Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՏԱՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ

Ապրիլ 30,2009 00:00

Երկու օր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած 77-ամյա Մարգարիտա Մելքոնյանն իր դարդն ու ցավը պատմելուց հետո՝ պատրաստվում էր գնալ կառավարության շենքի մոտ ու ինքնահրկիզվել:

Տիկին Մարգարիտան պայուսակից հանեց բենզինով լի շիշն ու պատմեց, որ որոշել է դիմել ծայրահեղ քայլի, քանի որ այլեւս չի կարողանում պետության պատճառով կուտակած «տոկոսների տակից» դուրս գալ:

Մոտ 3 տարի առաջ Երեւանի Ավան համայնքի Աճառյան եւ Ծարավ Աղբյուր փողոցներում շուրջ 9,400 քմ հողատարածք ճանաչվել է բացառիկ գերակա շահ եւ օտարվել: Այս հողատարածքի վրա դեռեւս խորհրդային տարիներից 28 տնտեսվարողներ սպասարկման օբյեկտներ են կառուցել, բիզնես ծավալել՝ այդ կերպ հոգալով իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները:

Հողատարածքն օտարելուց հետո, որոշ ժամանակ անց, այն աճուրդով վաճառվել է «Քառանիշ» ՍՊԸ-ին, որն էլ պարտավորվել էր մինչեւ այս տարվա հունվարի 1-ը իրացման աշխատանքներ կատարել եւ հողատարածքների սեփականատերերին փոխհատուցել: Սակայն «Քառանիշը» մինչ օրս ոչ միայն օտարման աշխատանքներ չի իրականացրել, այլեւ այս տարվա փետրվարի 17-ին հրաժարվել է նշյալ տարածքից, իսկ հողատարածքի ճակատագիրը մնացել է օդից կախված: Չնայած տարածքն օտարվել է, բայց այդտեղ գործում են սպասարկման օբյեկտներ: Մ. Մելքոնյանի որդու՝ Նիկոլայ Մելքոնյանի պատմելով, իրենց պատկանող 1500 քմ տարածքը ժամանակին ծառայել է ավտոկայանատեղի, իսկ օտարումից հետո չեն կարողանում այն օգտագործել, քանի որ օտարումն արել են, բայց ոչ փոխհատուցում են տվել, ոչ էլ թույլ են տալիս, որ այդ տարածքում որեւէ շինարարություն կատարեն. «Գործող օբյեկտները գոնե կարողանում են աշխատել ու օրվա հացի փող առնել, չնայած նրանց էլ է արգելված խանութը մեծացնել կամ բարեկարգել, իսկ իմ տարածքը լրիվ ամայի է: Ես դիմեցի քաղաքապետարան, որպեսզի այդ հատվածում մի բան կառուցեմ՝ մինչեւ փոխհատուցումը, սակայն մերժեցին: Մինչ օտարումը գնել էի տարածքը, որպեսզի բիզնես դնեմ: Հիմա չգիտենք՝ ի՞նչ անենք, ո՞նց յոլա գնանք: Ոչ կարողանում ենք վարձով տալ, ոչ էլ այլ կերպ աշխատեցնել»: Տիկին Մարգարիտայի խոսքերով, իրենք այդ հողը վարկով են գնել եւ այժմ, քանի որ պետությունը թույլ չի տալիս հողատարածքն իրենց ծրագրածի պես տնօրինել, հայտնվել են մեծ պարտքերի մեջ ու հսկայական «տոկոսների տակ են» ընկել. «Հիմա էլ պարզ չէ, թե ով է մեզ փոխհատուցելու: Գոնե քանի դեռ նոր գնորդ չկա՝ թույլատրեն կառուցապատում անենք»:

Նշենք, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի 16-րդ հոդվածն ասում է՝ եթե ձեռք բերողը սահմանված ժամկետում օտարվող սեփականության սեփականատիրոջը եւ գույքային իրավունք ունեցողին չի ուղարկում օտարման պայմանագրի նախագիծը կամ սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնում փոխհատուցման գումարը… ապա համարվում է, որ ձեռք բերողը հրաժարվում է տվյալ սեփականությունը ձեռք բերելուց, եւ տվյալ սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը համարվում են անվավեր:

Եվ քանի որ «Քառանիշը» սեփականատերերին ոչ պայմանագիր է ուղարկել, ոչ էլ փոխհատուցել, այս օրենքի հիման վրա հողատարածքների սեփականատերերը դիմել են քաղաքապետարան, որպեսզի թույլատրեն այդ հողատարածքում գործող իրենց խանութներն ու այլ օբյեկտները վերանորոգել եւ իրենց բիզնեսն առաջ տանել: Քաղաքապետարանից հողատարածքի սեփականատերերին պատասխանել են. «Ձեր կողմից բարձրացված այն հարցին, որ փոխհատուցման գործընթացի դանդաղեցումը լուրջ վնասներ է պատճառում՝ չեք կարողանում շարունակել բիզնեսը, գրավ դնել կամ վաճառել ձեր սեփականությունը, ապա հայտնվում է, որ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում գտնվող հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականության տնօրինման նման սահմանափակումներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն»: Նշենք, որ բնակիչները քաղաքապետարանին դիմել են՝ ոչ գրավ դնելու կամ վաճառելու թույլտվություն ստանալու համար, այլ ընդամենը իրենց օբյեկտները բարեկարգելու կամ նոր օբյկետ կառուցելու:

Տարածքի սեփականատերերից մեկն էլ՝ Լենդրուշ Փարսադանյանը, 16 քմ տարածքում ավտոյուղեր է վաճառում. «Հիմա չեն թողնում, թե գոնե այս հին խանութը նորոգեմ, որպեսզի հաճախորդ ունենամ, քանի որ համարվում է իրացված տարածք: Դե, ուրեմն թող փոխհատուցումը տան: Դա էլ չեն անում, մեզ տարիներով խաբեցին, թե կտանք, բայց հիմա էլ ասում են՝ ճգնաժամ է, չեն կարող փոխհատուցել: Մենք այս տարիների ընթացքում իրենց պատճառով բավականին մեծ վնասներ ենք կրել, իսկ դա ինչպե՞ս են փոխհատուցելու»:

Մեզ հետ զրույցում օբյեկտների տերերը նշեցին, որ փոխհատուցման գներն էլ մի քանի անգամ ցածր են հաշվարկել, ինչին իրենք միշտ դեմ են եղել. «Առաջ հարուստներից վերցնում՝ աղքատներին էին տալիս, հիմա հակառակն է, հասարակ ժողովրդից վերցնում՝ օլիգարխներին են տալիս»:

Երբ «Քառանիշ» ՍՊԸ-ն պաշտոնապես հրաժարվել է այդ տարածքում իրացման աշխատանքներ կատարել, բնակիչները կրկին դիմել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են՝ «Այդ տարածքը նախատեսված է միասնական նախագծով քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով, մեկ առանձին հատվածով, լոկալ բնույթի կառույցի տեղադրումը քաղաքաշինական առումով գտնում ենք ոչ նպատակահարմար»: Քաղաքապետարանի նման պատասխանից հետո սեփականատերերը պնդում են. «Թող մեզ տան իրենց հարմար նախագիծը, մենք բոլորս համախմբված դա կիրականացնենք»:

Թե ինչ ճակատագիր կունենա Ծարավ Աղբյուր եւ Աճառյան փողոցներում գտնվող օտարված տարածքը, «Առավոտը» փորձեց ճշտել Երեւանի քաղաքապետարանից, որտեղից էլ, հուրախություն բնակիչների, ասացին, որ վերոնշյալ տարածքի նկատմամբ կիրառված սահմանափակումը հանվել է, այսինքն՝ այդ տարածքն այլեւս օտարման գոտի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել