2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 6,1%-ի չափով տնտեսական անկումը «դժվար կլինի ետ շրջել»: Երեկ այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակը թերեւս հնարավոր կլինի փոքր-ինչ շտկել դրսից ստացվող ֆինանսական աջակցության շնորհիվ. «Հուլիսին մենք ակնկալում ենք ֆինանսական միջոցների ներհոսք, ինչը թույլ կտա մեղմել անկումը»: Ն. Երիցյանը հիշեցրել է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ զարգացած երկրների տնտեսությունների անկման գագաթնակետը կլինի այս տարվա վերջին: Նախարարի խոսքերով, Հայաստանն այն երկրների խմբում է, որոնք տնտեսության աճ կունենան միայն 2010 թվականից:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ն. Երիցյանը տեղեկացրել է նաեւ, որ հուլիսի 7-8-ը Երեւանում տեղի կունենա «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա» միջազգային կոնֆերանսը, որի ժամանակ կքննարկվեն ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառավարության քաղաքականությանը, հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետեւանքներին եւ այլ թեմաներին առնչվող հարցեր: