Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոզի գրիպից պաշտպանվա՞ծ ենք

Ապրիլ 30,2009 00:00

Ամբողջ աշխարհում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, մինչեւ 7 միլիոն մարդ կարող է մահանալ խոզի գրիպի համաճարակի դեպքում:

Որպեսզի վարակը մեր երկիր մուտք չգործի, այս օրերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում սահմանվել է շուրջօրյա սանիտարակարանտինային հսկողություն: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանի ներկայացմամբ՝ Մեքսիկայում ու ԱՄՆ-ում գրանցված խոզի գրիպի հենց առաջին դեպքերի մասին ահազանգ ստանալուն պես, օդանավակայաններում ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ. համաճարակի առումով բոլոր անապահով, անբարենպաստ երկրներից եկող չվերթները հստակեցվել են: Այս մասին գրում է «Ա1+ը»:

«Հենց ինքնաթիռը տվյալ երկրից տարանցիկ ուղիներով ՀՀ օդանավակայանում վայրէջք է կատարում, սահմանային անցումային կետի սանիտարական հսկողության խումբը բարձրանում է օդանավ եւ ուղեւորների շրջանում բժշկական քննություն անցկացնում: Առ այսօր մենք ոչ մի ջերմող հիվանդ չենք հայտնաբերել, ինչպես նաեւ՝ բոլոր այն ախտանիշները, որոնք բնորոշ են խոզի գրիպին՝ մեզ մոտ չեն եղել: Եթե հայտնաբերենք, ապա անմիջապես հենց տեղում կմեկուսացնենք»,- ասաց Գ. Սահակյանը: Ըստ Գ. Սահակյանի, մեր երկիրն ապահովված է խոզի գրիպի դեմ բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով:

Նշենք, որ մեր գյուղատնտեսության նախարարությունն արդեն արգելել է արտերկրից խոզի մսի ներկրումը: Իսկ ճանապարհային երթուղային կետերում երեկվանից հակահամաճարակային հսկողությունն ուժեղացվել է:

Մինչ օրս Մեքսիկայում խոզի գրիպից մահացել է 103 մարդ, 1614-ն էլ հիվանդ է եւ գտնվում է կլինիկաներում: ԱՄՆ-ում այդ հիվանդությամբ վարակվել է 20 մարդ, Կանադայում՝ 6 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել