Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները:
Այդ ընթացքում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից իրացվել է 625,5 մլն խմ գազ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 11,2%-ով: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, այս տարի բնակչության կողմից սպառվող գազի ծավալները նվազել են 9,4%-ով: Գազի սպառման ծավալները նվազել են նաեւ էներգետիկայի եւ արդյունաբերության բնագավառներում: Ավելացել են միայն ավտոգազալիցքավորման ճնշակայանների կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 69,9 մլն խմ:
Նշենք, որ վճարած հարկերի չափով, «ՀայՌուսգազարդը» հանրապետության 300 խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում է: Ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսներին պետբյուջե է վճարել 3 մլրդ 395 մլն 529 հազար դրամ: