաջին հերթին ակնկալում էր համայնքի բյուջեի մուտքերի ավելացում, գյուղացիների կենսամակարդակի բարձրացում եւ համոզված էր. «Հայաստանի ամենահարուստ համայնքներից մեկը Թեղուտը կլինի, մյուսը՝ Շնողը»: Թեղուտ համայնքի 2008 թվականի բյուջեով եկամուտները պետք է կազմեին 27,8 մլն դրամ, փաստացի մուտքերը կազմել են 19, 1 մլն դրամ: Իսկ 2007 թվականին մուտքերը կազմել են 11,7 մլն դրամ: 2008-ին, նախորդ տարվա համեմատությամբ, 16 մլն դրամ եկամուտների աճը իրականում պայմանավորված է Թեղուտի հանքավայրը շահագործելու ծրագրով, սակայն ի վնաս գյուղի եւ գյուղացիների՝ Թեղուտի հողատարածքների նախատեսվածից ավելի օտարումով:

2007 թվականին հողի օտարումից համայնքի բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 323 հազար դրամ, 2008-ին հողի օտարումից, նախատեսված 14,6 միլիոնի փոխարեն, մուտքերը կազմել են 16,6 մլն դրամ:

2009թ. բյուջեի եկամուտներ պլանավորվել են 13,3 մլն դրամ՝ որը 2007թ.-ի համեմատությամբ, 1,6 մլն դրամով ավելի է: Բացատրությունը, ըստ գյուղապետի՝ «Ընկերությունը համայնքին հարկերի ու վարձավճարների տեսքով տարեկան վճարում է 1,2 մլն դրամ, մինչդեռ նախկինում գյուղապետարանի սեփական հարկային ընդհանուր եկամուտներն ու վարձակալության վճարները միասին 900 հազար դրամ էր, իսկ ֆիզիկական անձերից մուտքերը՝ մոտ 700 հազար դրամ: Այսինքն՝ սեփական հարկային եկամուտները հողի մասով շուրջ 2 մլն դրամ է կազմում, նախկին 900 հազարի դիմաց»:

Հարություն Մելիքսեթյանը տեղեկացրեց նաեւ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն բարեխիղճ հարկատու է եւ դրա արդյունքում 2009-ի առաջին եռամսյակի տվյալներով, համայնքի սեփական հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 84,7%, որը, ըստ նրա, մարզում ամենաբարձր ցուցանիշներից է: Սակայն տարվա առաջին եռամսյակն է միայն հետեւում մնացել, իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի հետագա ճակատագիրը դեռեւս անորոշ է՝ միջազգային տնտեսական ճգնաժամի արդյունքում ՎՏԲ բանկի կողմից ընկերությանը վարկի տրամադրումը գոնե այս պահին սառեցվել է: Թեղուտի գյուղապետը լավատես է. «Արդեն չորրորդ տարին է՝ հանքավայրի շահագործման ծրագիրը գյուղին աշխատատեղ է տալիս: Այս պահին ընկերությունում Թեղուտից 100 մարդ է աշխատում, այսինքն՝ 170 տնտեսությունից 100 աշխատող կա, աշխատավարձ ստացող: Ընկերությունը Թեղուտ համայնքից մոտ 61 հեկտար հող է օգտագործում, կան նաեւ վարձակալական հողեր՝ ավելի քան 50 հեկտար, դրանցից գանձվող վարձը նույնպես մտնում է համայնքի բյուջե»:

Ըստ գյուղապետի, Թեղուտի վարելահողերը՝ 65, իսկ խոտհարքները՝ 170 հեկտար են: «Մեր գյուղացիների ձեռքին այս պահին կա սեփականաշնորհված 37 հա վարելահող: Գյուղացիները այս հողերից մշակում են հազիվ 10-15%-ը»,- ասաց նա: Այսինքն՝ թեղուտցիները հազիվ 4 հա վարելահո՞ղ են մշակում: Թեղուտցի Վանուշ Նորեկյանը ունի դրա բացատրությունը. «Գյուղի վարելահողերի մի մասն է մշակվում, բայց ընդհանուր առմամբ՝ չէ: Որ աշխատում են՝ չեն կարողանում մշակել»: Հարություն Մելիքսեթյանը գտնում էր, որ Թեղուտի հողերը բերրի չեն, հետո մեծ թեքություն ունեն, կոմբայնը չի կարող աշխատել, ուստի հացահատիկի ցանքսը բացառվում է: «Հիմնականում մշակվում են էն հողերը, որոնք ջրովի են, գետի մերձակա տարածքները, որտեղ գյուղացիները զբաղվում են բանջարաբուծությամբ»,- բացատրեց գյուղապետը: Թեղուտցի Սուրեն Ճիճիլյանի կարծիքով՝ «Գյուղացու վիճակը ոնց որ միշտ եղել է, այնպես էլ կա՝ տխուր: Աշխատանքը չի բավարարում, չենք աշխատում: Կրթություն էլ ունեմ, տեխնիկում եմ ավարտել: Վարելահողեր էլ չունեմ, տարել են, էդ էլ են տարել: Դե, ծախիլը ո՞րն ա, տարել են: Համոզելով, բանով տարել են: Բա իհարկե էժան են տարել՝ մեկ քմ-ն՝ 36-37 դրամ: Մի կերպ ապրում ենք, էլի»:

Անցած չորս տարում «Վալլեքս» ընկերությունը Թեղուտում նաեւ սոցիալական ծրագիր է իրականացրել: 2008-ին 29,3 միլիոն դրամով վերանորոգել է գյուղի մշակույթի պալատի շենքը:

«Գյուղը խմելու ջրով ապահովված է 75-80%-ով: Պարենի համաշխարհային ծրագրով մեր 3 ջրագծերից 2-ը վերանորոգված է, եթե 3-րդ ջրագիծն էլ վերանորոգենք, ինձ թվում է՝ խմելու ջրի ապահովվածությունը կհասնի առավելագույնի»,- նկատեց գյուղապետը: Սրանով, սակայն, Թեղուտի հոգսերը չեն ավարտվի: Վերանորոգման լուրջ կարիք են զգում գյուղի մանկապարտեզը, դպրոցը, գյուղամիջյան ճանապարհները: Եվ ամենակարեւոր հարցը՝ գյուղացիների չդադարող աղքատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել